Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Գործընթացը պետք է թափանցիկ դարձնել». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 06,2014 10:45

Հարցազրույց Հայաստանի գործատուների միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Մակարյան, սպառողները սկսել են բողոքել առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումից, որը նկատելի է դարձել հատկապես վերջին երկու շաբաթներին: Շատերը հակված են մտածելու, թե թանկացումները պայմանավորված են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հարկային խստացումներով: Կարո՞ղ էր դա գնաճ հրահրել:

-Որպեսզի հնարավոր լինի պարզել` հարկային խստացումների հետեւա՞նք են թանկացումները, պետք է հասարակությանը հասու դարձնել, թե որ կազմակերպությունը որքան լրացուցիչ հարկ է վճարել պետությանը, գործընթացը պետք է թափանցիկ դարձնել: Այդպես հնարավոր կլինի արագ հաշվարկել, թե թանկացած ապրանքի ներկրողը կամ արտադրողը որքան լրացուցիչ հարկ է վճարել, որի պատճառով թանկացրել է արտադրանքը: Այդ դեպքում կարելի է ասել` գնաճն արդարացվա՞ծ է, թե՞ ոչ:
Թեեւ իմ հաշվարկներով 416 խոշոր կազմակերպություններից պետք է շատ ավելի մեծ գումար հավաքվեր, քան կարողացել են հավաքել հարկային մարմինները: Որքան գիտեմ, այդ թիվը եղել է 35 մլն դոլար: Իսկ դա եթե բաժանենք խոշոր տնտեսավարողների թվի վրա, կտեսնենք, որ գումարն այնքան փոքր է, որ չէր կարող շուկայի վրա գնաճային ազդեցություն ունենալ:

Ստացվում է, որ թանկացումները զուտ տնտեսավարողների քմահաճո՞ւյքն են` գերշահույթ ստանալու համար:

– Եթե իրականում միայն հարկային խստացումներն են գնաճի պատճառ ներկայացվում, դա բարոյական չեմ համարում, քանի որ ընդամենը պատրվակ է գերշահույթ ունենալու համար: Նման դեպքերում անհրաժեշտություն է առաջանում գները սանձահարելու մեխանիզմներ կիրառել: Այլապես ամեն ինչ կարելի է պատրվակ դարձնել ու ինքնանպատակ գներ բարձրացնել:

Տեսեք, ամեն անգամ գազը, հոսանքը թանկացնելուն հաջորդում է տնտեսավարողների արձագանքը, շատ անգամ նրանք պարզապես օգտվում են երբեմն չհիմնավորված թանկացումից ստեղծված իրավիճակից:

Մյուս կողմից էլ վերջին թանկացումները կարող են պայմանավորված լինել աշխարհի խառնաշփոթով` հատկապես Ռուսաստանի եւ Ուկրաինայի իրադարձություններով: Ուկրաինան Հայաստանի առեւտրային խոշոր գործընկերների հնգյակի մեջ է: Մենք այնտեղից մոտ 215 միլիոնի ապրանք ենք ներմուծում, 15 մլն-ի էլ արտահանում ենք այդ երկիր: Ընդհանուր արտաքին առեւտուրը մոտ 230 մլն է: Ընդ որում, ներկրված ապրանքի մեծ մասը սննդամթերք է` ձեթ, կարագ, արեւածաղկի սերմ, կոնֆետեղեն, խմորեղեն եւ այլն:
Այսօր, երբ ուկրաինական շուկան չի կարող նույն հզորությամբ գործել, այդ երկիրն սկսել է որպես գործընկեր իր պարտականությունները վատ կատարել` ելնելով երկրում տիրող պատերազմական, սոցիալ-տնտեսական վիճակից: Ես չգիտեմ` մեր գործատուները հասցրե՞լ են Ուկրաինայի փոխարեն այլ գործընկեր երկիր գտնել, որ կարողանան լրացնել այն ապրանքների բացը, որոնք չեն ստանում Ուկրաինայից: Եթե ոչ` ուկրաինական ապրանքի քանակի նվազումը` դեֆիցիտը, կարող է մեր շուկայում հանգեցնել որոշ ապրանքների թանկացման:
Եվ հետո` գնաճը հավանաբար պայմանավորված է նաեւ գազի գնի վերջին թանկացմամբ: Քանի որ գազի վերջին թանկացումն անմիջականորեն չանդրադարձավ շուկայի վրա, հավանական է, որ հիմա է այդ ազդեցությունը զգացվում:
Դրա հետ մեկտեղ չմոռանանք նաեւ այնպիսի գործոնների մասին, ինչպիսին ռուսական ռուբլու ինֆլյացիան է, տարադրամի կուրսի փոփոխությունը:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930