ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Արթուն Օսիկյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Շիրակի մարզի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում՝ տեղի խնդիրներին ծանոթանալու եւ դրանք ուսումնասիրելու նպատակով։
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը ներկայացրեց, որ հիմնարկն ունի 382 կալանավոր, որոնցից 61-ը կալանավորված էին, իսկ մնացյալը փակ եւ կիսափակ տիպի ռեժիմով դատապարտյալներ էին։
Շրջայցի ընթացքում նախարարը այցելեց կալանավորների երկարատեւ եւ կարճատեւ տեսակցության սենյակները, բանտախցերը, ծանոթացավ ճաշարանային պայմաններին, նաեւ այցելեց կալանավորների համար նախատեսված սպորտ դահլիճը, արհեստանոցները։
Պրն նախարարը կարճատեւ զրույցներ ունեցավ այն դատապարտյալների հետ, որոնք ցանկանում էին նախարարին ներկայացնել իրենց խնդիրները, իսկ խնդիրները հիմնականում վերաբերում էին վաղաժամ արձակման պայմաններին։
Դատապարտյալներից մեկը նախարարին եւ պրն Օսիկյանին նվիրեց իր ձեռքով արհեստանոցում պատրաստած փայտից արձանիկ, իսկ նախարարն էլ իր հերթին դատապարտյալին նվիրեց նոր գործիքակազմ եւ հորդորեց միշտ աշխատել, քանի որ աշխատանքը միշտ կարեւոր է։
Կարդացեք նաև
Իր այցի վերջում նախարարը ճաշեց դատապարտյալների հետ։
Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով եւ իր խոսքում նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է հիմնարկի պայմաններից, սակայն նշեց, որ մեկ անգամվա այցելությունը բավարար չէ տպավորություն կազմելու համար.«Խնդիրներ կան որոշակի շինարարական աշխատանքների մասով, կան հատվածներ, որտեղ կոնստրուկտիվ խնդիրներ են առաջացել եւ մեր նպատակն էլ հենց այն է, որպեսզի մինչեւ տարվա վերջ այդ խնդիրները շտկենք»։
Նախարարը տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս կգործարկվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որտեղ մոտ 400 դատապարտյալ կտեղափոխվի եւ այս կերպ կնվազեցվի այլ հիմնարկների ծանրաբեռնվածությունը։
Արթուր Օսիկյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ մի քանի խնդիրներ է քրեակատարողական ծառայությունն իր առջեւ դրել. «Առաջինն այն է, որ դատապարտյալների իրավունքների հավասարություն լինի, պետք է նաեւ բացառվեն կոռուպցիոն ռիսկերը, իսկ երրորդ խնդիրը՝ անվտանգության չափանիշների բարելավումն է»։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ