Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք տվեց Վարդան Պետրոսյանը: Նա նախաքննության ժամանակ ցուցմունք չէր տվել, եւ ինչպես ասաց, պատճառը նախաքննությունն իրականացող մարմնի գործողություններն են եղել, երբ փորձել են ցուցմունք վերցնել առանց իր պաշտպանի ներկայության, չեն տրամադրվել գործում առկա փաստաթղթերը:
Ցուցմունքից հետո առաջինը հարցեր տվեց նրա պաշտպանը` Նիկոլայ Բաղդասարյանը:
Բաղդասարյանի հարցաքննությունից հետո հարցեր հնչեցրեցին տուժողների ներկայացուցիչները`Ռուբեն Բալոյանն ու Զարուհի Վարդանյանը, սակայն Վարդան Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել:
Պաշտպանը Վարդան Պետրոսյանին տվեց հարցեր, թե որտեղ է եղել դեպքը, տեղանքն ինչպիսին էր, իր մեքենայի հեռավորությունը «Նիվա» մեքենայից որքան էր, եղանակն ինչպիսին էր, իր վարած մեքենայի արագությունն որքան էր, քանի տարի է մեքենա է վարում, հնարավորություն ունեցե՞լ է կանխել վթարն այն պահից սկսած, երբ «Նիվան» բանուկ մաս է մտել, ունեցե՞լ է տեխնիկական հնարավորություն կանխելու վթարը, ինչպիսին էր իր մեքենայի, «Նիվայի» դիրքը:
Վարդան Պետրոսյանն ասաց, որ ցավոք չի կարողացել կանխել բախումը, Նիվան շատ անսպասելի է հետ եկել, եթե ինքը լիներ հեռու, հնարավոր կլիներ արգելակել կամ անցնել գնալ: Հնարավոր չի եղել. «Ես վարել եմ ժամում 40 կմ արագությամբ, Եղվարդում դպրոցի մոտ քառասուն է, կանգնել եմ խաչմերուկում»։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ իր մեքենայում եղել է միայն ինքը, եւ սուտ են այն բամբասանքները, թե իր հետ եղել են չորս կանայք։
Այն հարցին էլ, թե երթեւեկության կանոնները խախտե՞լ է, Վարդան Պետրոսյանն ասաց., Եղվարդ –Երեւան ճանապարհի կեսն անցել է 40 կմ.ժամ արագությամբ: Հեռախոսային խոսակցությունն ունեցել է կարճ, քառասուն վայրկյան, հարեւան Օնիկ Հակոբյանի հետ, ասել է «քաղաք կհասնեմ կզանգեմ; Արագության մասին հարցը թողնում եմ փորձաքննությանը»:
Պաշտպանի հաջորդ հարցին էլ, թե դեպքի վայրը լուսավորվա՞ծ էր, թե ոչ, այդ հատվածում եղե՞լ են նշաններ, թե ոչ, մեղադրանքի կողմն առարկեց, ասելով, թե նա իր ցուցմունքում արդեն իսկ նշել էր, թե շատ մութ էր:
Դատավորի հարցին էլ, թե տեսողությունն ինչպիսին է, ակնոց կրո՞ւմ է ավտոմեքենա վարելիս, Պետրոսյանն ասաց, որ ավտոմեքենա վարելիս նա կրում է ակնոց, դեպքի օրը նույնպես կրել է ակնոց:
Նախաքննության ժամանակ որեւէ բան իր ձեռքով գրել է, հարցին էլ պատասխանեց, որ իր բողքն է հայտնել, արձանագրության ետեւի մասում վրա նշում անելով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ