Մեծ Բրիտանիայի հարավ-արեւմուտքում՝ Ուելսի Նյուպորտ քաղաքում սեպտեմբերի 4-5-ը կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը՝ 28 անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ, ուշագրավ էր` ի համեմատություն նախորդների։
Այս տարվա գագաթնաժողովը տեղի էր ունենում Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու եւ դեպի արեւելյան Ուկրաինա ներխուժման պայմաններում։ «Հյուսիսատլանտյան դաշինքը կանգնած է փոփոխված աշխարհի խնդիրների առջեւ։ Պատրանքներ չպետք է ունենալ: Ռուսաստանը մեզ չի համարում իր գործընկերը: Ռուսաստանը մեզ համարում է հակառակորդ, մենք պետք է հարմարվենք դրան», – գագաթնաժողովին ընդառաջ՝ հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը: Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գագաթնաժողովից առաջ հստակ ուղերձ հղեց Մոսկվային. ԱՄՆ-ը՝ ՆԱՏՕ-ի ամենազորեղ անդամը, օգնության կգա Բալթյան երկրներին արտաքին ագրեսիայի դեպքում: Կրեմլին հասցեագրված ազդակով՝ ՆԱՏՕ-ն պաշտպանելու է իր բոլոր անդամներին, այդ թվում՝ ՌԴ-ի անմիջական հարեւաններին, մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:
Հայաստանը որոշում կայացրեց նախագահի մակարդակով մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Սա Եվրասիական ծրագրերին Հայաստանի ինտեգրվելու ֆոնին բավական կարեւոր քայլ էր, նույնիսկ անսպասելի, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախորդ գագաթնաժողովներին Ս. Սարգսյանը չի մասնակցել: 2010թ. Լիսաբոնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ս. Սարգսյանն իր չմասնակցելու որոշումը պայմանավորել էր գագաթնաժողովի շրջանակներում հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձեւակերպմամբ, ինչպես նաեւ նա չմասնակցեց 2012թ. մայիսին ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթնաժողովին` դարձյալ նույն պատճառաբանությամբ:
ՀԱՊԿ-ին անդամակցող Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ներկայանալը, երբ ՌԴ-ն աննախադեպ հակասությունների մեջ է հյուսիսատլանտյան դաշինքի առաջատար երկրների հետ, ինքնին ուշագրավ փաստ է:
Սերժ Սարգսյանը իր ելույթում հետաքրքրական ակնարկ արեց ՆԱՏՕ-ի շրջանակներում ընդունվելիք փաստաթղթի առնչությամբ. «Երկու տարբերակ կա. կա՛մ կընդունվի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, այստեղ` ի դեմս ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, կա՛մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարեւան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որեւէ լավ տեղ չի տանում։ Կա՛մ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա՛մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որեւէ արժեք չտվող ու նման թղթերից թեւեր առնող Ադրբեջանը»։ Ակնարկը հստակ էր. Ուելս մեկնելուց առաջ Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների մեկնարկին վստահեցրեց, թե Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն միայն այն բանից հետո, երբ կհանգուցալուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությունը, ապա ազդարարեց, թե ԼՂ հարցն ընդգրկվելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում, ու Թուրքիան այնտեղ հիշեցնելու է Ադրբեջանին դաշինքի տված խոստումների կատարման կարեւորության մասին: Էրդողանն ինչպես եւ խոստացել էր` ՆԱՏՕ-ի ամբիոնից «կրտսեր եղբոր» պահանջին համահունչ ելույթ ունեցավ ԼՂ խնդրի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հովանու ներքո կայացավ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ուելսի եռակողմ հանդիպմանը, ի տարբերություն Սոչիի բանակցությունների, որտեղ սեղանի շուրջ նստած էին երեք երկրների նախագահները, մասնակցում էին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: ԱՄՆ պետքարտուղար Քերին ընդգծեց հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը եւ կոչ արեց գտնել մեխանիզմներ հակամարտության լարման թուլացման եւ կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման համար: ԱՄՆ պետքարտուղարը կարեւորեց նաեւ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով բանակցությունների շարունակումը եւ իր պատրաստակամությունը հայտնեց` աջակցել խնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը:
Արեւմուտքի աջակցությամբ, հավանաբար, եւս մեկ եռակողմ հանդիպում կկազմակերպվի: Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման մասին հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ քննարկվել է առաջիկայում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախատեսվող եռակողմ հանդիպման հարցը: Սոչիի եռակողմ բանակցություններից հետո Արեւմուտքը վստահաբար որոշել է ԼՂ կարգավորման «ղեկը» գոնե այս պահին վերցնել Պուտինի ձեռքից:
Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կարեւոր երկու քայլ արեց իր մասնակցությամբ. պահպանեց ԵԱՀԿ ՄԽ դերը կարգավորման ապագայում եւ առաջին անգամ այդպիսի բարձր ամբիոնից Ադրբեջանի ղեկավարին «բռնապետ» անվանեց, իսկ Թուրքիայի նոր իշխանությանը` Ալիեւին պաշտպանող:
Իսկ Էրդողանի` «կրտսեր եղբորն» աջակցելու ծրագիրը Ուելսում թերեւս չարժե իրագործված համարել, քանի որ ՆԱՏՕ-ի հռչակագրում «ԼՂ հակամարտություն» արտահայտությունը նախ առհասարակ բացակայում է, իսկ Հարավային Կովկասի երկրներին աջակցելու հատվածը հավասարակշռված է, քանի որ հիշատակվում է միջազգային իրավական նորմերի, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների մասին: ՆԱՏՕ-ի հռչակագրում նշվում է, որ դաշինքի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը. «Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների եւ միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Այդ հակամարտությունների գոյությունը հատուկ մտահոգության առիթ է, քանի որ այն խոչընդոտում է տարածաշրջանի բնակիչների ողջ ներուժը բացահայտելուն` որպես եվրաատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողաբար եւ հզոր քաղաքական կամք դրսեւորելով` մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձեւաչափերի մեջ»,- ասված է հռչակագրում:
Հիշեցնենք, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներից երեք են՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքը։
Գուցե ՆԱՏՕ-ի հռչակագիրն այնպիսին չէ, ինչ ակնկալում էր Սերժ Սարգսյանը, բայց դա նաեւ այն չէ, ինչ կցանկանային այսօր տեսնել Էրդողանն ու Ալիեւը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»,
06.09.2014
Ղրիմի բռնակցուում, ՈՒկրաինա ներխուժուում, … մալադեց: կա չկա դու էլ ես մերոնքական:
Ողջունելի է Ս Սարգսայանի մասնակցությունը: