«Իրենք չտեսա՞ն Սահմանադրական դատարան դիմելու արդյունքը, ի՞նչ ստացանք մենք: Նորից նույն ճանապարհով գնանք ու վառվե՞նք: Չեմ կարծում, որ մեղադրանքներն արդարացված են»,- մեզ հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամների մեղադրանքներին այսպես արձագանքեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ «Դեմ եմ» նախաձեռնության անդամներից ոմանք մեղադրում են ՀԱԿ-ին, որ ՍԴ-ում պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր օրենքը անիմաստ են համարում վիճարկել, բայց միաժամանակ պայքարի այլ առաջարկներ չեն ներկայացնում:
Մեր հարցին, թե ՀԱԿ-ն ինչ պայքարի առաջարկ ունի «Դեմ եմ» նախաձեռնության անդամների համար, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Դեմ եմ շարժումն էլ շատ բազմագույն է եւ շատ մարդիկ կան, ու տարբեր կարծիքներ կարող են հնչել, որոնց անիմաստ եմ համարում անդրադառնալ, իմաստ չեմ տեսնում արձագանքել: ՀԱԿ-ը միշտ իր դերում է, միշտ տրամաբանական լուծումներ է փորձում գտնել, իսկ ՍԴ դիմելու մեջ շահեկան ոչինչ չենք տեսնում, գնալու ենք նորից նույն պատին բախվենք»:
Ինչ վերաբերում է քննադատությանը, թե քառյակի 12 կետերի առաջին կետը կուտակայինին էր վերաբերում, բայց քառյակում չկա համաձայնությունը ՍԴ դիմելու հարցում, ՀԱԿ պատգամավորը ասաց. «Խնդիր չեմ տեսնում, ովքեր ցանկանում են այդ գործով զբաղվել ու դիմել ՍԴ պատրաստ ենք աջակցել մեր ստորագրություններով: Եթե համարում ենք անարդյունավետ, պարտադիր չէ, որ այդ գործի մեջ լինենք: Ուրախ կլինեմ, եթե սխալվենք, եթե դիմեն ՍԴու արդյունք ստանան, ՀԱԿ-ը ուրախ կլինի, բայց վստահ չենք, որ այդպես կլինի: Իսկ չհավատալով մի բանին՝ մտնել դրա մեջ, ի սկզբանե պարտություն է: Ուզում եմ հավատացողները դիմեն ու հաղթանակով այդ գործն առաջ տանեն»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը հայտարարեց ստորագրությամբ ՍԴ դիմողներին աջակցելու մասին:
Մեր հարցին, թե «Ժառանգությունն» ի՞նչ առաջարկ ունի «Դեմ եմ»-ին, եթե ՍԴ դիմելը անիմաստ է համարում, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց՝ «առաջարկել ենք, բայց ցավոք սրտի, չի ընդունվել՝ ամբողջական իշխանափոխություն: Եթե իշխանությունները մնան, ոչինչ չի փոխվի: «Դեմ եմ»-ի անդամներն արդեն մի անգամ տեսան, թե ինչպես մասնատեցին պայքարը ու իրենց ուզածին հասան նոր օրենքով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ