Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն կանգնած բան ֆալոս չէ»

Սեպտեմբեր 06,2014 13:30

Ըստ մասնագետի, «Առագաստ» սրճարանի այգու վիշապաքարը վտանգված է

Վիշապաքարերը կենդանական պատկերագրությամբ օժտված հուշարձաններ են: Ըստ մասնագետների, նրանց անվանումը թերեւս առնչվում է տեղական ավանդույթներին, որոնցում օրինակ՝ վիշապները կարող էին կապվել լեռներում ապրող հսկաների հետ. անունը կարող էր նաեւ առաջանալ պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում:

Հազարամյակներով կանգուն հնամյա քարե այս կոթողները ճիշտ չընկալվելու պատճառով, ներկայումս հաճախ մեզ են ներկայանում «պառկած» վիճակում: Օրինակ՝ «Առագաստ» սրճարանի այգու վիշապաքարը, որը «պառկել» է, որպեսզի «չշփոթվի» ֆալոսի հետ:

Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանը նախ ժպտալով ասաց. «Ամեն կանգնած բան ֆալոս չէ, այնպես, ինչպես ամեն փայլող բան ոսկի չէ»: Հետո էլ հայտնեց, որ կոնկրետ «Առագաստ» սրճարանի դիմաց գտնվող բացառիկ վիշապաքարը, տարբեր ժամանակներում տեղափոխել են այստեղից-այնտեղ, ու վերջապես հանգրվանել է այգում: Գիտնականի հավաստմամբ, կոթողը եզակի է, նրա փորի վրա կա պատկերված ցլի մորթի, որը ոչ ճիշտ՝ երեք քարե պատվանդանի վրա տեղադրվելու արդյունքում, նախ չի երեւում, ավելին՝ պատվանդանին հպվելու արդյունքում մաշվում է: Մասնագետը վստահեցնում է, թե մ. թ. ա. 2-րդ հազարամյակից եկող (հնարավոր է ավելի հին) վիշապաքարերը, որ հանդիպում են միայն Սյունիքում, Գեղամա լեռներում, Արագած լեռան վրա, Ջավախքում եւ Տայք նահանգում (ներկայիս Թուրքիայի տարածք), պետք է գտնվեն իրենց «ծննդավայրերում»: Արմեն Պետրոսյանը նշում է նաեւ, որ, ասենք, դրանք գրագետ մատուցելու համար կարելի է կազմակերպել զբոսաշրջային ուղերթեր: «Վիշապաքարե կոթողների, բարձրարժեք ու բարձրակարգ այս հուշարձանների մասին մեր հասարակության մեծ մասը, ցավոք, անտեղյակ է: Դա է պատճառը, որ վերջին կես դարում դրանք տեղաշարժվել են իրենց նախնական տարածքից: Եթե ծառը արմատախիլ ես անում, տեղը չի աճում երկրորդը: Սա տեղին է համեմատել հենց վիշապաքարի հետ: Ի միջիայլոց, դրանց ուսումնասիրությունները սկսվել են 20-րդ դարի սկզբից, Ատրպետի, ապա Մառի եւ Սմիրնովի կողմից, 1931-ին հրատարակվել է գիրք վիշապաքարերի մասին»,- հայտնեց պարոն Պետրոսյանը: Գիտաշխատողը սխալ տեղադրված հիշյալ վիշապաքարի առնչությամբ էլ հավելեց, որ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մասնագետները բազմիցս դիմել են ե՛ւ քաղաքապետարան, ե՛ւ թաղապետարան, ե՛ւ մշակույթի նախարարություն, բայց անարդյունք: «Այդ սխալն ուղղելու համար ընդամենը հարկավոր է շուրջ 1000 դոլար»,- նշեց հնագետը:

vishapaqar

Արմեն Պետրոսյանը նշեց, որ մինչեւ տարեվերջ կհրատարակվի իր ու գործընկեր, հնագետ Արսեն Բոբոխյանի հեղինակած գիրքը, որտեղ զետեղված կլինեն 2012թ. իրենց ինստիտուտում տեղի ունեցած՝ վիշապաքարին նվիրված գիտաժողովի մասնակից 6-7 արտերկրյա գիտնականների (Վրաստան, Ռուսաստան, Գերմանիա, Հոլանդիա եւ այլն) զեկուցումները: «Դա կլինի աշխարհին մինչ օրս համարյա անծանոթ այս հուշակոթողները ներկայացնելու նշանակալի քայլ»,- շեշտեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ Արսեն Բոբոխյանի նախաձեռնությամբ ստեղծվել է հայ-գերմանական արշավախումբ՝ վիշապաքարերը իրենց «ծննդավարյում» ուսումնասիրելու նպատակով, ինչի արդյունքում հայտնաբերվել են շուրջ 2 տասնյակ նոր վիշապաքարեր, որոնք հայաստանյան հնագիտության վերջին ժամանակի թերեւս ամենանշանակալի հայտնագործությունն են:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930