Այսօր՝ ապագայում սպասվելիք Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ տեղի ունեցավ ՀՀ հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստը, որը նպատակ ուներ պարզելու՝ կարիք կա՞ փոփոխելու պետական խորհրդանիշները, թե` ոչ:
Չնայած նրան, որ նիստի նպատակը խորհրդանիշների փոփոխմանը դեմ կամ կողմ որոշում կայացնելն էր, արվեստի ներկայացուցիչները նաև ներկայացրին՝ ինչ փոփոխություններ կցանկանային տեսնել:
Օրհներգի հարցում խորհրդի բոլոր անդամները համակարծիք էին. պետք է վերադարձնել Սովետական Հայաստանի նախկին՝ Արամ Խաչատրյանի կողմից գրված օրհներգը` մի քանի բառ փոխելուց հետո, քանի որ այն ավելի պաթետիկ է ու, ըստ արվեստագետներից մեկի բնորոշման, ներկայիս օրհներգի պես երեք ակորդանոց «շլյագերի» երաժշտություն չէ:
ՀՀ հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը նշեց, որ ՀՀ զինանշանի մեջ բովանդակային և գծագրական 32 սխալ կա, որը, նույնիսկ զինանշանի չփոխվելու դեպքում, պետք է ուղղել:
Կարդացեք նաև
Ենթահանձնաժողովի անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը ասաց, որ պետության զինանշանը մարդու ներսում պետք է հպարտություն առաջացնի, իսկ ՀՀ զինանշանը խղճուկ երկրի թափթփուկ զինանշանի է նման, որն անպայման պետք է փոփոխել:
Դրոշի հարցում մի քանի կարծիք հնչեց. ոմանք առաջարկում էին օրհներգի հետ միասին վերադարձնել նախկին՝ սովետական դրոշը՝ ինչ-ինչ փոփոխություններով, ոմանք էլ՝ փոխել ներկայիս դրոշի գույների հերթականությունը:
Արվեստի ներկայացուցիչները քվեարկություն կազմակերպեցին, որտեղ միաձայն կողմ որոշվեց, որ ՀՀ խորհրդանիշները փոփոխելու կարիք կա՝ հատկապես օրհներգն ու զինանշանը:
Սահմանադրական փոփոխություններից հետո կկազմվի հատուկ հանձնաժողով, որն արդեն կներկայացնի զինանշանի, դրոշի ու օրհներգի նոր տարբերակները:
Սովետական Հայաստանի օրհներգը՝
Լուսանկարը ՝ «168 ժամի»
Սյունե ՍԵւադա