Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ինձ դավաճանի, թող ուրիշ ընտանիք ունենա, միայն թե էդ թուրք բարբարոսների տանջանքներին ենթարկված չլինի»

Սեպտեմբեր 06,2014 14:00

Ժաննա Մխոյանը 20 տարի անց էլ սպասում է ամուսնու վերադարձին

Արդեն 20-րդ տարին է՝ սպասման ծանր ապրումները հանգիստ չեն տալիս Տաշիրի բնակիչ Ժաննա Մխոյանին:

26 տարեկան էր, երբ ամուսնացավ: Ընտանեկան երջանկությունը, սակայն, երկար չտեւեց: 4 տարի անց շատերի նման տիկին Ժաննայի ամուսինը եւս համալրեց հայրենիքի պաշտպանների շարքերը:

«1994 թվականն էր, իմ աղջիկը ծնվեց ապրլի 9-ին, ընդամենը 10 օրական էր, հավաքներ կային այն ժամանակ, ճանապարհներից բռնում, տանում էին զինկոմ, այնտեղից էլ տանում էին կռիվ: Նոր էինք հիվանդանոցից եկել, մի քանի օր անցավ, ու ամուսնուս տարան»,- «Առավոտի» հետ զրույցում հիշում է Ժաննա Մխոյանը:

Սկզբում կնոջը չէին հայտնել ամուսնու մահվան մասին, բայց սիրտն զգացել էր, որ ինչ-որ բան այն չէ:

«Այդ օրը ոնց որ յուրահատուկ օր լիներ, գրքերը շուռ էին գալիս, ինչ-որ բան էր կատարվում, ընկնում, տանը մարդիկ էին ելումուտ անում, զգացվում էր, որ ամուսնուս հետ ինչ-որ բան է պատահել: Ինձ չէին ասում: Հետո մամաս ասաց, որ զինկոմի կողմից տեղեկացվել է, որ Հովհաննեսը զոհվել է»,-պատմում է Ժաննան:

Ամուսնու դիակի փնտրտուքները, սակայն, արդյունք չեն տվել. հարազատները չեն ճանաչել Հովհաննեսին: Ազատամարտիկ Հովհաննես Գեւորգյանին դատարանը զոհված է ճանաչել, թեեւ նա անհայտ կորածի կարգավիճակ ունի:

«Մինչեւ էսօր ես ինքս ինձ հուսադրելով, իմ անձը մոռացած՝ արդեն նվիրվել եմ իմ երեխային: Սրտիս դուռը փակել եմ, աշխատում եմ հետ չնայել, որ չխելագարվեմ, հանուն երեխայիս, նրա ապագայի համար եմ ապրում»,- ասում է անհայտ կորած ազատամարտիկի կինը:

Ու թեեւ այսքան տարիների ընթացքում ամուսնուց ոչ մի լուր չկա, այնուամենայնիվ, Ժաննան սպասում է ամուսնու վերադարձին, համաձայն է անգամ իրեն դավաճանած լինի, միայն թե տանջանքների ենթարկված չլինի:

«Աղջիկս ասում է՝ մամ, հույսեր չկան, հույսեր մի փայփայիր, բայց ես հույս ունեմ, մտածում եմ, գոնե, եթե կենդանի է իմ ամուսինը, թող ինձ դավաճանի, թող ուրիշ ընտանիք ունենա, միայն թե հանկարծ էդ թուրք բարբարոսների տանջանքները ինքը չապրի, տանջանքների ենթարկված չլինի»,- աչքը ճանապարհին՝ ասում է տիկին Ժաննան:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930