Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանի անեկդոտը՝ կառավարության մասին. Փոխանակ դավաճանող կնոջը փոխեն, «դիվանն» են փոխում. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2014 15:40

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարությունն այնպիսի օրենքի նախագիծ էր բերել, որ անգամ ՀՀԿ-ական պատգամավորները մնացել էին ապշած:

Կառավարությունն առաջարկում էր փոփոխություն կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ լիցենզավորման ենթակա առեւտրային գործունեության կազմակերպումն արգելել պետական սահմանային շերտին 1 կմ շառավղով մոտ տարածքում:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը միանգամից արձագանքեց. «Կներեք էլի, իմմմաաաա՛ստը»:

Պարզվում է՝ Բագրատաշենի մաքսակետի մոտ մի մեծ առեւտրային կետ է բացվել եւ մաքսանենգության հետ կապված մտավախություններ կան: Այդ մեկ խանութի համար կառավարությունն առաջարկում է ընդհանրապես ողջ սահմանային գոտու մոտ լիցենզավորման ենթակա առեւտրային գործունեություն չկազմակերպել: Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի բացատրելով՝ մենք տեղի հարցն ենք բարձրացնում, այդ հատվածում է արգելվում առեւտուր անել, ոչ թե ընդհանրապես: Մաքսանենգության ռիսկ կա»:

Սա Վարդան Այվազյանին հիշեցրեց մի զավեշտալի պատմություն. «Մեկն ասում է՝ կինս դավաճանում է, ասում են՝ բա ի՞նչ արեցիր, ասում է՝ դիվանը փոխեցի: Հիմա դուք եք՝ փոխանակ կնկան փոխեք, դիվանն եք փոխում: Մաքսանենգության համար էդ մասով կարգավորումներ մտցրեք, ոչ թե «Առեւտրի մասին» օրենքը փոխեք: Մեղա, տեր Աստված: Ես դեմ եմ: Կամ տարեք փոխեք օրենքը կամ դնեմ քվեարկության, մերժենք: 1 կմ սահմանից հեռու դու պատկերացնո՞ւմ եք, սաղ Հայաստանը կպրծնի, ոչ մեկին թույլ չեք տալու առեւտուր անի: Տավուշի մարզի գյուղերը դրա տակ են մտնում, Ագարակի պղնձամոլիբդենայինը փաստորեն հանեն տանեն ուրիշ տե՞ղ: Դուք առաջարկում եք, որ սահմանամերձ գյուղերից մարդիկ դռները կողպեն ու փախնեն»:

Հանձնաժողովի անդամները բոլորը դեմ էին այս առաջարկին. «Մի կողմից ասում եք՝ սահմանամերձ շրջանները զարգանան, մյուսով սա եք բերում, ո՞նց կլինի»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն առաջարկեց. «Բացարձակապես չեմ մերժում ձեր մտահոգությունը: Բայց այդ մտահոգությունը լուծել ձեր առաջարկած օրինագծով՝ շատ խոցելի է: Այս փաստաթուղթն այսպես մտցնել ԱԺ, նշանակում է տապալել գաղափարը: Ես կառաջարկեի ձեռնպահ մնալ այս պահին այս ձեւակերպումները բերելուց»:

Ի վերջո` կառավարության առաջարկած այս փոփոխությունը հանեցին օրակարգից:

ՀՀԿ-ականների՝ կառավարության ներկայացուցիչների հետ վեճի մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930