«Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության խմբակցությունը բազմիցս արտահայտել է իր կարծիքը, և դա ես համարում եմ Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշում, որ ԼՂ կարգավորման խնդրում ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային կողմ»,- այսօր խորհրդարանում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, Հայաստանում է գտնվում Ֆրանսիայի Ազգային Ժողովի իշխող՝ Սոցիալիստական կուսակցության պատվիրակությունը` խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորությամբ:
Այսօր ԱԺ-ում ֆրանսիական խորհրդականները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ միասին պատասխանեցին լրագրողների հարցերին:
2014 թվականը Ֆրանսիայում հռչակվել է Ժան Ժորեսի տարի, նրա մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ, հայկական իրավունքների պաշտպան քաղաքական գործչի մահվան տարելիցը Հայաստանում նշելու համար, Հայ Յեղափոխական Դաշնակցության (Արևմտյան Եվրոպա և Հայաստան) և Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով, սեպտեմբերի 4-7-ը Հայաստան է այցելել Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբի պատվիրակությունը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարևորեց Ֆրանսիայի խորհրդարանում իշխող մեծամասնություն կազմող խորհրդականների այցը Հայաստան:
«Ժան Ժորեսը առաջին քաղաքական գործիչներից էր, որն ամենաբարձր ամբիոններից խոսեց Հայոց ցեղասպանության խնդրի մասին: Նա ոչ միայն բարձրաձայնեց, այլ ակտիվ ամենօրյա աշխատանքով դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը` հիմք դնելով համամարդկային շարժումների՝ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, որ Հայոց Ցեղասպանության հարցը ոչ միայն հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների հարցն է, այլ նաև համամարդկային նշանակության խնդիր է»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, թե մեծ պատիվ է, որ Հայաստան են այցելել Ժան Ժորեսի հիմնադրած կուսակցության անդամները:
Կարդացեք նաև
Ֆրանսիայի խորհրդարանի Սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուն նշեց, որ իրենց կուսակցության անվանի քաղաքական գործչի` Ժան Ժորեսի մահվան հարյուրամյա տարելիցը լավ պատրվակ էր` արժևորելու Հայաստանի ու Ֆրանսիայի միջև հարաբերությունները: Նրա խոսքով մինչև 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը արդեն կային հայերի ջարդերի դեպքեր, և մինչև Հայոց ցեղասպանությունը Ժան Ժորեսը բարձրաձայնել է հայերի ջարդերի խնդիրը, որ չպետք է նման երևույթներ լինեն մարդկային պատմության մեջ:
Բրյունո լը Ռուն բոլորին հրավիրեց այսօր Ֆրանսիական համալսարանում անցկացվող միջոցառմանը, որտեղ ավելի մանրամասն կներկայացվեն այն խնդիրները, որոնք իր ժամանակին բարձրաձայնել է Ժան Ժորեսը:
Ֆրանսիացի խորհրդականը նշեց, որ իրենց այցը նաև քաղաքական բնույթ է կրում` թե ինչպես պետք է ընթանան երկու երկրների միջև հարաբերությունները: «Մենք հավատարիմ ենք մեր նախագահ Ֆրանսուա Օլանդի որդեգրած արժեքներին, որտեղ կարևորվում է Հայոց ցեղասպանության հարյուր ամյա տարելիցին նվիրված միջոցառումները: Մենք հույս ունենք, որ 2015թ-ին կամբողջանա այն օրենքը, որը ընդունվել էր դեռ 2001թ-ին, և քրեականորեն կհետապնդվի յուրաքանչյուր ոք, ով կժխտի Հայոց ցեղասպանությունը» -ասաց Բրյունո լը Ռուն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ