«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանն ուսումնասիրելով քաղաքապետարանից ստացած պետգնումներով մրցույթը շահած ընկերությունների ցանկը, որոնք ամենացածր գինն են ներկայացրել եւ դարձել մանկապարտեզների սննդի մատակարարը, պարզել է, որ մի շարք ընկերություններ ինքնարժեքից էլ ցածր գին են առաջարկել: Ինչը կասկածի տեղիք է տալիս, որ մատակարարվող սնունդն, իսկապես, որակյալ է: Պարոն Պիպոյանն ի թիվս այլ ընկերությունների` հրապարակել էր նաեւ «Խաք» ՍՊԸ-ի պայմանագրի պայամնները, համաձայն որի, «Խաք»-ը մանկապարտեզներին կաթ է մատակարարում 269 դրամով, այն դեպքում, երբ, ըստ Բաբկեն Պիպոյանի, խոշոր արտադրողները նշել են, որ 330-350 դրամից մեկ դրամ էժան չեն կարող կաթը տրամադրել:
Aravot.am-ը «Խաք» ընկերության տնօրեն Վահագն Խալաթյանից հետաքրքրվեց, թե ինչպես են պետգնումներում այդքան ցածր գին առաջարկել` մատնացույց անելով խոշոր ընկերությունների հաշվարկը:
«Այսօր հանրապետությունում 3,6 տոկոս յուղայնությամբ կաթի 1 լիտրի մթերվող գինը 170-ից 190 դրամի սահմաններում է տատանվում, ամենաթանկ փաթեթավորման մեկ լիտրի ինքնարժեքը տատանվում է 35-44 դրամի սահմաններում, մեր փաթեթավորման մեկ լիտրի ինքնարժեքը կազմում է 17 դրամ:
Մինչեւ 58 միլիոն տարեկան շրջանառությունը չգերազանցող ընկերությունները վճարում են շրջանառության հարկ, որը ընդհանուր շրջանառության երեք տոկոսն է կազմում: Այսինքն` մեր ընկերությունն ազատված է ավելացված արժեքի հարկից:
Կարդացեք նաև
Տվյալ հաշվարկը փաստում է որ մեր կաթի ներկայացրած գինը խելամիտ է եւ իր մեջ չի ենթադրում գերշահույթներ: Առանց ԱԱՀ աշխատող ձեռնարկությունները եւ ԱԱՀ-ով աշխատող ձեռնարկությունները, երբ մասնակցում են պետգնումների մրցույթին, ապա հաղթող է ճանաչվում առանց ԱԱՀ ներկայացրած գինը եւ, տվյալ դեպքում, 330-350 ներկայացված գնից պետք է հանվի 16.67 ԱԱՀ-ն` եւ նոր միայն այդ գինը մրցունակ է դառնում մեր ներկայացրած գնին: Մենք պատրաստ ենք մեր ներկայացրած գնի տնտեսագիտական ողջ հիմնավորումը ներկայացնել փաստերով»:
Ընկերության տնօրենն ասաց, որ իրենք կաթնամթերքի շուկայում աշխատում են 1995 թվականից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ