Լրահոս
Օրվա լրահոսը

Նար-Դոսի անվան դպրոցում Քուվեյթի Պետության ֆինանսական աջակցությամբ բացվեց համակարգչային դասարան

Սեպտեմբեր 05,2014 17:03

Սեպտեմբերի 5-ին Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում, որտեղ սովորում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված շուրջ 100 սիրիահայ աշակերտ, կայացավ Քուվեյթի Պետության ֆինանսական աջակցությամբ վերազինված համակարգչային դասարանի բացման հանդիսավոր արարողությունը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիի, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի մասնակցությամբ:

Աջակցությունը ցուցաբերվել էր 2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և ՀՀ-ում Քուվեյթի Պետության դեսպանության միջև կնքված հուշագրի համաձայն՝ «Աջակցություն Հայաստանում բնակվող սիրիահայերի կրթական հիմնախնդիրների լուծմանը» ծրագրի շրջանակներում:

Աշակերտների ջերմ ողջույնների ներքո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին կտրեցին Քուվեյթի Պետության անվան համակարգչային դասարանի կարմիր ժապավենը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախ շնորհավորեց Նար-Դոսի անվան դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ ուրախությամբ նշելով, որ կրթօջախն ի վերջո համալրվել է երեխաների համար այնքան անհրաժեշտ տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած դասարանով:

Ապա նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին՝ սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից սիրիահայերին աջակցելու, ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար: Այդ ֆինանսական աջակցության շրջանակներում ստեղծվեց նաև Նար-Դոսի անվան դպրոցի համակարգչային դասարանը: «Իզուր չէ, որ Քուվեյթը ՄԱԿ-ի կողմից 2014թ. օգոստոսի 18-ին ճանաչվեց «միջազգային հումանիտար կենտրոն, իսկ Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին մարդասիրական գործունեության համար՝ «մարդասիրական առաջնորդ» կոչմանը: Ձեր պետությունն աջակցում է աշխարհի տարբեր երկրներում հանգրվանած սիրիացիներին, այդ թվում նաև սիրիահայերին: Խնդրում եմ, ՀՀ Կառավարության և մասնավորապես ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալական խոսքը փոխանցել Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին, որ մշտապես մարդասիրական օգնություն է հատկացնում դրա կարիքն ունեցող պետություններին, այդ թվում՝ տարբեր երկրներում հանգրվանած սիրիահայերին: Համոզված եմ, որ Քուվեյթի, թեև ոչ մեծաթիվ, բայց կազմակերպված հայկական համայնքը բարեկամության հուսալի կամուրջ է եղել և կլինի երկու երկրների միջև», – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց նաև Երևանի քաղաքապետարանին՝ իր առաջարկությունն ընդունելու և դպրոցում արաբերենի խորացված ուսուցումը լավ հիմքերի վրա դնելու համար: «Շնորհակալ եմ նաև դպրոցի տնօրինությանը և ուսուցչաաշակերտական ողջ անձնակազմին սիրիական ճգնաժամի պատճառով Հայրենիք տեղափոխված սիրիահայ երեխաներին ջերմորեն ընդունելու համար», – ընդգծեց նախարարը:

ՀՀ սփյուռքի նախարարը հույս հայտնեց, որ Քուվեյթի Պետության և դեսպանի հետ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն:

Այնուհետև աշակերտներին ողջունեց և շնորհավորեց ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին: Դեսպանը նշեց, որ ծրագիրն իրականություն դարձավ՝ շնորհիվ ՀՀ սփյուռքի նախարարի հոգատարության: «Այսօր այստեղ ենք և տեսնում ենք, որ այն, ինչ մենք արել եմ, քիչ է: Մեր օգնությունն այսպիսով չի վերջանա: Մենք լսել ենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է սիրիահայերի համար կառուցել «Նոր Հալեպ» թաղամասը Աշտարակում: Կփորձենք օգտակար լինել Ձեզ մեր հնարավորությունների շրջանակներում», – ասաց դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին:

Դեսպանը ուրախությամբ հավելեց, որ Քուվեյթում ապրող հայերը պետության հետ ոչ մի խնդիր չունեն: «Հայերն աշխատասեր են, հասարակության պիտանի անդամներ: Ձեր պետությունը կարող է հպարտանալ նրանցով», – նշեց դեսպանը:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նա մասնավորապես նշեց, որ Նար-Դոսի անվան դպրոցը մշտապես ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է: «ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկությամբ աշակերտները 2-րդ տարին անընդմեջ այս դպրոցում անցնում են խորացված արաբերեն: Իսկ Սիրիայի համար տագնապալից օրերին մեր հայրենակիցների առաջ իր գիրկը բացած դպրոցն իրավամբ համակարգչային դասարանով վերազինվելու կարիքն ուներ», – նշեց տիկին Սողոմոնյանը:

Միջոցառման ավարտին աշակերտներն արաբերենով արտասանեցին բանաստեղծություններ, կատարեցին Հայկական և Քուվեյթի պետության օրհներգերը, ինչպես նաև՝ «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930