2014-ը հայտարարված է ֆրանսիացի հասարակական գործիչ սոցիալիստ, «Հյումանիտե» թերթի հիմնադիր Ժան Ժորեսի տարի: 1914 թ. հուլիսի 31-ին սպանված գործչի տարելիցի ոգեկոչման շրջանակներում Հայաստանում Ֆրանսիական համալսարանը սեպտեմբերի 5-ին հյուրընկալել էր Ֆրանսիացի սոցիալիստ պատգամավորների խմբի՝ Ֆրանսիայի Ազգային Ժողովի Սոցիալիստական խմբի նախագահ Բրունո լը Ռուի ղեկավարությամբ եւ Ֆրանսիայի հայկական սփյուռքի ճանաչված գործիչների ուղեկցությամբ:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան ասաց, որ իրենց համար մեծ պատիվ է նման խորհրդանշական առիթով հավաքվելը ու հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում ֆրանսիական համալսարան ունենալը: Դառնալով Ժան Ժորեսին էլ, նշեց, որ նա խաղաղության ու արդարության մարտիկ էր, մարդ որը դուրս էր ժամանակներից, քանի որ արդարությունն էլ ժամանակներից դուրս է եւ միշտ արդիական:
Ֆրանսիայի Ազգային Ժողովի Սոցիալիստական խմբի նախագահ Բրունո լը Ռուի պատմությունը հուզեց դահլիճին: Նա պատմեց, թե ինչպես է արդեն նախկին մի նախագահ տարիներ առաջ Ժորեսի նկարը հանել խորհրդարանի դահլիճի պատից ու տեղը գոբելեն կախել: «Երբ սոցիալիստները կրկին մեծամասնություն դարձան խորհրդարանում, ես նորից վերադարձրի Ժորեսի նկարը դահլիճ: Ժորեսը միշտ էլ մեր արդիականության մաս է կազմում: Այժմ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները կարեւորում են նրա անհատականությունը»,- ասաց Սոցիալիստական խմբի նախագահը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Ժան Ժորեսը իր հրապարակումներում ու ելույթներում միշտ բարձրաձայնել է Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում հայերի նկատմամբ սուլթանական կառավարության իրականացրած դաժանությունների դեմ:
Ժան Ժորեսը 1900-1908 թթ. եղել է ՀՅԴ հրատարակած Pro Armenia երկշաբաթաթերթի խմբագրական խորհրդի անդամ:
1896թ. նոյեմբերի 3-ին ունեցած առաջին ելույթի ժամանակ սոցիալիստ գործիչը դատապարտել է սուլթանին, Եվրոպական ուժերին, Ռուսաստանին, ինչպես նաեւ Ֆրանսիայի կառավարությանը. նա հայտարարել է. «Ովքեր լուռ վկա են, դառնում են ջարդերի կատարյալ մեղսակից»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ