Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նոր փաստեր Բուդաղյանների գործով. «Տիգրան, ինչի՞ համար տվիր սպանիր, բոյդ թաղեմ» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2014 17:09

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօր որոշ մանրամասներ ներկայացրեց Ավետիք Բուդաղյանի սպանության գործով դատաքննական նյութերից: Մասնավորապես նա ներկայացրեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական եզրակացության մեջ ընդգրկված այն հատվածը, որտեղ հայտնի տեսանյութը փորձագետներին հաջողվել էր վերծանել և ներկայացնել քննության: Ըստ Հայկ Ալումյանի` այդ վերծանությունից երևում է, որ Ավետիք Բուդաղյանին մեքենայի մեջ ծեծել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Ներկայացնում ենք այդ խոսակցություններից մի հատված` Հայկ Ալումյանի մեկնաբանություններով: Տղամարդու ձայն. «Էդ Ավոյին հավայի տեղը խփին-մփին ավտոյից իջացրին»: Հայկ Ալումյանը նշեց, որ սա պատմում է Զարզանդ Նիկողոսյանը: Նա եղել է մեքենայի մեջ, երբ ծեծել են Ավետիք Բուդաղյանին:

Մեկ այլ խոսակցության մեջ կանացի ձայնը հարցնում է. «Ամոթ չէ՞ր, այդ մարդու հայրը Սուրիկի ընկերն է»: Տղամարդու ձայնն ասում է. «Չթողին, բա ես ի՞նչ անեմ: Ճամփին վերջը Արագածին ասում է»: Հայկ Ալումյանը մեկնաբանում է, որ Արագածը Սուրիկ Խաչատրյանի վարորդն է, իսկ ասողը հենց Սուրիկ Խաչատրյանը: Նա ասել է. «Էս ո՞վ ա կողս նստած»: Հայկ Ալումյանը նկատեց. «Սուրիկ Խաչատրյանն Ավետիք Բուդաղյանին հրավիրում է մեքենա, բայց այն աստիճան հարբածության մեջ է եղել, որ ասում է ո՞վ է կողքս նստած: Ասում է վերջը Ավոն ո՞վ է` Ավոյի սենցն ու նենցը, վերջը դե խոսք, զրույց Ավոյին մի քանի հատ տվինք, ասի, հել ռադդ քաշի ստեղից»:

Շարունակելով Հայկ Ալումյանը վրդովվում է. «Ու սրանից հետո Զարզանդ Նիկողոսյանը ցուցմունք է տալիս, որ միայն ինքն է ծեծել Ավետիք Բուդաղյանին, Սուրիկ Խաչատրյանը, կապ չունի»:

Հայկ Ալումյանը ներկայացրեց նաև բուն հրաձգության ժամանակ եղած խոսակցություններն ու մեկնաբանեց. «Մեզ ասում են, որ Ավետիք Բուդաղյանը վտանգ էր ներկայացնում այն աստիճան, որ նրա սպանությունը ինքնապաշտպանության սահմանների մեջ է եղել: Տեսեք, թե ինչ են զգում այդ պահին ականատեսները` Սուրիկ Խաչատրյանի ազգական կանայք: Նրանցից մեկը կանչում է. «Տիգրան, ինչի՞ համար տվիր սպանիր, մի կրակի, էլի: Տիգրան, բոյդ թաղեմ, մի կրակի էլի, աման»: Խոսողները հենց նույն Տիգրանի ամենամոտ ազգական կանայք են. եթե Տիգրանին վտանգ սպառնար, սա չէր լինի նրանց գոռգոռոցների բովանդակությունը»:

Խոսակցության ընթացքում կանանցից մեկը հարցնում է` ինչքա՞ն է կրակել»: Տղամարդու ձայնը պատասխանում է. «Վեցը, կրակել է թմբերի մոտերը: Ախպորը եսիմ ոնց էր արել, խփել էր դրան, դատարկ փոստ գտա, ուրեմն գնանք այնտեղից վերցնելու»:
Ըստ Հայկ Ալումյանի` տեսանյութում առկա խոսակցությունները կարելի է բաժանել երեք մասի. «Արտակ և Ավետիք Բուդաղյանները դեռ չեն եկել, և դեռ դեպքը տեղի չի ունեցել: Երկրորդ՝ Զարզանդ Նիկողոսյանը, երբ գալիս է տուն, երրորդ` խոհանոցային խոսակցությունները և միջադեպից հետո զրույցը, երբ ոստիկանները պետք է գային, բարձրաձայն քննարկվում է, թե ինչ պետք է անել զենքերի հետ»:

Հայկ Ալումյանը անդրադարձավ նաև Սուրիկ Խաչատրյանի տանը քննիչի կողմից իրականացրած խուզարկությանը ու նշեց. «Քննիչը միայնակ իրականացրել է այդ առանձնատան խուզարկությունը, որը տևել է ընդամենը 35 րոպե: Դա պարզապես անհնար է, այն դեպքում, երբ սովորական բնակարան խուզարկելու համար անհրաժեշտ է լինում սովորաբար երկու ժամ, այն էլ մեկ քննիչի և երկու օպերի օգնությամբ: Ստացվում է, որ խուզարկություն որպես այդպիսին չի եղել»:

Փաստաբանը նաև փաստեր ներկայացրեց այն մասին, որ 1971-1981 թվականների ընթացքում Սուրիկ Խաչատրյանը տարբեր հոդվածներով պարբերաբար «նստել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930