ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցում է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին` հնարավո՞ր է իրեն նորից նշանակեն Սյունիքի մարզպետ։ «Նման բան ինձ ոչ մեկը չի առաջարկել, բայց դա ձեր բնավորությունն ա, էս մի տարի ա, որտեղ մի պաշտոն ազատվեց, ինձ ուղարկեցիք էնտեղ»,-պատասխանեց Սուրիկ Խաչատրյանը։ Լրագրողներից մեկը հարցրեց`իսկ եթե առաջարկեն, կցանկանա՞ք։ «Խի՞ չեմ ցանկանա»,- եղավ արձագանքը։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե սյունեցիները ահ ու վախի մեջ են, որ կարող է վերադառնաք Դուք նորից, Սուրիկ Խաչատրյանը հակադարձեց. «Բա դու խի՞ չես վախենում»։ «Ես սյունեցի չեմ»,- պատասխանեց լրագրողը։ «Էդ սյունեցին վախենում ա, դու չես վախենում, հա՞»,- խիստ հայացքով արձագանքեց նախկին մարզպետը։ «Ես ախալքալաքցի եմ, չեմ վախենում»,-շարունակեց լրագրողը։ Լրագրողի եւ Սյունիքի նախկին մարզպետի խոսակցությանը միջամտեց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը. «Է, ախրքյալաքցի ջան, հերիք ա «ցի» սարքեք էս ազգին, Հայաստանում «ցիերը» ամենավտանգավոր երևույթներն են, կա հայ ու Հայաստան, ու վե՛րջ, էդ ցիերից հեռու՛ մնացեք բոլորդ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ