«Հայէլեկտրոմեքենա» բաց բաժնետիրական ընկերության «Արվեստի եւ գրականության ժողովրդական համալսարանն» այսօր հանդիսավորությամբ նշեց իր 40-ամյակը:
40 տարի հասարակական հիմունքներով գործող համալսարանի եւ նրա ռեկտոր Յուրի Հովհաննիսյանի մասին Հայաստանում գիտեն մշակութային գրեթե բոլոր գործիչները:
Բավական է նշել, որ նրա դեկանների անունները. Ծովակ Համբարձումյան, Ալինա Աստվածատրյան, Նվարդ Բաղդասարյան, Ալեքսանդր Գրիգորյան…
Այս համալսարանի պարապմունքներին մասնակցել են Աննա Նշանյանը, էլլադա Չախոյանը, Արաքս Մանսուրյանը, Խորեն Պալյանը, Գեղամ Գրիգորյանը…Տարեկան երեք հարյուրից ավելի ունկնդիրներ իրենց պարապմունքներն անցկացրել են երբեմնի հզոր գործարանում, ապա` նաեւ Չարենցի, Իսահակյանի, Թումանյանի տուն-թանգարաններում, արվեստի գրեթե բոլոր օջախներում:
«Այսպիսի մարդ չի եղել, մշակույթի նման նվիրյալ չկա, չի լինի»,-այսօր գնահատելով ռեկտոր, 85 -ամյա Յուրի Հովհաննիսյանին, ասում էին մեր մշակույթի անվանի գործիչները, որոնք անցել են համալսարանի «դպրոցով»:
Յուրի Հովհաննիսյանը հրավիրել էր մշակույթի նախարարության ներկայացուցչին, սակայն նրան, երբ ձայն տրվեց, պարզվեց, որ ներկա չէ: Հեռախոսով հայտնել էր, թե ընտանիք ունի, շաբաթ-կիրակի օրերին չի աշխատում, ասել է, թե `կիրակի օրը չեն շնորհավորում, քանի որ աշխատանքային օր չէ:
Կամերային երաժշտության տանը ասեղ գցելու տեղ չկար:
Դեկանները, համալսարանի հյուրերը պարգեւատրվեցին մեդալներով, ստացան 40-ամյակին նվիրված գրքույկներ:
«Ասում են՝ քառասուն ամյակը տոնելը լավ թիվ չէ: Ես նշեցի իմ քառասուն ամյակը, իսկ այժմ ութսունհինգ տարեկան եմ: Բարեբախտաբար, Հայաստանում կան շատ արվեստագետներ, որոնց համար արվեստն առաջնային է, իսկ նյութականը՝ երկրորդային, որոնց շնորհիվ մինչ օրս գործում է համալսարանը»,-ասաց Յուրի Հովհաննիսյանը:
Համալսարանում գործում է գրական, երաժշտական, կինոյի եւ թատրոնի, կերպարվեստի եւ կուլտուրայի ռուսական ֆակուլտետներ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ