Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Աթոռը շարունակում է դարերի ավանդույթը»

Սեպտեմբեր 06,2014 22:20

2009 թվականից Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և արգենտինահայ գործարար Էդուարդո Էօռնեկյանի բարերարությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո սկսեց գործել Էջմիածին քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկը: «Էօռնեկյան» դպրոցն անվանակոչված է ի հիշատակ բարերարի ծնողների: Դպրոցն այսօր շուրջ 300 աշակերտ ունի: Տեսնելով, որ տարեցտարի ավելանում է աշակերտների թիվը, բարերարը որոշել է նոր մասնաշենք կառուցել, որն ապահովված կլինի բարձրակարգ սարքավորումներով և ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան հարմարություններով: Մասնաշենքի կառուցման աշխատանքների, նոր ուսումնական տարվա, ինչպես նաև դպրոցի առօրյայի մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և նշյալ դպրոցի տնօրեն Հոգեշնորհ Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը:

-Հայր սուրբ, ինչո՞ւ է Մայր Աթոռին անհրաժեշտ հանրակրթական դպրոց ունենալ:

– Հայ Առաքելական Եկեղեցին մշտապես արժևորել է կրթության դերը` կարևորելով այն` ազգի հոգևոր-բարոյական արժեքների ձևավորման և զարգացման գործում. հենց եկեղեցու կողմից են հիմնվել առաջին կրթական հաստատությունները: Այսօր էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակում է դարերի ավանդույթը: Վեհափառ Հայրապետի մեծագույն տեսիլքն է, որ այս դպրոցը դառնա կրթական միջավայր ձևավորող օջախներից մեկը, նաև վարակիչ ազդեցություն ունենա իր միջավայրում: 5 տարի է, որ դպրոցը գտնվում է Մայր Աթոռի տնօրինության տակ, և այսօր երևում են երեխաների կեցվածքային, դաստիարակչական որոշակի փոփոխությունները:

-Կխնդրեի պատմել ուսումնական գործընթացի կազմակերպման մասին:

– Դպրոցի առօրյան սկսվում է աղոթքով: Դասերից հետո և շաբաթ օրերին աշակերտներն իրենց ցանկությամբ հաճախում են երգի, պարի խմբակների, թատերախմբի փորձերի։ Իսկ տարբեր առարկաներից լրացուցիչ պարապմունքներն օգնում են պատրաստվելու օլիմպիադաներին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին: Մեր մեծագույն ցանկությունն է, որ ավագ դպրոցի աշակերտներն առանց կրկնուսույցի կարողանան ԲՈՒՀ ընդունվել:
Դպրոցական կյանքում իր ուրույն դերն ունի աշակերտական խորհուրդը, որի բարձրացրած խնդիրներին մեծ ուշադրություն է դարձվում: Հաճախ աշակերտները գնահատում են մանկավարժներին հարցաշարերի միջոցով. ամենաբարձր գնահատականներ ստացած ուսուցիչները պարգևատրվում են: Իսկ երեխաներին ոգևորելու համար ամեն տարի անցկացվում է լավագույն աշակերտ մրցույթը: Մրցանակներ են սահմանված ոչ միայն ուսումնական, սպորտի կամ գեղարվեստի բնագավառում, այլև բարոյական բարձր հատկանիշների համար, օրինակ` ամենաընկերասեր կամ ամենապատասխանատու աշակերտ: Սերտ կապ ունենք նաև ծնողների հետ. պետք է հաշվի առնել, որ երբ ընտանիքում բացակայում է բարոյահոգեբանական առողջ միջավայրը, անհնար է, որ դպրոցը կարողանա միայնակ հաջողել: Այս է պատճառը, որ մենք հաճախ սեմինարներ, տարաբնույթ հանդիպումներ ենք անցկացնում ծնողների հետ, ծանոթանում նրանց խնդիրներին, առաջարկներին:
Դպրոցում գործում է նաև հոգեբանամանկավարժական խորհուրդը, մեծ աշխատանք է տարվում հատկապես դեռահասության շրջանում հանդիպող արատավոր երևույթների կանխման կամ վերացման ուղղությամբ:
Ամեն տարի «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» աջակցությամբ դպրոցի շուրջ 100 սաներ մեկնում են ամառային հանգստի, որը մենք նաև կրթադաստիարակչական ենք անվանում: Ճամբարային յուրահատուկ օրակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն հանգիստն անցկացնել, այլ նաև` յուրացնել դժվարըմբռնելի դասերը: Երբեմն երեխաները գնում են գետի հունը չափելու, կամ որևէ վայրի աշխարհագրական տեղանքն ուսումնասիրելու: Ճամբարում երեխաներն ունենում են օտար լեզուների, երաժշտության, նկարչության, և այլ խմբակների, ինչպես նաև արշավների, սպորտային խաղերի մասնակցելու հնարավորություն:
Դպրոցի դռները բաց են բոլոր առաջ, առանց որևէ խտրության: Դպրոցը բոլոր աշակերտներին անվճար համազգեստ է տրամադրում, տարաբնույթ արտոնություններ, օժանդակում սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին:

– Պատմեք, խնդրում եմ, դպրոցի նոր մասնաշենքի մասին:

– Նոր մասնաշենքը հնարավորություն կտա աշակերտների թիվը 600 և ավելի հասցնելու: Այն ապահովված է բոլոր հարմարություններով` ժամանակակից դասասենյակներ, լաբորատորիաներ և այլն. այստեղ ստեղծված են բոլոր պայմանները` տարրական, հիմնական և ավագ դպրոցների համար: Գլխավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը նախագծի մեջ ներառել է ճարտարապետական բոլոր ժամանակակից նվաճումներն ըստ հաստատված չափանիշների. այն նաև շատ գեղեցիկ տեսք պետք է ունենա` իր զանգակատնով, մուտքով, նախասրահով: Արդեն կառուցվում է մասնաշենքի երկրորդ հարկը, և եթե ամեն ինչ Աստծո օրհնությամբ լավ ընթանա, մյուս ուսումնական տարին արդեն նոր մասնաշենքում կդիմավորենք:

-Ինչո՞վ է հատկանշական նոր ուսումնական տարին:

-Նոր ուսուցիչներ ունենք, ավագ դպրոցում նաև հոսքային նոր դասարան է ավելացել: Այս տարի դպրոցը մասնակցում է ԿԳՆ նախաձեռնած ցեղասպանության 100-ամյակին նվիրված ծրագրին: Արդեն կազմվել է միջոցառումների ցանկը:
Տարեցտարի ավելի լավ ենք հասկանում դպրոցը և երեխային. դա նոր գաղափարներ, ծրագրեր իրականացնելու խթան է դառնում. մեր խնդիրն է` այնպես կազմակերպել երեխաների առօրյան, որպեսզի նրանք սովորեն սիրով, այլ ոչ` պարտադրանքով:
Փորձը ցույց է տվել, որ չափազանց կարևոր է երեխաներին կառավարման գործին ինտեգրելը: Աշակերտների կարծիքը լսելը, նրանց գաղափարները կյանքի կոչելն ավելի մրցունակ և արդյունավետ է դարձնում իրականացվող ծրագրերը: Սաներն ուժեղ միտք ունեն. դա պետք է խթանել, ճիշտ ուղղության վրա դնել, որ ի չարս չօգտագործվի, այլ` բոլոր բարի գործերի համար:

Հարցազրույցը` Մարիամ Ավետիսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ի՞նչ «դարերի ավանդույթի» մասին է խոսքը: Դա այն ժամանակ էր,երբ հայկական պետություն չկար ու հայի տերերը հանդուրժում էին հայ եկեղեցուն,որովհետև շատ լավ գիտակցում էին,որ քրիստոնեությունը քնացնում/բթացնում է հային.ուստի չեն ըմբոստանա իրենց դեմ:

    Բայց հիմա հայը ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունի. ի՞նչու այս դեպքում ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ դպրոցը պիտի լինի որևէ կրոնական կազմակերպության հովանու ներքո:Սա վա՛տ է և հակասահմանադրական:

    ՀԳ. Հայ եկեղեցին ԵՐԲԵՔ չի պատասխանում հետևյալ առանցքայի՛ն հարցին. ՈՐՏԵ՞Ղ էր «փրկիչ» Քրիստոսը 1915-ին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930