Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ կառավարությունում հիշեցին վիրավորված պաշտոնյաներին

Սեպտեմբեր 06,2014 15:00

Երեկ կառավարության նիստին, ռուսի ասած՝ «ни с того, ни с сего» մեկ էլ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը սկսեց ներկայացնել հայաստանյան օրենսդրությունը՝ թե ինչպես կարելի է պաշտպանել պետական պաշտոնյաներին վիրավորանքների ու զրապարտությունների դեպքում: Նախարարի այս ելույթը նիստի օրակարգում ներառված չէր: Հետո պարզվեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարգադրել էր ուսումնասիրել մեր օրենսդրությունը, պարզել, թե միջազգային պրակտիկայում ինչպես է կարգավորվում խնդիրն ու ներկայացնել իրեն, այն բանից հետո, երբ ամիսներ առաջ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի ակցիայի ժամանակ մետաղադրամներ էին նետել կառավարության անդամների վրա: Սա խորապես վիրավորել է կառավարության անդամներին, իսկ մետաղադրամների նետումը միակ դեպքը չէ, որ կարող է վիրավորանք դիտվել. արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի՝ սահմանադրական բարեփոխումների թեմայով մի քննարկման ժամանակ քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը «ղալաթ եմ անում» գրառմամբ, պաստառ էր փակցրել պարոն Թովմասյանի առջեւ, մի պաստառ էլ՝ ԱԽՔ գրառմամբ փակցրել էր ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի դիմաց:

Մեր օրենսդրությունը, ինչպես կառավարության նիստին ներկայացրին ոլորտի պատասխանատուները, բավարար է վիրավորողին, եթե դա իսկապես վիրավորանք է, պատասխանատվության ենթարկելու համար: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պարբերաբար հորդորում էր պաշտոնյաներին՝ դիմեք դատարան, եթե մի քանի անգամ դիմեք դատարան, նախադեպ կլինի:

Ինչի՞ց են վախենում այդքան վիրավորված պաշտոնյաները, որ որոշեցին օրենքը վերհիշել:
Քաղաքացիական ակտիվիստները կարծում են, որ կառավարությունը փորձում է վախեցնել ու ազդակ է ուղղում հասարակությանը՝ ավելի կոռեկտ լինել բողոքի ակցիաների ժամանակ:

«Դեմ եմ»-ի անդամ Արսեն Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Լավ է, որ օրենքները փորձում են վերանայել, սակայն այդ վերանայելու արդյունքն է ավելի կարեւոր: Եթե ուզում են պետական պաշտոնյաներին ավելի պաշտպանել քաղաքացիական ակտիվիստներից կամ քաղաքացիական շարժումներից, ապա դա ինձ համար զավեշտ է, որովհետեւ չեմ կարծում, որ ինչ-որ պաշտոնյա ինչ-որ կերպ մինչ այժմ տուժել է քաղաքացիական ակտիվիստներից: Պաշտոնյաները պաշտպանված են օրենքով եւ կարող էին դիմել դատարան՝ նույն մանրադրամներ նետելու համար»: Արսեն Մանուկյանի դիտարկմամբ՝ հասարակությունն իրեն ավելի կոռեկտ է պահում, քան նույն պաշտոնյաները, որոնց փորձում են պաշտպանել. «Նախ՝ այդ պաշտոնյաները պետք է իրենք օրենքը պաշտպանեն: Կարծում եմ՝ այդ քննարկումը օդ կրակոց է՝ զգուշացնում են ակտիվիստներին կոռեկտ լինել: Բայց մենք մտահոգվելու կարիք չունենք, ի սկզբանե որեւէ օրենք չենք խախտել»:

Կառավարությունում վիրավորանքի մասին օրենսդրությունը վերհիշելը քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը եւս համարում է ակտիվ հանրությանը վախեցնելու միջոց. «Մեր քաղաքացին շատ ավելի անպաշտպան է, քան իրենք, եթե նրանք դիմեն դատարան որեւէ ակտիվիստի դեմ, պարզ է՝ ինչ որոշում կկայացվի»:

Վիլենը գտնում է, որ «անպաշտպան» պաշտոնյաներն ավելի շատ վախենում են հրապարակային պախարակումից, ընդ որում՝ այդ հրապարակային պախարակումը շատ վատ է անդրադառնում վիրավորված պաշտոնյայի վրա հոգեբանական իմաստով. «Քանի որ մեր երկրում քրեաօլիգարխիկ համակարգ է, պաշտոնյան պարտադիր պետք է «անուն» ունենա, «ավտարիտետ» լինի, եւ երբ դու ենթարկում ես հրապարակային պախարակման, երբ նման ակցիաներ ենք անում, դրանք ազդում են ոչ միայն հասարակական կարծիքի վրա, այլեւ իրենց՝ պաշտոնյաների շրջապատում, իրենց ներսում եղած կարծիքի վրա: Ասենք՝ «լավ տղու» անվանն ենք կպնում, համակարգի ներսում կարծես ստորադասվում է տվյալ պաշտոնյան, փչանում է: Իհարկե, ես նման նպատակ չունեմ: Հրայր Թովմասյանի դեպքում խնդիրը ոչ թե վիրավորելն էր, այլ ծաղրելը, իրեն ծաղրեցին, ինքը կուլ գնաց: Գիտեք, եթե անգամ օրենքը խստացնեն, որոշեն պատժել մարդկանց, դա ինձ չի կանգնեցնելու. ես, որպես քաղաքացի, շատ ավելի անպաշտպան եմ, ավելի վիրավորված եմ զգում այս իշխանությունների պահվածքից՝ բոլոր առումներով՝ սոցիալական, քաղաքական, անվտանգության, որովհետեւ եթե համակարգը որոշի մի բան անել՝ վնասել կամ մի ուրիշ բան, ապա անկախ ամեն ինչից՝ անելու է»:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ, անդրադառնալով կառավարության երեկվա քննարկմանը, ասաց, որ վիրավորանքի եւ զրպարտության օրենքը 4 տարի առաջ է ապաքրեականացվել, եւ հիմա գուցե փոշմանել են կամ ափսոսում են դրա համար. «Իրենք կռահում են, որ քաղաքացիական օրենսդրության պարագայում իրեն վիրավորված կամ զրպարտված համարող անձն ինքն անձամբ պետք է դիմի դատարան, իսկ քրեականի դեպքում դատախազությունը կամ ոստիկանությունը պիտի զբաղվեն դրանով: Այսինքն՝ եթե ես բացականչեմ՝ «Սերժիկ-տամոժնիկ», եւ եթե դա լիներ 5 տարի առաջ, հնարավոր է՝ դատախազությունը որոշեր, որ իմ բացականչության մեջ վիրավորանք կա, եւ սկսեր զբաղվել, անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը լսե՞լ է այդ խոսքերը, թե՞ ոչ, կամ իրեն համարո՞ւմ է վիրավորված, թե՞ ոչ: Երեւի կռահել են՝ այ մարդ, էս ինչ կրակ արեցինք՝ ապաքրեականացրինք»:

Երեկ կառավարության նիստում գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը օրենքի դրույթները լսելուց հետո ոգեւորվեց եւ դժգոհեց, որ 1 տարի է, ինչ իրեն կառավարության շենքի մոտ մի մարդ հայհոյում է, եւ այդ մարդը գնալով ավելի ագրեսիվ է դառնում: Վարչապետն էլ հետաքրքրվեց՝ ակադեմիկ մարդուն հայհոյում են, ինչո՞ւ չեն պաշտպանում եւ այլն: Գլխավոր դատախազն էլ նորից հորդորեց դիմել դատարան: Լեւոն Բարսեղյանն այս առնչությամբ հետեւյալն ասաց. «Ես հիշում եմ՝ կառավարական տան դիմաց բացականչող այդ մարդու բերանը ոնց էր ոստիկանն իր ձեռքը մտցրել՝ իբր թե վիրավորում է: Բայց այդ հոդվածով տուգանքի շեմերն ահագին բարձր են. վիրավորանքը՝ 1 միլիոն դրամ, զրպարտությունը՝ մինչեւ 2 միլիոն դրամ: Պետք է սրանք նվազեցնեն: Մարդը զայրացել է, բան է գոռացել, որի մեջ վիրավորանք կա, պիտի ռեժիմին 1 միլիոն դրա՞մ մուծվի: Չնայած այս ամենին, չեմ կարծում, թե Հովիկ Աբրահամյանը ծրագիր ունի վիրավորանքն ու զրպարտությունը քրեական օրենսգիրք վերադարձնելու, խայտառակ մեծ աղմուկ կլինի: Կարող է, «Մեծ ախպորից»՝ Կրեմլից, Պուտինից բան սովորեն, փորձեն նույնն անել, բայց հեշտությամբ չեն մարսի. դրանով կզարգացնեն լրագրության մեջ ֆելիետոնային ժանրը, որտեղ մարդկանց ճշգրիտ անուն-ազգանունները չեն գրի, բայց նույնականացնելու համար կգրեն ասենք ՝ «վոժդը», «սատկած առյուծը», բոլորը կհասկանան՝ ում մասին է խոսքը, բայց հայցվոր կամ մեղադրյալ չի կարող լինել»: Հիշելով պաշտոնյաների կողմից քաղաքացիներին վիրավորելը, օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը քաղաքացուն ոչխար էր անվանել, Լեւոն Բարսեղյանը նկատեց. «Իհարկե, քաղաքացին էլ կարող է դիմել դատարան, բայց հաղթելու հավանականությունը զրո է: Հայաստանում համարյա ավտորիտար ռեժիմ է, մնում է հասարակական պարսավանքը: Քանի՞ դատավոր գիտենք, որ ինքնուրույն որոշում կկայացնի, ասենք, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի դեմ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930