Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաշատ բացակայած պատգամավորը` Գագիկ Ծառուկյանը, ամենաակտիվը` Արծվիկ Մինասյանը

Սեպտեմբեր 05,2014 17:56

«Պատգամավորների նախաձեռնողականությունը նվազել է: Ընդունված օրենքներից 136-ի հեղինակը ՀՀ կառավարությունն է, և միայն 7-ինը՝ ԱԺ պատգամավորները: Այն էլ կամ հեղինակը, կամ համահեղինակը ՀՀԿ-ն է»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «ՄԱՆԴԱՏ» տեղեկատվական հ/կ-ի կողմից հրավիրված քննարկմանը հայտարարեց «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
Ներկայացվեցին 5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի մեկնարկին ընդառաջ խորհրդարանի նախորդ՝ 5-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:

Լուսինե Վասիլյանը շարունակեց. «Այս պատկերը վկայում է այն մասին, որ օրենքի ընդունելու և անցկացնելու բոլոր ճանապարհներն անցնում են ՀՀԿ-ով, հակառակ դեպքում կամ օրենքը մերժվում է նիստերի դահլիճում, կամ օրակարգ չի ընդգրկվում»:
Ելույթների և հարցերի վիճակագրության առումով ամենաակտիվ խմբակցությունը ճանաչվել է ՀԱԿ-ը, ամենապասիվը` ԲՀԿ-ն: Ամենաակտիվ պատգամավորը Արծվիկ Մինասյանն է, ամենաշատ բացակայած պատգամավորը` ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ամենաշատը «կողմ» են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորները, ամենաշատը «դեմ» է քվեարկել պատգամավորներից Նիկոլ Փաշինյանը:

Ըստ մոնիտորինգի` գերպասիվությամբ է աշխատում ԱԺ Էթիկայի հանձնաժողովը:
«ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը ներկայացրեց վերահսկողության և էթիկայի հետ կապված խնդիրները. « Խորհրդարանը հատկապես նախաձեռնություն է ցուցաբերել ժամանակավոր հանձնաժողովների ստեղծման հարցում, բայց քաղաքական մեծամասնությունը այս նախաձեռնությունները տորպեդահարողի դերում է հանդես եկել, այնինչ այս ինստիտուտը այն գործիքներից է, որ հնարավորություն է տալիս վերահսկել այլ կարևոր մարմինների իշխանությունը»:
Էթիկայի հանձնաժողովի նկատմամբ անվստահության մասին պարոն Աբրահամյանն ասաց. «Այդ վստահության անկումը պայմանավորված է հանձնաժողովի կողմից կոնյուկտուրային որոշումների կայացմամբ և դրանց հիմքում քաղաքական ու անձնավորված դրդապատճառներ դնելով»:

Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ` այս նստաշրջանի վրա ազդել է երկու գործոն. «Մեկը` ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալն է, ինչը սահմանային իրավիճակում դրեց քաղաքական մեծամասնությանը, երկրորդը` ԲՀԿ խմբակցության և ընդդիմության գործողությունների ավելի կազմակերպված բնույթ ստանալն էր` քառյակի ձևաչափում»:

Գոռ Աբրահամյանը նկատեց, որ քաղաքական մեծամասնությունը մի քանի հարցերում ակնհայտ անսկզբունքայնություն է դրսևորել: Նա մտահոգություն հայտնեց նաև անհետևողականության առումով, այն, որ հրաժարվեցին շքեղության հարկից, կրկին շարունակվում է Սեւանա լճից ջրառի գործընթացը, թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի թույլատրումը և այլն:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ծրագիրն արդյունավետ համարեց ու նշեց. «Այս վերլուծությունն ու այն, որ գործադիրն այս գործընթացում ունի 95 տոկոս մասնաբաժին, օրենսդիրը՝ 5 տոկոս, վկայում է այն մասին, որ օրենսդիրը գործադիրի կրունկի տակ է: ՀՀԿ-ն ընդամենը կոճակ է աշխատում և քվեարկում է այն օրենքներին կողմ, որը բերում է գործադիրը: ՀՀԿ ամբողջական մեծամասնությունը միայն կողմ է քվեարկել համարյա բոլոր օրենքներին: Սա խոսում է իրենց ոչ խորհրդարանական լինելու մասին: Ռեկորդ է նաև ՀՀԿ-ի լռելը: ՀՀԿ 36 պատգամավորներ փող են ստանում ոչ մի բան չասելու համար»:

Հարցին` այս պատկերով, հնարավո՞ր է գնալ խորհրդարանական համակարգի, մանավանդ, որ ՀՅԴ-ն այդ համակարգի կողմնակիցն է, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «Ակնհայտ է, որ ՀՀ ներկա խորհրդարանը չի կարող ապահովել պառլամենտարիզմի դրսևորումները` սկսած իր ֆունկցիաներից, ավարտված ընդունված փաստաթղթերի որակական համապատասխանությունը իրավիճակով, եթե մենք չեն փոխում ընտրական համակարգը և որակական պահանջներ չենք դնում խորհրդարանի առաջ: Բայց սա առաջին նստաշրջանն է, որտեղ քաղաքացիական նախաձեռնության և խորհրդարանական խմբակցությունների համագործակցությունը տվեց կոնկրետ արդյունք` ՍԴ բողոքը»:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ մտահոգություն հայտնեց. «Օրենսդիրն ամենաաղքատ ռեսուրս ունեցող, ամենախոցելի և իշխանության մյուս թևերի հետ ամենահարմարվող իշխանությունն է»:

Նշենք, որ զեկույցը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և www.parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930