Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կապիտալիզմ եւ քաղաքականություն-2

Սեպտեմբեր 08,2014 10:00

Անցած անգամ խոսեցինք կապիտալի և քաղաքականության մասին, ավելի ստույգ` Հայաստանում փողի ու քաղաքական հարաբերությունների փոխկապակցության մասին, բայց առանձնապես սպառիչ եզրակացության չհանգեցինք, և չէինք էլ կարող սպառիչ եզրակացության հանգել, որովհետև Հայաստանում փողն ու քաղաքականությունն ինչքան որ իրար մեջ սերտաճած են, նույնքան էլ օրենսդրորեն իրարից օտար են: Եվ որևէ կուսակցության ծրագրի ու ծրագրային որևէ դրույթի որևէ կետում երբևէ չեք հանդիպի փողի կամ ֆինանսական միջոցների մասին որևէ հիշատակություն: Եվ եթե որևէ կուսակցության ծրագրում կուսակցության ֆինանսական միջոցների մասին խոսք է գնում, անպայման նշվում է, որ կուսակցության ֆինանսական միջոցները հիմնականում գոյանում են կուսակցության անդամների անդամավճարներից:

Մենք չափահաս մարդիկ ենք, և մեզ անհնարին է հավատացնել, որ կուսակցական անդամավճարների միջոցով հնարավոր է կուսակցություն պահել, եթե, իհարկե, խոսքը Զյուգանովի կուսակցության պես հարյուր հազարավոր անդամներ ունեցող կուսակցության մասին չէ, որը նույնիսկ Ռուսաստանի պես հսկա պետության մեջ է բացառիկ:
Երբ մի անգամ այս մասին կարծիքս էի հայտնում ընկերոջս, որը Հայաստանի ազդեցիկ կուսակցություններից մեկի շարքային անդամ է, ինքն անկեղծանալով ինձ հակադարձեց` բացատրելով, որ իսկապես հնարավոր է անդամավճարներով կուսակցություն պահել և նույնիսկ զարգացնել: Եվ երբ տեսավ, որ իր ասածին չեմ հավատում, ավելի անկեղծանալով մանրամասնեց, որ իրենց կուսակցության շարքերում կուսակցականներ կան, որոնք ամսական մի քանի հազար դոլար անդամավճար են մուծում կուսակցությանը, հավելյալ բացատրելով, որ դրանք, իհարկե, «լևի » անդամավճարներ են և որևէ տեղ գրավոր չեն նշվում ու արձանագրվում: Եվ հասկանալի է, որ էդ «լևի» մուծվողները մեծահարուստ այն կուսակցականներն են, որոնց համար կուսակցությունը ոչ միայն ապահով տանիք է, այլև` ֆինանսական նորանոր բարձունքներ նվաճելու միջոց: Կարճ ասած, իրենք կուսակցությանն են օգնում, կուսակցությունը` իրենց, այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում ազդեցություն ունի:

Երբ ԱԼՄ-ն փակվեց, և ժողովրդական կուսակցությունը փողոցում հայտնվեց, առաջինը տվյալ կուսակցության ունևորները կուսակցությունից «թռան», բացառությամբ, իհարկե, Տիգրան Կարապետիչի, որը, եթե ուզենա էլ, չի կարող որևէ տեղ «թռնել», քանի որ ինքն անձամբ է մարմնավորում իր կուսակցությունը, և առանց իրեն իր կուսակցությունը չի կարող գոյություն ունենալ, չնայած, մեծ հաշվով, էս պահին էլ Կարապետիչի կուսակցությունը գոյություն չունի, և ինչքան էլ Տիգրան Կարապետիչը հարուստ լինի, չի կարող միայն իր միջոցներով կուսակցություն պահել, և իմաստ էլ չունի, որովհետև, մանավանդ Հայաստանում, մեծահարուստները կուսակցություն են ստեղծում, որպեսզի ավելի հարստանան, այլ ոչ թե` իրենց հարստությունն անիմաստ մսխեն: Եվ հաջողակներին դա միանգամայն հաջողվում է, բայց էս ասածս ամենևին չի նշանակում թե` մեր երևելի կուսակցությունների բոլոր երևելի մանդատավորները մեծահարուստներ են: Քանի դեռ մեր ժողովրդի մի զգալի հատված հավատում է «հայրենասեր» ճարտասաններին, առաջատար ու երևելի կուսակցություններում «հայրենասեր» ու ճարտասան մանդատավորների պահանջը միշտ էլ զգացվելու է. այնքան ժամանակ, քանի դեռ վերջին «հայրենասերը» մեծահարուստ չի դարձել: Երբ որ դառնան, միանգամայն նոր ու միանգամայն այլ իրավիճակ կստեղծվի:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930