Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 05,2014 14:53

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ տասնհինգերորդ

ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ

Եվ Հավատացյալը բավական երկար մտածեց ու ասաց՝ «էն ժամանակ ինձ թվում էր թե՝ Սովետն ա մարդկանց հավատքի դեմ բռնանում», եւ ես զարմացած հարցրի՝ «բա ո՞վ էր բռնանում», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդ որ ինքը իրա հավատքի դեմ չբռնանա, ոչ մեկը չի կարա բռնանա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հավատքը զուտ ներքին ու զուտ մարդկային երեւույթ ա, ոչ թե՝ հասարակական», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց Սովետը դեմ էր մարդկային երեւույթին» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «Սովետի օրոք հավատքը, փաստորեն, արգելված էր», եւ Խորենը բավական երկար մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «արգելված պտուղը շատ քաղցր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի որ հավատքը խրախուսվում ա, շատերը զուտ ձեւական են եկեղեցի գնում», եւ ես ասացի՝ «խրձերով մոմ են առնում ու վառում», եւ Խորենն ասաց՝ «իրանք մտածում են՝ ինչքան շատ մոմ վառեն, էնքան իրանց խոսքն Աստծուն շուտ կհասնի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ավելի լավ ա էդ փողը մուրացկաններին տան», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ամոթխած ժպտալով ավելացրեց՝ «ես վերջերս էդպես եմ անում», եւ ես ժպտալով Խորենին ասացի՝ «դու համ մուրացկաններին ես փող տալիս, համ էլ մոմ ես վառում», եւ Խորենը ժպտալով ասաց՝ «բայց խրձերով չեմ վառում» ու ամոթխած ժպտալով ավելացրեց՝ «օրական ընդամենը մի հատիկ մոմ եմ վառում», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց մուրացկաններին խրձերով ես փող տալիս», եւ Խորենը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «չափազանցնում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «խրձերով փող տալու համար նախ պիտի խրձերով փող ունենաս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «աչքովս եմ տեսել», եւ Խորենը զարմացած հարցրեց՝ «աչքովդ ի՞նչ ես տեսել», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քանի անգամ տեսել եմ, որ մուրացկաններին հազարդրամանոց ես տվել», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հազար դրամը մեծ փող չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հազար դրամը ոչ մեկի համար փրկություն չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «նույնիսկ մուրացկանների համար հազար դրամը փրկություն չի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց հազարից մեկն ա մուրացկաններին հազար դրամ տալիս», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ունեցած տեղից եմ տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «համ էլ՝ հազարից մեկ եմ հազար դրամ տալիս», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քանի անգամ տեսել եմ», եւ Խորենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ես տեսել», եւ ես ժպտալով ասացի՝ «տեսել եմ՝ ոնց ես մուրացկանին հազարդրամանոց տվել», եւ Խորենը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ես սովորաբար մուրացկաններին ցուցադրաբար չեմ փող տալիս», եւ ես ժպտալով ասացի՝ «ցուցադրաբար չես տվել, բայց տեսել եմ», եւ Խորենը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «էնպես եմ տալիս, որ կողմնակի մարդիկ չտեսնեն», եւ ես ժպտալով հարցրի՝ «ես կողմնակի ե՞մ», եւ Խորենը մի քիչ մտածեց եւ մեղավոր ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «տվյալ դեպքում՝ այո» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բոլորն էլ մուրացկաններին փող տալիս են», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ոչ բոլորն են տալիս» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «մանավանդ՝ հազար դրամ», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե Տիրոջից որեւէ բան ես ստանում, էդ ստացածիցդ պիտի ուրիշներին էլ բաժին հանես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ կարիքավորներին», եւ ես ասացի՝ «մուրացկաններն ամենակարիքավորներն են», եւ Խորենը բավական երկար մտածեց ու ասաց՝ «մուրացկանները բոլորն էլ կարիքավոր են, բայց ոչ բոլոր կարիքավորներն են մուրացկան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ բոլոր կարիքավորներն են համարձակվում մուրացկան դառնալ», եւ ես զարմացած հարցրի՝ «մուրացկանությունը համարձակության հետ ի՞նչ կապ ունի», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ մեծ կապ ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մուրացկանությունն անձնազոհության պես բան ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մուրացկանությունը, փաստորեն, գիտակցված անձնազոհություն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հանուն ընտանիքիդ ու մերձավորներիդ՝ գիտակցված կերպով գնում ես անձնազոհության», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ինձ էլ թվում էր՝ պատերազմի դաշտում են անձնազոհության գնում», եւ Հավատացյալը տհաճությամբ նայեց ինձ, մի քիչ մտածեց ու ասաց՝ «իզուր ես էդ խեղճերին ձեռ առնում», եւ, հիշում եմ, մեր էդ զրույցը սբ. Զորավոր եկեղեցու բակում էր, եւ ես ու հավատացյալը եկեղեցու բակի նստարանին էինք նստած, եւ երբ մուրացկաններից մեկը մեր մոտով անցավ, ես մի հարյուրդրամանոց տվի, եւ երբ մուրացկանն ինձ օրհնելով գնաց, Հավատացյալը թարս նայեց ինձ ու ասաց՝ «համ ձեռ ես առնում, համ էլ ողորմություն ես տալիս», եւ ես արդարանալով ասացի՝ «ես ոչ մեկին ձեռ չեմ առել» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ուղղակի իրանց անձնազոհության մոմենտը չեմ հասկանում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես մեղավոր չեմ, որ էդ պարզ ու հասարակ բանը չես հասկանում» եւ մի քիչ էլ մտածեց ու հեգնանքով հարցրեց՝ «գոնե պատերազմում կռված կամավորականների անձնազոհության մոմենտը հասկանո՞ւմ ես», եւ ես ասացի՝ «իրանց անձնազոհությունը շատ հասկանալի ա», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ էդքան հասկանալի ա, կարա՞ս իրանց անձնազոհության իմաստը բացատրես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իրանց անձնազոհության իմաստը հայրենասիրությունն ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «իրանք մյուսներիցս շատ են հայրենիքը սիրում, դրա համար էլ հանուն հայրենիքի անձնազոհության են գնում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ բացատրություն չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ շատ պարզունակ ու մակերեսային բացատրություն ա»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930