Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է վարորդին պատշաճ ծանուցումը՝ տուգանքի մասին. ԱԺ-ն քննարկում է՝ sms ուղարկելու տարբերակը

Սեպտեմբեր 05,2014 17:34

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ խոսքը վերաբերում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների տուգանքների, տույժերի մասին իրազեկման խնդրին. «2012-ին այս հոդվածը՝283-ը վերաշարադրվել էր եւ առաջարկվել էր մի ձեւակերպում, որը գործնականում խնդիրների տեղիք տվեց: Շատ քաղաքացիների հետ եմ խոսել, շատերն ասում են, որ իրենք տեղյակ չեն եղել, իրազեկված չեն եղել այդ տուգանքների մասին: Արդյունքում՝ եղել են կրկնապատկումներ, հնգապատկումներ եւ արգելանք: Խնդիր կար: Այս դեպքում իրավախախտումների վերաբերյալ ընդունված որոշումները պետք է անձամբ հասցեատիրոջը հանձնվեն: Որոշումը համարվում է հանձնված, եթե անդորրագրում անձամբ հասցեատերը ստորագրել է, որ որոշումը ստացել է կամ ստորագրությունը լինի, որ դրանից հրաժարվել է»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ երբ մարդը ավտոմեքենայի գրանցման, հաշվառման կամ վարորդական իրավունքի վկայական ստանալու կամ վարչական իրավախախտման ժամանակ արձանագրություն կազմելու ժամանակ ճիշտ չի նշել հասցեն կամ նրա հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է, ապա որոշումն ուղարկվում է այդ անձի հաշվարկման հասցեում եւ տեղադրվում է պաշտոնական կայքում. «Այնպես չի, որ որեւէ մեկը կարող է վերջնական երաշխավորել իրազեկումների 100 տոկոս արդյունավետություն: Այդպես երբեք չի լինի: Բայց ապահովել առավելագույն արդյունավետությունը՝ դա մեր բոլորիս խնդիրն է: Ամեն օր քաղաքացիները բախվում են այս խնդրին: Կառավարության համար այս հարցը եւս շատ հրատապ է»:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարցրեց՝ հնարավորություն կա՞ , որ քաղաքացին ինքը ընտրի՝ որ միջոցով ծանուցվել. «Ընդունենք, հաշվառման հասցեն է: Թող ինքը ընտրի եւ փաստաթղթի վրա գրի՝ ինձ ծանուցել համարվում է սա»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ քննարկվում է նաեւ այսպիսի տարբերակ՝ որ կարճ հաղորդագրություն լինի անձի համարին. «Ես դժվարանում եմ այս պահին հանպատրաստից ասել՝ արդյոք հնարավորություն կարո՞ղ ենք տալ քաղաքացուն, որ ինքը ընտրի իրեն իրազեկելու տարբերակը: Դա պետք է համաձայնեցվի ոստիկանության հետ»:
Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ մարդիկ հաճախ իրենց հեռախոսահամարները փոխում են, ուստի կարճ հաղորդագրություն ուղարկելով էլ նրանց պատշաճ ծանուցումը հնարավոր է ապահովել:

Արփինե Հովհաննիսյանը խոստացավ օրինագիծը լրամշակված տարբերակով ներկայացնել երկուշաբթի: Հանձնաժողովը օրինագծին դրական եզրակացություն տվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930