Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը նվաճել է շախմատային աշխարհի հնարավոր բոլոր բարձունքները` երեք անգամ հաղթել է համաշխարհային օլիմպիադաներում, նույնքան անգամ էլ դարձել բրոնզե մեդալակիր, աշխարհի թիմային չեմպիոն ու եռակի բրոնզե մրցանակակիր, Եվրոպայի թիմային չեմպիոն, արծաթե եւ բրոնզե մեդալակիր:
Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր կերտել են այս փայլուն հաջողությունները: Հայ մարզասերները արժանիորեն հպարտանում են նրանցով, իրենց համարում շախմատային այս սերնդի ժամանակակիցները:
Այսպիսի մարզական գագաթներն անհասանելի երազանք են շատերի համար ու հենց այնպես «չեն հանձնվում» իրենց նվաճողներին: Այս առումով Հայաստանը բացառիկ երկրներից է, որտեղ աճել ու աճում են տաղանդավոր շախմատիստներ, որոնք հաջողությամբ արդեն քանի սերունդ փոխարինել են հաղթանակների հիմքը դրած իրենց ավագ ընկերներին: Այսինքն, բնականոն սերնդափոխություն է իրականացվել:
Հիմա էլ մեր առաջատար շախմատիստներն ընդհանուր առմամբ հաջող են հանդես գալիս համաշխարհային պաշտոնական եւ ոչ պաշտոնական թիմային ու անհատական մրցաշարերում` շարունակելով երջանկացնել իրենց երկրպագուներին: Բայց այս աշխարհում, ինչպես հայտնի է, ոչինչ հավերժական չէ. մի օր գալու է տեղդ զիջելու ժամանակը: Խնդիրն այն է, թե ո՞վ է քեզ փոխարինելու, նա կարողանալո՞ւ է զարգացնել հաջողությունները, կամ դրանք պահել նույն հարթության վրա:
Մեր այսօրվա տղամարդկանց ազգային հավաքականի հիմնական կազմի յուրաքանչյուր անդամ դեռ համաշխարհային շախմատի ընտրանու մեջ է: ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակում Լեւոն Արոնյանը 2804 միավորով արդեն քանի տարի երկ րորդ շախմատիստն է աշխարհում, Գաբրիել Սարգսյանը սեպտեմբեր ամսվա ցուցակում 2691 միավորով 53-րդն է, Սերգեյ Մովսիսյանը 2663-ով` 86-րդը, Վլադիմիր Հակոբյանը 2657-ով` 97-րդը: Մեր այս բոլոր շախմատիստներն էլ TOP 100-ի մեջ են, շարունակում են խաղալ երիտասարդական ավյունով ու դեռ բավական ժամանակ կմնան ընտրյալների խմբում: Բայց դա որքա՞ն ժամանակ կշարունակվի եւ ինչպիսի՞ն կլինի հայկական շախմատը մի 5,10, 15 տարի հետո: Ո՞վ է արժանիորեն փոխարինելու մեր այս ոսկե քառյակին, ինչպես դա ժամանակին արեցին իրենք:
Կարդացեք նաև
Տաղանդավոր երիտասարդ գրոսմայստերների պակաս Հայաստանում չկա, որոնք նույնպես գեղեցիկ հաղթանակներ են տանում միջազգային խոշոր մրցաշարերում: Բայց, անկեղծ լինենք, նրանք դեռ ամենաբարձրակարգ գրոսմայստերներին մոտ էլ չեն, նրանց մասնակցած մրցաշարերն էլ համաշխարհային չափանիշներով միջին, կամ միջինից մի փոքր բարձրի շարքում են: Դրա համար հարկավոր է, որպեսզի երիտասարդների առջեւ այստեղ` Հայաստանում, ավելի լայն դռներ բացվեն, ասենք` ազգային հավաքականի: Տեսեք, Լեւոն Արոնյանը արդեն 32 տարեկան է, Գաբրիել Սարգսյանը` 31, Սերգեյ Մովսիսյանը` 36, Վլադիմիր Հակոբյանը` 43: Իսկ շախմատը, ինչպես հայտնի է, տարին տարվա վրա երիտասարդանում է, ու Top 100-ի մեջ ճնշող մեծամասնությունը, որքան տեղյակ ենք, մինչեւ 25-30 տարեկան է՝ մոտավորապես մեր երիտասարդ գրոսմայստերների տարիքին:
Հայաստանի շախմատային ֆեդերացիան արդեն քանի տարի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների ձեւավորման հետեւյալ սկզբունքն է կիրառում. հիմնական տեղերն զբաղեցնում են ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստները, միակ թափուր տեղն զբաղեցնում է Հայաստանի տվյալ տարվա չեմպիոնը: Այս մոտեցումն իրեն որպես կանոն արդարացրել է, որովհետեւ կորիզը մնացել է անփոփոխ` փոխվել են միայն պահեստայինները:
Հայաստանի չեմպիոն դառնալը հեշտ չէ: Բայց արդյո՞ք ավելի արդարացի է, որ բարձր վարկանիշ ունեցող շախմատիստը, որը ենթադրաբար, ավելի բարձր է կարգով, տարեսկզբին կամ տարեվերջին անցկացված առաջնությունում այնքան էլ լավ հանդես չի եկել, չի նվաճել չեմպիոնի կոչումը, ինչի համար զրկվում է ամռանը կամ աշնանը անցկացվող համաշխարհային օլիմպիադաներում, աշխարհի, եվրոպայի թիմային առաջնություններում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունից: Մասնագետների քննարկելիք հարց է:
Եվ մի հետաքրքիր բան էլ. ՖԻԴԵ-ի սեպտեմբեր ամսվա վարկանիշային ցուցակում գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որ Հայաստանի այս տարվա չեմպիոնը չէ, 2678 վարկանիշային միավորով զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը: Նա շրջանցել է թե Սերգեյ Մովսիսյանին, թե Վլադիմիր Հակոբյանին: Հետաքրքիր է, եթե այսպես երկար շարունակվի, նա կհամարվի՞ Հայաստանի ազգային հավաքականի հիմնական անդամ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.09.2014