Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. «Արամ Աբրահամյանը «Առավոտը» դարձրեց կադրերի դարբնոց»

Սեպտեմբեր 08,2014 14:00

«Առավոտում» աշխատելու տարիներն է հիշում «Շողակաթ» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Արա Գալոյանը

«Առավոտը» կարճ դադարից հետո վերսկսում է օրաթերթի 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» ամենշաբաթյա շարքը: Այս անգամ օրաթերթում անցկացրած իր տարիներն է հիշում Արա Գալոյանը:

Փիլիսոփայի եւ սոցիոլոգի մասնագիտական կրթություն ստացած Արա Գալոյանը լրագրողական աշխատանքը սկսել է այն ժամանակվա պետական հեռուստաընկերությունում: Այնտեղից հետո աշխատել է «Առավոտում»: «Առավոտ» օրաթերթում պարոն Գալոյանն աշխատել է երկու «փուլով»՝ 1994-95 թվականներին տնտեսական հավելվածն էր վարում, 96-99 թվականներին արդեն օրաթերթի հիմնական կազմում էր: «Առավոտն» այդ ժամանակաշրջանում հետաքրքիր տեղ էր: Արամ Աբրահամյանը հետաքրքիր կազմ ձեւավորեց, ինքն ընտրեց որոշակի փորձառություն ունեցող լրագրողների եւ երիտասարդների: Այդ երիտասարդների ընտրությունն էր շատ հետաքրքիր. նոր ավարտած երեխեք, հիմնականում աղջիկներ էին: Իրարից էինք սովորում, որովհետեւ չկար բան սովորելու, մենք էինք, եւ խզվել էր կապը մեզանից ավագ սերնդի հետ, մենք էինք ստեղծում»,- պատմում է պարոն Գալոյանը: Ասում է, որ «Առավոտը» շատ հետաքրքիր ինստիտուտ մտցրեց. ֆինանսական կարգապահությունը մշտապես կար: «Ամսի 1-ին մենք աշխատավարձը ստանում էինք, ոչինչ չէր խանգարում աշխատել …Արամ Աբրահամյանը որոշակի մշակույթ բերեց՝ տալու եւ պահանջելու: Փոխարենը նա շատ խիստ պահանջում էր՝ եւ լրագրողներից, եւ էջերի պատասխանատուներից»,- պատմում է առավոտցի Արա Գալոյանը:

Ըստ նրա՝ տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողի համար ռոմանտիկ շրջան էր: «Տնտեսություն սովորում էինք բոլորս՝ եւ տնտեսագետները, որովհետեւ իրենք ուրիշ բան էին սովորել, հայտնվել էին ուրիշ իրավիճակում, եւ լրագրողները, եւ մարդիկ, որովհետեւ ընկել էին ուրիշ տնտեսական համակարգ: Այդ շրջանում ընդունված էր սեփականաշնորհման գործընթաց սկսել, շատ ընդունված էր լատինական տերմիններով, անգլիական տերմիններով տերմինախեղդ անել, բարդ բաներից խոսել: Տնտեսական թեմաներով գրող լրագրողները խնդիր ունեին նաեւ այդ բարդությունը բացատրելու…»:
«Առավոտի» աշխատակազմի մասին հիշողությունները Արա Գալոյանի համար թանկ են, դրանց մասին ուրախությամբ է պատմում. «Ձեր բախտավորությունն է, որ նրանցից շատերը դեռ ձեր հետ աշխատում են: Նրանց թվում է Արմեն Շեկոյանը: Արամ Աբրահամյանը գիտի Արմեն Շեկոյանի դերը: Ես միշտ նախանձել եմ «Առավոտի» մթնոլորտին… հետո, որտեղ որ աշխատել եմ, ձգտել եմ ստեղծել նույն մթնոլորտը…»: Խմբագրությունում լրագրողական ավանդույթների մասին Արա Գալոյանը պատմում է՝ «Առավոտի» լրագրողները պետք է տեղեկացված լինեին. «Արամ Աբրահամյանը պահանջում էր տեղյակ լինել ոլորտից: Մենք պետք է ամեն ինչ իմանայինք: Ստեղծագործական ազատությունը «Առավոտին» բնորոշ կողմերից մեկն է եղել մշտապես»: Հրապարակումները, որոնք աղմուկ են բարձրացրել, դարձել քննարկման առարկա, շատ են, դրանց բոլորի մասին Արմեն Գալոյանի հիշողությունները վառ են: «Էներգետիկայի սակագնային հանձնաժողով կար, 99 թվականի մասին է խոսքը, տվյալ պահին ամենաշատ աշխատավարձ ստացող մարդը այդ հանձնաժողովի նախագահն էր: Ինձ նախարարությունում ինչ-որ մեկն ասաց՝ ինքը հսկայական պարտքեր ունի էլեկտրոէներգիայից ու հրաժարվեց որեւէ բան ասել: Այն ժամանակ նոր ներմուծված էր այն համակարգը, որ ցանկացած քաղաքից ցանկացած բնակչի պարտքը կարող ես մուծել, ինֆորմացիա ստանալ՝ ինչքան է պարտքը: Ես քանի որ գիտեի այդ չինովնիկի մոտավոր հասցեն, մտա «Հայխնայբանկ», թատրոն խաղացի, թե մերոնք հսկայական պարտքեր են կուտակել, ես Ռուսաստանում եմ աշխատել, նոր եմ վերադարձել: Աղջիկը, նայեց, ասաց՝ իսկապես շատ է, ասացի՝ լավ, ինչքա՞ն է, ասաց՝ 8 հարյուր քանի հազար դրամ, ասացի. «Իսկ թուղթ կտա՞ք, որ տանեմ, տնեցիներին ցույց տամ, գիտե՞ք ի՜նչ դժվար է դրսում կոպեկ-կոպեկ աշխատել…»: Էս աղջիկը շատ լուրջ մտավ իմ դրության մեջ, տպեց, տվեց, բայց խփեց իր անհատական կնիքը, ես հետո դա ջնջեցի եւ որոշեցի, որ լուր պիտի պտտվի այդ մասին, բայց որոշեցի թիվը խախտել, գրեցի՝ 600000-ի չափ պարտք, տպագրեցի, բնականաբար հաջորդ առավոտյան այդ չինովնիկը վազել, մուծել էր փողը, եւ խնդրել էր, որ Էներգետիկայի նախարարությունը հերքի, որ նման պարտք չունի: Ես այդ օրը քաղաքում չէի, զանգահարեցի խմբագրություն, Արամ Աբրահամյանն ասաց՝ կարդացի՞ր Էներգետիկայի նախարարության հերքումը, պատասխանեցի՝ այո, իմացել եմ: Ասացի՝ կվերադառնամ քաղաք, անդորագիրը կտպեմ: Եկա, էն աղջկանից երկրորդ անդորագիրն էլ ուզեցի՝ մուծման մասին՝ ամսաթվով, տվեց: Կարողացա համոզել, որ փողը մուծել եմ, ուզում եմ ունենալ այդ մասին փաստաթուղթ: Այսինքն՝ ես ունեցա երկու թուղթ … »,- ժպտում է պարոն Գալոյանը: Նա պատմում է՝ «Առավոտից» դուրս է եկել, քանի որ այլ աշխատանքի հրավեր էր ստացել. պետք է խմբագրեր «Ժամանակ» թերթը, հետո աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում, այնուհետեւ առաջարկություն ստացել «Շողակաթ» հեռուստաընկերությունից: Հիմա այս հեռուստաընկերության ծրագրերի տնօրենն է: «Շատ-շատ շնորհակալ եմ Սաթիկ Սեյրանյանից, որ ինձ համոզեց «168 ժամում» տնտեսական թեմաներով հոդվածներ գրել: Ինչի՞ եմ շնորհակալ, որովհետեւ երբ չինովնիկություն ես անում, գրելու խնդիր ես ունենում: Ես հիմա չունեմ այդ խնդիրը, գրում եմ «168» ժամում»:

Որպես «Առավոտի» ընթերցող՝ պարոն Գալոյանը հույս ունի, որ «Առավոտը» կշարունակի իր ավանդույթները. «Արամ Աբրահամյանը «Առավոտը» դարձրեց կադրերի դարբնոց: Փորձառու լրագրողները օգնում էին նորերին, իրենք ավելի էին հմտանում…«Առավոտը» չընկավ արագության տակ, չսկսեց չստուգված տեղեկատվություն հրապարակել եւ այդպես դառնալ առաջինը: Միշտ ասել եմ, որ Աննա Իսրայելյանից լրագրողները պետք է սովորեն թեման մշակել. եթե մի չինովնիկ վեց ամիս առաջ խոստանում էր, որ նոր դպրոց կառուցենք կամ ջրագիծ եւ այլն, Աննան հետեւում էր, վեց ամիս հետո գնում՝ հարցնում էր՝ բա ու՞ր է»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930