Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրասիական միություն. օգուտներն ու վնասները

Սեպտեմբեր 06,2014 17:00

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը

Արամ Աբրահամյան.- Որոշ փորձագետների կարծիքով՝ Հայաստանը կանդամակցի Եվրասիական միությանը այս տարվա հոկտեմբերին: Ձեր կանխատեսումները:
Գագիկ Մելիքյան.- Կարծում եմ, որ փորձագետները երեւի այս անգամ չեն սխալվում: Այն գործընթացը, որ իրականացվում է թե՛ Ռուսաստանի կողմից, թե՛ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների կողմից, տանում է դեպի դրան: Հայաստանի քաղաքականությունը միշտ եղել է այդ ուղղությամբ, չնայած որոշ փորձագետներ կարծիքներ են հայտնել, որ Հայաստանը մի տարի առաջ փոխել է իր քաղաքականությունը: Բայց ես ընդհանրապես այդ կարծիքը չեմ կիսում. Հայաստանը միշտ հայտարարել է, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մեր անվտանգության երաշխավորը:

Ա. Ա.- Իսկ կարո՞ղ է այս անգամ էլ չստացվի, որովհետեւ հիշո՞ւմ եք՝ ասում էին 2 շաբաթից, մի ամսից, հետո՝ 3 ամսից, հետո Նազարբաեւը ինչ-որ հայտարարություն արեց եւ այլն. հիմա հնարավո՞ր է այդպիսի բան լինի, թե՞ ոչ:

Հովհաննես Իգիթյան.- Եթե մեր տնտեսությունը մեկ տարի անորոշության մեջ է, դա շատ վատ է: Նայեք արդյունքներով՝ հիմա կրճատվել են օտարերկրյա ուղղակի ներդրումները, ներքին շուկայում խաղացողները չգիտեն՝ ինչ է լինելու վաղը: Պարզ է, որ երկարատեւ բիզնես-ծրագրերը չեն կարող աշխատել, որովհետեւ Մաքսային միության անդամակցության դեպքում գործում է մի տնտեսական մոդել, իսկ առանձին Հայաստանի դեպքում՝ այլ: Եվ երբ որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո բոլորը ոգեւորված ասում էին՝ սա է մեր ուղին, եւ Հայաստանը պատրաստ կլինի 2 շաբաթ հետո, 1 ամիս հետո, ինչո՞ւ անդամ չդարձանք: Եթե Հայաստանը պատրաստ է, եւ այնտեղ մեզ սպասում են, բայց 1 տարի մենք անդամ չենք, դա արդեն նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ, դա նշանակում է, որ հարցը տնտեսական չէր, քաղաքական էր, եւ հիմա մենք ավելի շատ հարցեր ունենք, քան այն ժամանակ: Այն ժամանակ մեկ հարց կար, օրինակ՝ 800-900 ապրանքատեսակների դեպքում Հայաստանին թույլ կտա՞ն բացառություն լինել, թե՞ չէ, հետագայում հարց է բարձրացրել Նազարբաեւը, թե Հայաստանը պետք է Ղարաբաղի հետ մաքսակետ ունենա, այդ հարցի պատասխանը ունե՞նք, թե՞ չէ: Եվ այսօր ունենք այլ հարցեր. օրինակ՝ այն պատժամիջոցները, որ գնալով Ռուսաստանի հանդեպ ուժեղանում են, ազդելո՞ւ են Հայաստանի վրա, եթե Հայաստանը Մաքսային միության անդամ լինի, թե՞ ոչ: Գիտեք, որ Նազարբաեւի այդ հայտարարությունը պատահական չէր, դա կապված էր եւ հենց պատժամիջոցների, եւ այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանը փորձում է իր տնտեսական դաշինքի անդամներին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է գնալ այդ ուղղությամբ, ես չգիտեմ:

Ա. Ա.- Այսինքն՝ մաքսակետ լինելո՞ւ է, թե՞ չի լինելու, 800, թե 900 ապրանքները լինելո՞ւ են բացառություններ, թե՞ չեն լինելու, այդ հարցը հստակեցվե՞ց այս մեկ տարվա ընթացքում:

Գ. Մ.- Ես կարծում եմ, որ մեր իշխանությունների կողմից, մեր հանրապետության ղեկավարի կողմից պաշտոնական եւ ոչ պաշտոնական առիթներով մի քանի անգամ ասվել է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի մեջ մաքսակետ ընդհանրապես չի լինելու, դա չի՛ կարող լինել: Դա ե՛ւ իմ կարծիքն է, ե՛ւ իմ կուսակիցների, ե՛ւ խմբակցության անդամների, ե՛ւ հանրապետության ղեկավարի: Ես նորից եմ հայտարարում, որ դա մեր հանրապետությանը, մեր պետությանը, մեր ժողովրդին, ազատ, անկախ Արցախի ժողովրդին, Արցախի պետությանը ձեռնտու չէ: Իսկ այն, ինչ ձեռնտու չէ մեր ժողովրդին՝ չի կարող լինել:

Ա. Ա.- Ապրանքների հարցը:

Գ. Մ.- Ապրանքների առումով, իհարկե, բանակցություններ գնում են: Վերջին հայտարարությունները՝ թե՛ մեր էկոնոմիկայի նախարարի, թե՛ մեր վարչապետի կողմից եւ թե Ռուսաստանի ու հենց Ղազախստանի արտգործնախարարի կողմից արված, խոսում են այն մասին, որ իրոք այդ բնագավառում լուրջ խնդիրներ մեզ չեն մնացել, մի քանի մանր խնդիրներ կան, որոնք կարծում եմ՝ մինչեւ հոկտեմբեր պետք է որ լուծված լինեն:

Ա. Ա.- Նաեւ ձեր գործընկերներն ասում են, որ խնդիրները քաղաքական են, տնտեսական չեն, համաձա՞յն եք, թե՞ ոչ:

Գ. Մ.– Ես համաձայն եմ՝ այն առումով, որ ցանկացած տնտեսական միություն, այդ թվում նաեւ Եվրասիական տնտեսական միությունը, իր մեջ քաղաքական հիմքեր կունենա եւ չի կարող չունենալ: Բայց մենք փորձում ենք Եվրասիական տնտեսական միությունը հենց տնտեսական առումով դիտարկել, քաղաքական այն խնդիրները, որոնք կբարձրացվեն ընթացքում եւ չեն բխի մեր շահերից, կարծում եմ, որ համարժեք պատասխաններ կլինեն:

Ա. Ա.– Այսինքն՝ մենք այդքան ներուժ կունենա՞նք, որ Ռուսաստանին ասենք՝ ո՛չ:

Գ. Մ.– Ես չեմ կարծում, որ խնդիրն այն է, որ մենք Ռուսաստանին ասենք՝ ո՛չ, կարծում եմ, որ Ռուսաստանը կհամակերպվի այն մտքի հետ, որ նման խնդիրներ մեր առջեւ չեն դրվի: Համոզված եմ, որ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները տարածաշրջանում, Ուկրաինայի շուրջ, այն սանկցիաները, որ կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, իրենց բացասական ազդեցությունը ունենալու են ոչ միայն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների, այլ նաեւ նրանց հետ համագործակցություն իրականացնող երկրների վրա, բայց մենք պետք է նաեւ ոչ միայն դա փորձենք շրջանցել, փորձենք ավելի քիչ վնասով դուրս գալ, այլ ավելին՝ ինչ-որ առումով փորձենք օգտվել դրանից՝ ի շահ մեր պետության:

Քննարկումն ամբողջությամբ`

 

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Շրջանցել սանկցիանե*րը:Հուզիչ է:Յանուսի դեմքով հանդես եկեք:Դա էլ չի փրկի:Ցեցը գերանից է, գերանը կնկնի:Այրվելու է գերանը և այրվելու են ֆաշիզմի ցեցերը:Այն աշխարհում ոչ մեկի պետք չէ, այն իր ցեցի թիթեռներով լցվել է մարդկության համբերության բաժակը:Համամարդկային կարծիքն անբեկանելի է, միտքը`արդար,ելքը`որոշյալ, ժամանակը`հրատապացող:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930