Երկուշաբթի օրը Գյումրու «Ասլամազյան քույրերի» տուն-թանգարանում ՀՀ-ում ռուսական համագործակցության ներկայացուցչությունը կկազմակերպի գիտաժողով` նվիրված 1-ին աշխարհամարտի 100-ամյակին:
Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց պատմաբանների «Վիկտորիա» ակումբի նախագահ Լիլիթ Ասոյանը, որը և կհամակարգի այն: Ըստ մեր զրուցակցի, գիտաժողովին կմասնակցեն մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, նաև Գյումրիում ՌԴ հյուպատոսը, նույն այս քաղաքում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներն ու Գյումրու զինվորական «Պետուշոկ» թաղամասում գտնվող, ՌԴ կառավարությանը ենթարկվող թիվ 19-րդ դպրոցի անձնակազմը: Այն ռուսական համագործակցության ներկայացուցչության հետ առաջին համատեղ միջոցառումն է Գյումրիում:
Լիլիթ Ասոյանի փոխանցմամբ, մասնակիցները սկզբում այցելելու են «Պատվոբլուր» հուշահամալիր, որտեղ հանգչում են ռուս նահատակները: Այնուհետ մասնակցելու են ցուցահանդեսի. ցուցադրվելու են առաջին աշխարհամարտին նվիրված արխիվային լուսանկարներ, որոնք արվել են հենց այդ ժամանակահատվածում` ռազմաճակատից: Լիլիթ Ասոյանի տեղեկացմամբ, լուսանկարներում պատկերված են պատերազմի մասնակիցները, ռուս կայսր Նիկոլայը` իր որդու` թագաժառանգ Ալեքսեի հետ, ինչպես նաև տեսարաններ ռազմաճակատի հոսպիտալներից: Ցուցանմուշները պատմում են ճակատամարտերի, հերոսների սխրանքների, ռազմաճակատի առօրյայի, և թիկունքում տիրող տրամադրությունների մասին: Ներկայացվելու են նաև առաջին աշխարհամարտի քարտեզները, փաստաթղթերը, բացիկները, պաստառները, ինքնագրերը: Ցուցահանդեսը եզրափակելու է Բրեստի պայմանագրի քարտեզը: Ըստ մեր զրուցակցի, ցուցահանդեսից զատ նաև թեմատիկ վավերագրական ֆիլմ է ցուցադրվելու:
Ի դեպ, Լիլիթ Ասոյանը տեղեկացրեց նաև, որ այս գիտաժողովը լուսաբանելու համար հատուկ Գյումրի է ժամանելու ռուսական հեռուստաալիքներից մեկի նկարահանող խումբը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ