Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիրը պատրիոտիկ վերելքի մեջ է». Հրանտ Բագրատյանը Կիեւում է

Սեպտեմբեր 07,2014 21:42

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը գրառել է ֆեյսբուքյան իր էջում. «Կիևում եմ։ Ոգևորությունը շատ մեծ է։ Երկիրը պատրիոտիկ վերելքի մեջ է։ Բոլորը պատրաստ են կյանքները տալ հանուն Ուկրաինայի, հանուն ազատության։ Հետաքրքիրն ինչ է. նույնիսկ ռուսների մեջ, իսկ նրանք Կիևում կազմում են զգալի տոկոս, չես գտնի մեկին, որ այլ կերպ մտածի։ Անգամ արևելյան Ուկրաինայից եկածների մեծ մասը, ու ոչ միայն ուկրաինացիները, այդպես են մտածում։ Չի եղել դեպք, երբ ուկրաինացիները ռուսներին վիրավորեն։ Մինչդեռ ըստ պաշտոնական վիճակագրության՝ Ուկրաինայում 7.8 մլն ռուս է ապրում։ Բոլորը հպարտ են ազատության և եվրոպական ընտրության կապակցությամբ։ Հայաստանյան մամուլում և սոցիալական ցանցերում որոշ իշխանամետ լրատվամիջոցներ ու բլոգերներ վայնասուն են բարձրացրել. տեսեք թե ինչ եղավ Ուկրաինայի հետ սխալ քաղաքականության արդյունքում։ Նման մարդկանց այստեղ պատասխանում են Մ.Գորկու խոսքերով. “Рожденные ползать летать не могут”.

Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, այնուամենայնիվ, բնակչության մեծ մասը Ուկրաինայի կողմն է։ Այս պատճառով ներկայումս ձեռք բերված զինադադարի համաձայնությունը այսօրվա համար նորմալ փոխզիջում է։ Ապշեցնում է Մարիուպոլը։ Այս քաղաքը, ինչպես և Ազովի ծովի հս. ափին գտնվող Մելիտոպոլը, Սարտանան, ինչպես նաև արդեն ՌԴ տարածքում գտնվող Սամբեկը (նախկին Կատերինավան) հիմնել են հույներն ու հայերը։ 18-րդ դարում այս հայերին ու հույներին Ղրիմից տարհանել է Սուվորովը։ Հույներին ու հայերին էին թաթարները վստահել Ղրիմի տնտեսական կյանքը։ Սուվորովը, չկարողանալով նվաճել Ղրիմը, տափաստանից տարհանում է այս հույներին և հայերին՝ նպատակ ունենալով կազմալուծել խանության տնտեսությունը։ Դա նրան հաջողվում է։ Տասնյակ հազար հույն և հայ 18-րդ դարի վերջում Ղրիմից տարհանվում են Ազովի ծովի հյուսիսային ափի տափաստանները։ Բավականին դաժան արշավ է սա եղել։ Ինչևէ, այս հույների ու հայերի շնորհիվ հիմնվում են նշված քաղաքներն ու գյուղերը։ Մի քանի տարի հետո, 1783-ին, Ղրիմը միանում է Ռուսաստանին։ Հայերին թույլ են տալիս վերադառնալ։

Ներկայումս Մարիուպոլում հարյուր հազարավոր քաղաքացիներ խրամատներ են փորում։ Նման միասնության մասին կարելի էր երազել։ Ընդամենը մի քանի ամիս առաջ սա պրոռուսական քաղաք էր համարվում։ Հատկանշական է, որ երբ պրոռուսական ուժերը գրավում են Շիրոկին (Ազովի ծովի ափին հսկայական ավան է Նովոազովսկ քաղաքի մոտ), ավանի բնակչությունը հեռանում է՝ Ուկրաինա (չնչին բացառությամբ)։ Ի դեպ, նույն մեմամորֆոզն առկա է Սլավյանսկում։ Ներկայումս այս քաղաքը հաստատապես պրոուկրաինական է։ Արևելյան Ուկրաինայում բնակչության տրամադրվածության փոփոխության փաստերն ակնհայտ իրողություն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Ադրբեջանում էլ վերջերս պատրիոտիկ վերելք էր և հակահայկական հիստերիա: Առաջարկում եմ այս մարդուն գործուղել այնտեղ, որ թուրք հայրենասերների ոգևորությունից էլ տեղյակ լինենք: Բացի այդ, կառաջարկեմ գա Դոնեցկ, տեսնի պատրիոտիզմի վերելքը ՈՐՆ Է…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930