Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Բաթոյան. «Հաշմանդամություն ունեցող կինն էլ ունի մայրանալու իրավունք»

Սեպտեմբեր 08,2014 11:40

«Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի շրջանակներում «Դիսըբիլիթի ինֆո» (Disability info) տեղեկատվական ՀԿ-ն Արմավիրի մարզի հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար կազմակերպեց սեմինար-քննարկում` վերարտադրողական, սեռական առողջության, իրավունքի թեմաներով:

Ըստ պաշտոնական տվյալների` 2014-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 193836 անձ: Նրանցից 14,1% կազմում են 18-40 տարեկան անձինք: «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի ղեկավար Զարուհի Բաթոյանը մտահոգություն հայտնեց, որ քաղաքաշինական խոչընդոտների, տեղեկատվության պակասի և համապատասխան ծրագրերի բացակայության պատճառով նրանցից շատերը դուրս են մնում երկրում իրականացվող գործընթացներից: Այնուհետև մանրամասնեց. «Հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ունեն նույն խնդիրները, ինչ մյուս երիտասարդները: Սակայն բացի տեխնիկական խոչընդոտներից, այս պարագայում կա նաև հասարակության վերաբերմունքի խնդիրը: Օրինակ` հաշմանդամություն ունեցող կնոջն այնպես չեն վերաբերվում, ինչպես մյուսներին, նրանից նույն սպասելիքները չունեն, ասենք, որ նա էլ կարող է երեխա ունենալ և նրա խնամքը տանել: Բազում խոչընդոտներ կան, որ հոգեբանորեն ճնշում են թե՛ կնոջը, թե՛ նրա ընտանիքին»: Զարուհի Բաթոյանի փոխանցմամբ` Արմավիրի մարզում նման դասընթացների անցկացումը կարևոր է հատկապես այն պատճառով, որ այստեղ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող նորաստեղծ «Արևի շող» կազմակերպությունն է գործում, որի աշխատանքներին խթանել է պետք: Զարուհի Բաթոյանը հավելեց. «Երևանում երիտասարդները քիչ թե շատ ներգրավված են նման ծրագրերում, բայց մարզերի հաշմանդամություն ունեցող անձինք դուրս են մնում նման ծրագրերից»: «Արևի շող» ՀԿ-ի շահերի պաշտպան Արտյոմ Սահակյանը նշեց, որ իրենց մարզում հաշմանդամություն ունեցող անձինք ունեն տեղաշարժման, տեղեկատվության, դեղորայքի հասանելիության, հասարակություն ինտեգրվելու խնդիր: Այնուհետև նշեց. «Մեր մարզում ընդհանրապես մայթերը բացակայում են, և հաշմանդամություն ունեցող անձի համար չափազանց դժվար է քաղաքում տեղաշարժվելը, չկան թեքահարթակներ»: Արտյոմ Սահակյանը կարևորեց նման ծրագրերի անցկացումը և շեշտեց, թե հույս ունի, որ դասընթացից հետո երիտասարդների մտածելակերպում շատ բան է փոխվելու. «Հատկապես կանանց և աղջիկների մոտ կան հոգեբանական խնդիրներ. նրանք, ովքեր ունեն հաշմանդամություն, նույնիսկ չեն էլ ցանկանում մտածել մայրանալու մասին, ինչի պատճառը տեղեկատվության պակասն է, խանգարում են կարծրատիպերը»:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում տեղեկատվական նյութեր են հրապարակվել Disabilityinfo.am և ikin.am կայքերում` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց ընտանիքի անդամներին: Մինչև հոկտեմբեր պատրաստ կլինի «Առողջ լինելու իմ իրավունքը» գրքի աուդիոտարբերակը` տեսողության խնդիր ունեցող անձանց համար: Ծրագրի ընթացքում կազմակերպվել է նաև սեմինար-քննարկում լրագրողների համար` ինչպես գրագետ լուսաբանել հաշմանդամություն ունեցող երիտասարդների վերարտադրողական առողջության խնդիրները:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930