Պետրոս Մակեյանը պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանին ժողովուրդը չի ընտրել
Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը նորից հասարակության մի ստվար խմբի մոտ առաջացրեց այն մտավախությունը, որ երկրորդ նախագահը հաստատում է՝ ինքը իշխանության գալու մասին հաճախ է մտածում: Նույն համատեքստում քննարկումներ են ծավալվում, թե ո՞ր կուսակցությունից կառաջադրվի երկրորդ նախագահը, եւ, հաշվի առնելով խորհրդարանական կուսակցությունների վարքագիծը Քոչարյանի անունը լսելիս, հանրապետության երկրորդ նախագահը ընտրության լայն հնարավորություն ունի: Ժամանակին Քոչարյանն ասում էր, որ իր կուսակցությունը ժողովուրդն է, սակայն ԲՀԿ-ն երբեք կտրականապես չի ժխտել, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի իր թեկնածուն, վերջերս էլ ՀՀԿ-ն՝ ի դեմս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, նույնպես չբացառեց Քոչարյանի՝ Հանրապետական կուսակցությունից թեկնածու առաջադրվելը, դե, իսկ ՀՅԴ-ն միշտ է դիտվել որպես նրա «հենասյուն»:
Խորհրդարանական կուսակցությունների այս վարքագծի մասին «Առավոտը» խոսեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ: Նա այս ամենը պայմանավորեց վախով, զգուշությամբ, նաեւ նշեց, որ բոլոր այդ կուսակցությունները ժամանակին աջակցել են Ռոբերտ Քոչարյանին: «Երբ որ կառավարությունը փոխվեց, տպավորությունն այնպիսին էր, որ Քոչարյանը մտավ խաղի մեջ, որովհետեւ կառավարության մեծ մասը իր կադրերն էին: Այս առումով կարծես բոլորն էլ զգուշանում են, չի բացառվում, որ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը երբեք իրար դեմ դուրս չեն գա, եւ իրենք երկուսով խաղում են. բոլորը, սկսած քաղաքական կուսակցություններից եւ անհատներից, վախենում են, որ հանկարծ սխալ թույլ չտան»,- ասում է պարոն Մակեյանը: Չնայած որ այս ամենը, ըստ Մակեյանի, ամենայն հավանականությամբ, Սարգսյան-Քոչարյան ծրագրի մի մասն է, սակայն նա կարծում է, որ Սերժ Սարգսյանը ձիու քայլ է անելու. «Քոչարյանին դեմ է տալիս, բայց հետո մեկ ուրիշին է ցույց տալու՝ ավելի ընկալելի հասարակության համար»:
Անդրադառնալով Քոչարյանի այն խոսքին, թե իր կուսակցությունը ժողովուրդն է, պարոն Մակեյանը ասում է. «Իր իշխանության տասը տարում հասկացանք, որ իր ժողովուրդը կրիմինալն է, օլիգարխներն են, ժողովուրդ հասկացության տակ դա էր ընկալվում»: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը նշում է, որ Քոչարյանը հասկացել է՝ հայ ժողովուրդը իրեն չի ընտրում: «Դրա համար նա նաեւ վրեժ լուծեց՝ Մարտի 1 սարքեց ժողովրդի գլխին: Ժողովրդի միջից դուրս եկածը ո՞նց կարող էր ժողովրդի վրա կրակել մայրաքաղաքում: Ժողովուրդը ոչ մի անգամ նրան չի ընդունել: Նա երկու անգամ նախագահի թեկնածություն է դրել եւ երկու անգամն էլ խայտառակ ձեւով տարվել է՝ Դեմիրճյաններ հայր եւ որդուն»:
Կարդացեք նաև
Պետրոս Մակեյանը նշում է, որ այժմ Քոչարյանին սպասարկում է ոչ իշխանական քառյակը՝ ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, ՀԱԿ-ն էլ կցված է ԲՀԿ-ին: «Օլիգարխիան, որը որ անսահման հարստացել է Քոչարյանի ժամանակ, հիմա էլ ցանկանում է, որ Քոչարյանը նորից վերադառնա»: Չնայած այս ամենին՝ պարոն Մակեյանը համոզված է, որ երկրորդ նախագահը ընդդիմություն չի կարող դառնալ. «Դա Քոչարյան Ռոբերտի եւ Սերժ Սարգսյանի սցենարն է, այդ սցենարի մեջ ընդգրկված էր նաեւ ոչ իշխանական քառյակը՝ օգտագործել որպես ընդդիմության, բայց ընդդիմությունն այսօր ժողովուրդն է եւ քաղաքական դաշտից արհեստականորեն դուրս մղված այն գործիչները, որոնք ոչ մի ժամանակ չեն մտել գործարքի մեջ իշխանության հետ»,- ասում է նա:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.09.2014