Լոռու մարզի Շնող եւ Թեղուտ համայնքների բնակիչները, քանի դեռ տարածաշրջանը չի աղտոտվել հանքարդյունաբերական արտանետումներով, մեղվաբուծությամբ են զբաղվում: «Վալլեքս խումբ» ընկերությունը պատրաստվում է Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի շահագործումից բացի նաեւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման. երբ սկսվեն ակտիվ հանք հանելը, գյուղացիները կարող են հրաժարվել մեղվաբուծությունից, քանի որ այլեւս անհնար կլինի մաքուր մեղր ստանալ:
Շնողի եւ Թեղուտի մեղվաբույծներին իրենց ապրանքը իրացնելու համար աջակցում է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը: Անցյալ տարի, ըստ նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանի, այս համայնքներում կազմակերպած տոնավաճառի ընթացքում վաճառվել է 650 կիլոգրամ մեղր, 750 կիլոգրամ էլ` Երեւանում:
Aravot.am-ը Աննա Շահնազարյանից հետաքրքրվեց, արդյոք գյուղացիների գիտակցությունը չի՞ փոխվել, երբ հանքում աշխատելուն այլընտրանք ունեն` մեղվաբուծություն, գյուղատնտեսություն եւ հյուրատնային բիզնես, հնարավո՞ր է բողոքի ակցիաներ անեն:
«Համայնքներում դժգոհության ալիքի բարձրացում կա, հատկապես հաշվի առնելով, որ կոնկրետ «Թեղուտ» ՓԲԸ-ն իր աշխատանքային պահամաններով, սոցիալական քաղաքականությամբ լուրջ դժգոհության տեղիք է տալիս: Աշխատավարձերն են ցածր, ուշացնում են, իրենք շինարարության փուլից հետո կրճատումներ եղան, եւ հիմա մարդիկ սկսում են դժգոհել, ասելով` «Վալլեքսի» պատճառով մենք հիմա ոչ հող ունենք, որովհետեւ ընկերությունը վերցրել է, ոչ էլ` աշխատանք: Ինչ վերաբերում է ոտքի կանգնելուն, մենք վստահ ենք, որ ոտքի կկանգնեն, եւ ոչ միայն Թեղուտն ու Շնողը, այլեւ` Ամուլսարը, Մեղրին: Պետք է համազգային շարժում լինի, որը կկասեցնի հանքերի այդ տեսակ շահագործումը»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Աննա Շահնազարյանի ներկայացմամբ` այդ համայքներում գյուղացիներ կան, որոնք Եվրոդատարանում փորձում են իրենց իրավունքները պաշտպանել. ««Վալլեքսը» փորձեց կաշառել այդ մարդկանց: Մի քանի հոգի վիճարկում են հանրային գերակա շահ ընդունած իրենց տարածքները. մարդիկ ասում են` մասնավոր ընկերության համար չի կարա լինի հանրային գերակա շահ»:
Քանի որ Շնողում եւ Թեղուտում մաքուր մեղր է արտադրվում, իսկ քաղաքացիական նախաձեռնությունն օգնում է իրացնել այն, նախաձեռնությունը չի՞ պատրաստվում նաեւ արտահանման խնդիրներով զբաղվել, ասենք` ռուսական շուկա, Aravot.am-ի այս հարցին էլ Աննա Շահնազարյանն ասաց ռուսական շուկան անվստահելի է. «Տարիներ շարունակ հորմոններով խեղդած ձկները վաճառվում էին ռուսական շուկայում, մեկ էլ մի օր պատահական ստուգեցին ու արգելեցին: Մենք
աշխատում ենք Պարսկաստանի ուղղությամբ, աջակիցներ կան, բայց էկոսերտիֆիկացում է պետք, ու զուտ շաքարի պարունակությունը չի ստուգվում, այլ` մեղուների աշխատանքի շառավիղը, էկոհամակարգը եւ այլն: Բայց հանքի շահագործումը խանգարելու է: Առհասարակ, Հայաստանում սպեկուլյացիա է ասել` պտուղ-բանջարեղենը , սննունդը էկոլոգիապես մաքուր է: Այն տարածաշրջաններում, որտեղ իսկապես ոչ հանք կա, ոչ ջուրն է աղտոտված, ոչ թունաքիմիկատներն են ուժեղացրած, հնարավոր է մաքուր լինի, բայց գյուղացիներն ընդամենն իրենց հողամասում, իրենց ուտելու համար են անում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ