Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվեց 3 տարի ժամկետով

Սեպտեմբեր 06,2014 14:30

Մելիք Բաբագյուլյանի գործով բողոք է բերվել քրեական վերաքննիչ դատարան

Մեղադրանքը պաշտպանած դատախազը պահանջել է բեկանել եւ փոփոխել ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Համաձայն այդ դատավճռի՝ ամբաստանյալ Մելիք Բաբագյուլյանը դատապարտվել էր ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ՝ զրկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով:

Դատարանը նրա նկատմամբ կիրառել էր «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի 2013 թ. հոկտեմբերի 3-ի որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետը, նրան ազատել էր հանցանքների համակցությամբ 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ձեւով նշանակված հիմնական պատժից:

Մելիք Բաբագյուլյանը, ըստ մեղադրանքի, աշխատել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավար եւ հանդիսացել է պաշտոնատար անձ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նա անձնական դրդումներից ելենելով, «խմբային շահերից ելնելով», այն է` «այլ անձանց համայնքային սեփականություն հանդիսացող այլ հողերի օտարման (տրամադրման) շահագրգռվածությամբ» կատարել է պաշտոնեական կեղծիք:

Նա համայնքի ավագանու անդամ Մինաս Ղազարյանի՝ հանրապետությունից բացակայելու եւ ավագանու նիստին չմասնակցելու պայմաններում, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող համայնքի ավագանու 07.06.2011թ. նիստի N 4 արձանագրությունում կատարելով կեղծիք՝ ստորագրել է Մ.Ղազարյանի փոխարեն:

Մեկ այլ դրվագով, նա համայնքի ավագանու անդամ Գեւորգ Կարապետյանի` հանրապետությունից բացակայելու եւ ավագանու նիստին չմասնակցելու պայմաններում, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող համայնքի ավագանու 16.08.2012թ. նիստի N 6 արձանագրությունում կատարելով կեղծում` ստորագրել է Գ.Կարապետյանի փոխարեն:
Եղեգիս համայնքի ղեկավարը կատարել էր պաշտոնեական կեղծիք 4 դրվագով, այսինքն՝ կատարել է հանցանք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեկ այլ դրվագով, Մ.Բաբագյուլյանի նախաձեռնությամբ Եղեգիս համայնքի ավագանու կողմից հաստատված համայնքի 2012 թվականի բյուջեում ընդգրկվել է համայնքի կարիքների համար ավտոմեքենայի ձեռքբերումը: Համայնքի բյուջեից նախատեսվել է այդ առումով հատկացնել 1.700.000 ՀՀ դրամ գումար: Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ համայնքի բյուջեից խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ Մելիք Բաբագյուլյանը գործի նյութերի համաձայն, 2012թ. ապրիլին «համացանցում փնտրել եւ գտել է էժան գնով վաճառվող «Վազ 2121» մակնիշի 65 ՕՏ 850 համարանիշի ավտոմեքենա, որից հետո Երեւանում բնակվող իր ծանոթ Ս. Կարապետյանին խնդրել է միասին այցելել համացանցով իր նկատած ավտոմեքենայի տիրոջը, ասելով, որ ցանկանում է գյուղապետարանի համար ավտոմեքենա գնել, սակայն այդ ավտոմեքենայի գումարը պետք է փոխանցումով վճարվի, իսկ դրա համար իրեն վստահելի մարդ է պետք: Սարգիս Կարապետյանը չի մերժել Մելիք Բաբագյուլյանի խնդրանքը:

Համայնքի ղեկավարը, որդու եւ Ս.Կարապետյանի հետ միասին գնացել են «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Ա.Շիրվանյանի տուն; Նրանք համաձայնության են եկել ավտոմեքենան 1.000 ԱՄՆ դոլար գումարով գնելու հարցի շուրջ: Որպես երաշխավորության գումար՝ Մելիք Բաբագյուլյանը 100 ԱՄՆ դոլար է վճարել Ավետիս Սողոմոնյանին` պայմանավորվելով հաջորդ օրը ավտոմեքենան հաշվառել:
Հաջորդ օրը միասին նրանք գնացել են Երեւանի ոստիկանության հաշվառման քննական բաժին, ձեւակերպել ավտոմեքենայի առքուվաճառքը եւ հաշվառումը Ա.Շիրվանյանի ամուսնու անվամբ: Մեկ օր հետո վճարվել է մեքենայի արժեքի մնացած մասը՝ 900 ԱՄՆ դոլարը: 330.000 դրամ իրական արժեքով 1985թ. արտադրության ավտոմեքենայի համար Մելիք Բաբագյուլյանը որոշել է համայնքի բյուջեից փոխանցել 1.700.000 ՀՀ դրամ՝ այդ գումարից 1.370.000 դրամը պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով յուրացնելու եւ իր անձնական կարիքների համար օգտագործելու նպատակով:

Համայնքի ղեկավարի թիվ N 4/2 կարգադրությամբ համայնքապետարանի ֆինանսիստ-գանձապահը ձեւականորեն նշանակվել է գնումների համակարգող, ձեւականորեն ստեղծվել է գնահատող հանձնաժողով: Համայնքի ղեկավար Մելիք Բաբագյուլյանի կողմից «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված մրցութային ընթացակարգի պահանջների խախտմամբ կազմվել է ավտոմեքենայի գնման համար փաստաթղթերի փաթեթը՝ գնումների համակարգողին եւ գնահատող հանձնաժողովին հավաստիացնելով, որ բոլոր փաստաթղթերն օրինական են:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930