Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ մասնագետներն ուսումնասիրում են համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանի հետընթացի պատճառները
2014-2015 թվականների համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն Հայաստանը 6 կետով զիջել է իր դիրքը` 144 երկրի շարքում զբաղեցնելով 85-րդ տեղը, մինչդեռ նախորդ տարի Հայաստանը 148 երկրի շարքում զբաղեցնում էր 79-րդ տեղը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը մեկնաբանեց անկման պատճառները եւ նշեց, որ համապատասխան մասնագետները վերլուծում են խնդիրը. «Ես չէի ասի, որ անմխիթար վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը»:
Պրն Ճշմարիտյանի խոսքով՝ տարածաշրջանային ընդհանուր զարգացումների ազդեցության պատճառով է, որ Հայաստանը 6 տեղով զիջել է իր դիրքերը համաշխարհային մրցունակության զեկույցում:
«Համենայն դեպս, սա մեր աշխատանքի համար կարեւոր ուղեցույցներից մեկն է, որպեսզի այդ բացերը՝ բացի նրանից, որ մենք կարողանանք լրացնել եւ դրանց լուծման ուղղությամբ որոշակի աշխատանքներ տանել, նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից գնահատականներ տրվեն: Շատ կարեւոր է, որ այդ զեկույցին նայելով էլ ներդրողները կողմնորոշվեն այս կամ այն կողմ»,- նշեց նախարարը:
Պրն Ճշմարիտյանի խոսքով՝ վերլուծությունը մանրամասն կատարելուց հետո որոշակի եզրահանգումներ կլինեն. «Ուղղությունները կորոշվեն, թե որտեղ են մեր բացերը եւ ինչի վրա պետք է ավելի ակտիվ աշխատել»:
Կարդացեք նաև
Նշենք, որ 2014-2015 թվականների համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն, Հայաստանը 2 կետով առաջընթաց է գրանցել ենթակառուցվածքների եւ բարձրագույն կրթության ոլորտներում, եւ 1 կետով առաջընթաց է գրանցել տեխնոլոգիական պատրաստվածության ցուցանիշում:
Սակայն, 24 կետով հետընթաց է գրանցել աշխատուժի շուկայի արդյունավետության եւ 21 կետով` ֆինանսական շուկայի զարգացվածության ցուցանիշում:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ