Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում զինվորական կարգապահությամբ կատարվում են Բաքվի հրահանգները

Սեպտեմբեր 05,2014 16:45

«Գնահատումները բավական նախնական են: Ըստ էության, գնահատում էլ չի, այլ իրավիճակի հետ կապված թվարկում, լուրեր եւ իրենց տպավորությունները: Կարեւորվում են առաջիկայում սպասվող իրադարձությունները, այդ թվում նաեւ սահմանադրական բարեփոխումների հարցին քաղաքական ուժերի դիրքորոշումները: Հիմնականը նաեւ դատական եւ արդարադատության համակարգերի բարեփոխումների հետ կապված խնդիրներն են, ոստիկանության թափանցիկ գործունեության եւ դրա հետ կապված ընթացքի մեջ դրված գործողությունները: Դրական է համարվում այն, որ Հայաստանը, անկախ նրանից, որ հիմա պատերազմական իրավիճակում է, հաստատել է այլընտրանքային ծառայության մասին օրենքը, որը գործադրված է ու լուրջ դիտողություններ, առարկություններ չի առաջացնում մյուս կողմերի համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներին:
Հիշեցնենք, սեպտեմբերի 3-ին ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեի դռնփակ նիստում Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը ներկայացրել են հունիսի 16-18-ին Հայաստան կատարած այցի արդյունքները: Հայաստանի կողմից Մոնիտորինգային հանձնաժողովի դռնփակ նիստին ներկա են գտնվել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ու պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:

Ըստ մեր զրուցակցի, այնուհետ ադրբեջանցի պատվիրակն իր ելույթում փորձել է աղավաղել փաստերը`ներկայացնելով իբրեւ մեծ խախտում այն, որ ՀՀ նախագահը այցելել է ԼՂՀ, որ սիրիահայ փախստականներին տեղաբաշխում են այդ տարածքներում եւ այլն:
Իր արձագանքում Արմեն Ռուստամյանը նկատել է, որ ԼՂՀ այցելությունները կամ այն, որ Հայաստանը զբաղվում է փախստականների տեղավորման հարցերով, խախտում ներկայացնելու փոխարեն, Ադրբեջանը պետք է դադարի թյուրիմացության մեջ դնել ԵԽ-ն, հրաժարվի իր «սեւ ցուցակի» պրակտիկայից, որտեղ հայտնվել են նաեւ նիստին ներկա պատգամավորներից ոմանք:

Սահմանային իրավիճակը ներկայացնելիս, ադրբեջանցի պատվիրակը մեղավորությունն ամբողջությամբ հայկական կողմի վրա է բարդել: «Մենք իրականությունը ներկայացրեցինք, որ իրական խախտումը եւ արժեհամակարգի ոտնահարումը հենց պատերազմ սանձազերծելն է, ինչն այսօր Ադրբեջանը բոլորի աչքի առաջ կատարում է: Ես իրեն ուղիղ ասացի`Դուք եք հարձակվել, բնականաբար ետ եք մղվել, բնականաբար, ունեք զոհեր`շատ ավելի, քան մեր կողմինը: Համ հարձակվել, հարձակվելուց հետո ունենալ զոհեր եւ գալ այստեղ դժգոհե՞լ: Սա ուղղակի ադրբեջանական տրամաբանություն է: Բավական է այս կառույցին թյուրիմացության մեջ դնեք եւ մղեք ձեր քարոզչությանը հարմար ուղղությամբ»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Այնուհետեւ, Ադրբեջանին վերաբերվող հարցի քննարկում է տեղի ունեցել, որի հիմնական թեման եղել է մեր հարեւան երկրում քաղբանտարկյալների առկայությունը: «Ամենազավեշտալին այն էր, որ Լեյլա Յունուսը մեղադրվում է Հայաստանի օգտին գաղտնի լուրեր փոխանցելու մեջ ու դիտվում է, որպես դավաճան: Բանը չհասավ նրան, որ մեն պաշտպանենք Լեյլա Յունուսին, բայց մարդիկ կան, ովքեր ճանաչում են իրեն, իբրեւ մարդու իրավունքների պաշտպան եւ այլն»,- ասաց Արմեն Ռուստամյանը`հավելելով, որ նույն տրամաբանությամբ է ադրբեջանական կողմը գործում`ԼՂՀ հակամարտությունն օգտագործել`բոլոր նմանատիպ հարցերից ձերբազատվելու համար. «Հիմա էլ ցանկի մեջ «հինգերորդ շարասյուն» հասկացությունն են մտցրել, որտեղ տեղավորում են բոլոր նրանց, ովքեր, իրենց կարծիքով, դավաճանություն են իրականացնում»:

Հարցին`ինչպիսի՞ն էր Մոնիտորինգի հանձնաժողովի անդամների վերաբերմունքն այդ քննարկումներին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ բոլորին էլ ակնհայտ էր, որ ընդամենը մեկ ամիս առաջ կատարվածը հնարավոր չէ գլխիվայր շուռ տալ ու ադրբեջանական տեսակետն առաջ տանել: «Բայց բոլորս էլ գիտենք, թե ինչ լուրջ լոբբինգ է իրականացնում Ադրբեջանը ԵԽ-ում եւ սա մեր ամենագլխավոր մարտահրավերն է»,- ասաց նա:

Իսկ ի՞նչ ակնկալիքներ կան վերջնական փաստաթղթերի առումով: Արմեն Ռուստամյանն ասաց, որ օրինակ, Ադրբեջանի հարցով զեկուցողը հայտարարել է, թե իրեն ձայնագրություններ են փոխանցել երրորդ կողմի հետ խոսակցությունների եւ այլն, որոնց հետ ինքը չի կարող հաշվի չնստել: «Մտածել, որ հետագայում ավելի ամբողջական եւ լիարժեք գնահատական կտրվի թե Հայաստանի, թե Ադրբեջանի ընթացքին`լավատես չեմ, քանի որ գիտեմ, թե ինչպես ե կատարվում քվեարկությունները ԵԽ-ում եւ ի՞նչ ազդեցության տակ են նրանք: Եթե մի ժամանակ խոսում էինք ինչ-որ շահագրգռվածության մասին, հիմա, այնքան են այդ անձինք լոբբինգի մեջ խորացել, որ զինվորական կարգապահությամբ կատարում են այն ամենն, ինչ-որ Բաքվից իրենց հրահանգվում է: Հիմա ԵԽ-ում ունենք նոր որակ: Եթե Ադրբեջանի օգտին ինչ-որ քվեարկություն է սպասվում, բոլորը մեկ հրահանգով ներկայանում են այնքան, որ անգամ նստելու տեղ չի լինում»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Այս պարագայում ի՞նչ պիտի անի Հայաստանը`հարցի մասին, մեր զրուցակիցն ասաց, որ մեկ այլ անգամ կխոսի այդ մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930