Առաջին անգամ իր պատմության 83 տարվա մեջ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր թատերաշրջանի բացման առթիվ մամուլի ասուլիս էր հրավիրել:
Թատրոնն այսուհետ իր առաջ նպատակ է դրել սերտացնել կապը զանգվածային լրատվամիջոցների հետ, թատրոնի գործունեությունը բոլորին տեսանելի դարձնել:
«Այսօր այս 83 տարվա պատմության մեջ առաջին անգամ նպատակ եւ խնդիր ունենք սերտացնել կապը զանգվածային լրատվամիջոցների հետ, թատրոնի գործունեությունը դարձնել բոլորին տեսանելի, թատրոնի ստեղծագործական խնդիրները, ձեռքբերումները հանրայնացնել, միեւնույն ժամանակ նաեւ օգտակար լինել լրատվամիջոցներին` մասնագիտական հայացքի ձեւավորման, մասնագիտական գնահատությունների համար: Մենք այս հարցում իսկապես խնդիր ունենք»,-ասաց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գրական մասի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ Լեւոն Մութաֆյանը:
Նա հավելեց, որ բացելով նոր` 83-րդ թատերաշրջանը, թատրոնն ամփոփում է նախորդ թատերաշրջանում կատարած աշխատանքները` ներկայացնելով նաեւ այս թատերաշրջանի ուրվագծերը, ձեւավորելով այսօրվա աշխատանքների տեսլականը:
«Թատրոնի կյանքում նաեւ այս թատերաշրջանը կարեւորագույն իրադարձությամբ է իմաստավորվելու. շատ երկար տարիների դադարից հետո թատրոնն այս տարի հյուրախաղերով հանդես կգա Վրաստանում»,-ասաց Լեւոն Մութաֆյանը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն էլ նկատեց, որ հարեւան Վրաստանում հյուրախաղերով հանդես գալը նպատակ ունի նշելու Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական եւ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնների 50-ամյա ստեղծագործական բարեկամությունը:
Կարդացեք նաև
«Մենք պատրաստվում ենք այս տարի նշել մեր երկու թատրոնների 50-ամյա ստեղծագործական բարեկամությունը, որովհետեւ արդեն 50 տարի է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը եւ աբելյանցիները սերտ բարեկամական, ստեղծագործական կապերի մեջ են: Այս տարիներին թե աբելյանցիներն են հյուրախաղերով բազմիցս եղել Թբիլիսիում, թե նրանք` Վանաձորում: Հյուրախաղերը կայանալու են հոկտեմբերի 14-15-16-ին»,-տեղեկացրեց Վահե Շահվերդյանը:
Նա, սակայն, ցավով նշեց, որ Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վթարային լինելու պատճառով հյուրախաղերը կկայանան Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի շենքում:
«Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի շենքն արդեն մեկ տարուց ավելի է` չի գործում, խիստ վթարային վիճակում է, եւ, ցավոք, դեռ պարզ չէ` երբ կսկսվի վերանորոգումը, այդ պատճառով մեր հյուրախաղերը կկայանան Գրիբոյեդովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի շենքում: Փոխադարձ հյուրախաղերով Գրիբոյեդովի թատրոնը հանդես կգա Երեւանում`Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում»,-եզրափակեց Վահե Շահվերդյանը:
Հյուրախաղերի ազդագիրն է` Վիլյամ Շեքսպիրի «Արքա Լիր»-ը, Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի»-ն, եւ Արմեն Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտ» պիեսը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Խեղճ աբելյանցիներ, տեսեք ով է հարցազրույց տալիս? Կամ ինչ երեսով?
Թատրոնի մեջ թատրոն մի խաղացեք: Կործանեցիք էդ Վանաձորի թատրոնը, էդ ինչեր են կատարվում, դարձել է սկանդալային թատրոն, առանց գլխավոր նկարիչի, էդքան խախտումների բացահայտումներ եղան:
Հասմիկ ջան, որ ոմանք իմանային երեսն ինչ է, լավ կլիներ:
Կարդացեք Վրույր Հարությունյանի հարցազրույցներն ու հոդվածները, և կիմանաք ճշմարտությունը: Լրագրողուհուն արժի ժամանակին դիմել: