Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Եթե մի օր մեր վրա չեն կրակում, ասում ենք՝ ճաշի աղը պակաս է». (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2014 23:51

Սամվել Բեգլարյան. «Մենք մեր սահմանը պահում ենք»

«Սահմանի զգացողությունները նոյեմբերյանցու եւ երեւանցու համար բոլորովին նույնը չեն»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը: Նա, ցույց տալով իր ձախ կողմը, նշեց, որ այնտեղ ադրբեջանական հենակետերն են եւ նոյեմբերյանցիները հանգիստ են վերաբերում այդ հանգամանքին. «Հանկարծ մի կրակոց գնում է մամուլ, ասում են՝ բա կրակեցին, լա՛վ, բա պատերազմում կրակում են, մեր հարեւանը, հո՞, ավստրիացին չէ, որ չկրակի, թուրք է, պետք է՝ կրակի: Եթե մի օր հանկարծ մեր վրա չեն կրակում, մենք ասում ենք՝ ճաշի աղը պակաս է, այս ի՞նչ է պատահել մեր հարեւան թուրքերի հետ, ինչո՞ւ չեն կրակում»:

Պարոն Բեգլարյանի խոսքերով՝ այդ կրակոցներն իրենց արթուն եւ զգաստ են պահում, եւ նա կարծում է, որ եթե հայ ժողովուրդը զգաստ մնար եւ ականջալուր լիներ այդ հնչող կրակոցներին, ապա իր տարածքները չէր տա թշնամուն: Նա խոստովանեց, որ նոյեմբերյանցիները նեղանում են, երբ իրենց ասում են սահմանամերձ շրջանի բնակիչներ. «Մենք սահմանապահ ժողովուրդ ենք, այդպես էլ կա: Մեզ պետք չեն ջոկատներ, որովհետեւ այդ ջոկատների անդամները կգան այստեղ երկու անգամ կկրակեն կամ չեն կրակի ու կգնան կդառնան Ազգային ժողովի պատգամավոր, կասեն՝ մենք սահման ենք պահել՝ չենք ուզում, մենք մեր սահմանը պահում ենք»:

Դաշտային հրամանատարների խորհուրդի անդամ Սուրեն Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ ազատամարտիկները առաջարկել են՝ գնալ ապրել սահմանամերձ գյուղերում, համապատասխան տեղերում ունենալ զենքեր եւ անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործել: Սամվել Բեգլարյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերում նման հայտարարություններին, նա պատասխանեց, որ իսկական ազատամարտիկը, եթե ցանկանար մի անգամից կգնար: Անդրադառնալով ազատամարտիկներից ոմանց հայտարարություններին, թե պատերազմի դեպքում պատրաստ են գնալ առաջին գիծ՝ նա նշեց. «Դա կլիներ ծաղրուծանակ մեր բանակի նկատմամբ, այսինքն՝ բանակը պատրաստ չէ՞, ո՛չ: Այսօր Ամերիկայի նման գերհզոր պետությունն ընդունում է, որ տարածաշրջանի ամենահզոր բանակը մերն է: Պատկերացրե՛ք՝ թուրքն ինչպե՜ս կոգեւորվեր, որ մենք մեր բալեքին պահել ենք, մենք ենք կռվում: Ո՛չ, ես երեք տղա ունեմ մեկը հայրենիքինն է, մեկը Աստծունն է, մեկն էլ իմը, ի՞նչ անենք, որ 18 տարեկան է, հայրենիքի համար զոհվելը պատիվ է»:

Նշենք՝ Սամվել Բեգլարյանը օգոստոսի 30-ին սահմանամերձ զորամասի կազմավորման 20-ամյակի միջոցառման ժամանակ, այնտեղ արտասանել սահմանապահ զորամասի հոբելյանին նվիրված իր հեղինակած աքրոստիկոս բանաստեղծությունը, սակայն «Տավուշ» հեռուստաընկերությունը չի հեռարձակել նրա խոսքը: Պարոն Բեգլարյանը այն եւս մեկ անգամ արտասանել է զորամաս այցելության ընթացքում:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Իմ կարծիքով Ս.Բեգլարյանի մտքերը ոչ միայն ճիշտ են և արդիական, այլև օրենսդրական կարգավորման կարիք ունեն: Սահմանային բնակավայրերին և այնտեղ ապրող բնակիչներին սահմանապահի կարգավիճակ տալը պետք է որ իր մեջ ներառի նաև որոշակի արտոնություններ, կապված հարկային օրենսդրության վերաբերվող մասով մեղմելուն, ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելուն, գյուղատնտեսության ոլորտի դոտացիային և այլն: Բացի դրանից զինապարտության մասին օրենքով սահմանված կարգով սահմանապահ գյուղի բնակիչները զինկոմիսարատների կողմից ներառվում են հենց գյուղի ցուցակների մեջ և անհրաժեշտության դեպքում՝ զորահավաքի ժամանակ մնում են գյուղում, այլ ոչ թե տեղափոխում են այլ տեղեր, իսկ իրավիճակի սրման պարագայում զենքը ստանում են ընդհանուր հիմունքներով: Ինչ վերաբերվում է վերջին շրջանում որոշ ազատամարտիկների կողմից արված հայտարարություններին, ապա դրանք ոչ միայն անիմաստ էին, այլև անիրագործելի /պարոն Բեգլարյանն այդ իրավիճակն առավել դիպուկ և մատչելի է պարզաբանել/: Հայ զինվորի թե մարտական պատրաստվածությունը և թե մարտական ոգին պատշաճ մակարդակի վրա է գտնվում և բացի իրենց հրամանատարներից, նրանք հաստատ որևէ մեկի կարիքը չունեն: Մեր երկիրը լուրջ խնդիրներ ունի լուծելու թիկունքում, որտեղ վերջին դեպքերը ևս ի ցույց դրեցին առկա խնդիրներն ու տեղի կառույցների փաստացի անգործությունը: Ի դեպ, արատավոր երևույթ է, երբ վերևները չեն լսում այն մարդկանց, ի դեմս Սամվել Բեգլարյանի, ով ոչ միայն իրավիճակից բխող լուծումներ է տեսնում, այլև այդ մասին բարձրաձայնում ու հուշում է: Ցավոք ԱԺ նախագահի Տավուշ Կատարած այցի ժամանակ նմանատիպ հարցեր չքննարկվեցին:

  2. david says:

    Աղն էլ են ափսոսում, չէ*:Ինձ հետաքրքրում է, թե ինչու երբ հայը երազում թուրք է տեսնում, ասում է`սուրբ է:Սրբերն աղի պակաս ունե*ն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930