Այսօր, երբ Ազգային ժողովում քննարկվում էր նիստերի օրակարգը եւ հանձնաժողովների կողմից մի շարք օրինագծեր մեկ տարով հետաձգելու առաջարկը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Իշխանությունները առաջնահերթությունների մասին իրենց պատկերացումների շրջանակներում ձեւավորել են աշնանային նստաշրջանի օրակարգ: Կա մի հարց, որն այսօր ամենաճակատագրական հարցն է: Այնքան կարեւոր, որ բացը լրացնելու համար ԱԺ կանոնակարգի համաձայն, պահանջում ենք, որ անհապաղ հրավիրեն ԱԺ լսումներ՝ այդ անհետաձգելի հարցով: Այս առաջարկն անում եմ Քառյակի անունից: Խոսքը արտագաղթի մասին է: Երկրից, համաձայն պաշտոնական վիճակագրության, 2008-2013-ին հեռացել է 212 հազար մարդ: Տարեկան միջինը 41 հազարի մակարդակի է հասել: Երկրի քաղաքական ուժերը պարտավոր են բաց քննարկումներ սկսել արտագաղթի մասին»:
Նա առաջարկեց՝ «Եթե ասելու բան ունեք խնդրի մասին՝ եկեք բաց քննարկում անենք»:
Գալուստ Սահակյանն այս առաջարկին ոչ մի կերպ չարձագանքեց:
Այնուհետեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հանդես եկավ խնդրանքով. «Արտագաղթի խնդիրը իշխանության կամ ընդդիմության խնդիր չէ: Այս հարցը լուրջ հետեւանքներ ունի եւ կարող է ունենալ: Մենք այս ընթացքում լուրջ ուսումնասիրություններ ենք արել, խնդրում ենք հնարավորություն ստեղծել, որ այդ ուսումնասիրությունները հասու դառնան բոլոր պատգամավորներին եւ հասարակությանը: Մենք անհրաժեշտ ենք համարում, կա շատ լուրջ խոսելու նյութ: Խորհրդարանը պարտավոր է իմանալ ՀՀ-ում ընթացող ժողովրդագրական գործընթացների մասին: Սա կարող է լինել լրիվ բաց, կարող է լինել փակ, դա դուք որոշեք: Բայց հարցի քննարկումը թիվ մեկ մարտահրավերն է այսօրվա վիճակի համար: Դիմում ենք ձեզ, որ օգտվելով ձեր կանոնադրական հնարավորությունից, երբ ձեզ հարմար է, լսումներ նշանակեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ