Լրահոս
Օրվա լրահոսը

«Կլիմայի փոփոխության դեպքում՝ Հայաստանում անապատային գոտիներ կառաջանան»

Սեպտեմբեր 08,2014 12:36

Այսօր Երեւանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի երկամյա զեկույցների պատրաստմանը նվիրված աշխատաժողով՝ Ասիայի, Խաղաղօվկիանոսյան եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի  երկրների համար։

Աշխատաժողովի ընթացքում մասնակից երկրները ներկայացրին երկամյա առաջընթացի վերաբերյալ զեկույց, որը ներառում է ջերմոցային գազերի կրճատմանն ուղղված հաշվետվությունը, տեղեկություններ ջերմոցային գազերի արտանետումների մեղմման ազգային գործողությունների մասին՝ կլիմայի փոփոխություններին դիմակայելու նպատակով։ Աշխատաժողովները կրելու են պարբերական բնույթ, եւ ներկայացուցիչները երկու տարին մեկ զեկույցի միջոցով ներկայացնելու են, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել արտանետումների կրճատման համար։

Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների վերաբերյալ տվյալներ, եւ թե ինչ մարտահրավերների առաջ կկանգնի երկիրը ջերմաստիճանի բարձրացման՝ կլիմայի փոփոխության պայմաններում. «Փորձագիտական տվյալներով՝ մոտ 50 միլիարդ տոննա տարեկան ջերմոցային գազ է արտանետվում։ Այս արտանետումների մեջ Հայաստանի ներդրումը բավականին համեստ է՝ եթե 1990 թվականին՝ աշխատող տնտեսության դեպքում ունեինք 25 միլիոն տոննա, ապա այսօր մոտ 7 միլիոն տոննա է կազմում արտանետումների քանակը»։ Պրն Գաբրիելյանի խոսքով ՝ որոշում է ընդունված, որ կա հստակ սահմանագիծ՝ թե քանի աստիճան պետք է լինի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը. «Ամբողջ աշխարհը եկել է համաձայնության, որ գլոբալ ջերմաստիճանը երկու աստիճանից չբարձրանա։ Իսկ եթե նույն տեմպով 50 միլիարդ տոննա արտանետումը շարունակվի, ապա չորս տարի հետո կտրուկ ջերմաստիճանի բարձրացում կգրանցվի»։

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանում ջերմաստիճանը մեկ աստիճանով բարձրացել է այն դեպքում, երբ աշխարհի ջերմաստիճանը բարձրացել է 0,8  աստիճանով.« Սա նշանակում է՝ եթե գլոբալ ջերմաստիճանը բարձրանա, Հայաստանի ջերմաստիճանը 4 աստիճանով կբարձրանա՝ եւ դրա հետեւանքով Մեղրիի շրջանում եւ Արարատյան դաշտավայրում անապատային գոտի կառաջանա, որի դեպքում ջրի պակաս կնկատվի»։

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, որը, ներկայացնելով վերոնշյալ տվյալների մասին տեղեկություններ, նշեց, որ շատ է կարեւորում կլիմայի փոփոխության պահպանմանն ուղղված բնապահպանական խնդիրների լուծումը, եւ որ Հայաստանն առաջին երկրներից է եղել, որ 1993 թվականին վավերացրել է Կլիմայի փոփոխության մասին շրջանային կոնվենցիան։

Աշխատաժողովին մասնակցում են տարածաշրջանի 47 երկրների 54 ներկայացուցիչներ։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930