Aravot.am-ի տեղեկություններով՝ նախարար Արմեն Մուրադյանը ցանկանում է պաշտոնանկ անել փոխնախարար Արման Բաբլոյանին:
Հիշեցնենք, ոչ Արման Բաբլոյանը ԱԺ պատգամավոր, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի որդին է: Նա փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր անցյալ տարվա դեկտեմբերին: Ըստ շրջանառվող լուրերի՝ նախարարը ցանկանում է իր տեղակալի պաշտոնում նշանակել իր «մտերիմներից մեկին»՝ «երիտասարդ կադր» անվան ներքո: Այդ «երիտասարդ կադրն» էլ իր հերթին այստեղ-այնտեղ, նախարարությունում հայտարարում է, թե «իր գործն արդեն հարյուր տոկոսով եղած է»:
Aravot.am-ը զրուցեց Արման Բաբլոյանի հետ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ գտնվում է իր հաշվին արձակուրդում՝ անձնական խնդիրների պատճառով և կվերադառնա աշխատանքի սեպտեմբերի 23-ին: Հետաքրքրվեցինք՝ գուցե տարաձայնություննե՞ր են եղել նախարարի հետ, որ նման խոսակցություններ են ծավալվել, պարոն Բաբլոյանը պատասխանեց. «Ոչ, ընդհանրապես որևէ խնդիր չենք ունեցել, նրա հետ մոտիկ ու լավ հարաբերությունների մեջ եմ: Ինձ այլ պաշտոն չի առաջարկվել, և ես շարունակում եմ մնալ փոխնախարար»:
Պարզաբանումներ ստացան նաև ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանից: Նրան ամենից շատ հետաքրքրում էր այն հարցը, թե ով է այդ «երիտասարդ կադրը»:
Կարդացեք նաև
Մենք հստակեցրինք` Արման Բաբլոյանի` պաշտոնից առաջիկայում ազատման մասին լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը: Սամվել Սողոմոնյանը պատասխանեց. «Այդ ամենը բամբասանք է: Նման բան չկա: Ոչ մեկ չի ասել, որ Բաբլոյան Արմանն ազատվելու է պաշտոնից»:
Նկատենք, որ ՀՀ-ում կարծես օրինաչափություն է դարձել այն, որ մինչ պաշտոնից ազատումը տվյալ պաշտոնյան արձակուրդի է մեկնում, այնուհետև իր դիմումի համաձայն ազատվում պաշտոնից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ