Այսօր` սեպտեմբերի 5-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը հայտարարեց նոր կրոնական կազմակերպության մասին, որը քարոզում է ինքնասպանություն եւ գրանցված չէ.
««Նոր ուղի» կրոնական կազմակերպությունը վերջերս է Հայաստան ներթափանցել, արդեն կա տուժած, տուժածը մեր շատ սիրելի երգիչներից մեկի հարազատն է: Նա երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարել, հոգեկան շեղում է ստացել»:
Սեւակ Հովհաննիսյանի խոսքերով` տուժողը ընկնելով «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Պարի’ր, թե կարող ես» հաղորդման մասնակից Մարի Հովհաննիսյանի թակարդը, մասնակցել է կրոնական կազմակերպության հավաքներին, որտեղ ինքնասպանություն է քարոզվել: Կրոնական կազմակերպության ղեկավարի անունը դեռ հայտնի չէ.
«Հայտնի է, որ այդ կրոնական կազմակերպությունը տարբեր հասարակական նշանակություն ունեցող մարդկանց է ներգրավվում»:
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ «Աստծո տուն» կրոնական կազմակերպությանը` նշելով, որ իր հավաքներն անցկացնում է «Այրարատ» կինոթատրոնի դահլիճում եւ ունենում է նաեւ մարզային հանդիպումներ` Գյումրիում «Հոկտեմբեր» կինոթատրոնում, Մասիսի եւ Հոկտեմբերյանի Մշակույթի տներում.
«Ըստ իրենց հրապարակած տեսանյութերի եւ նկարների մոտ 200-300 անձ մարզերում հավաքվում են մասնակցելու, այդ թվում նաեւ անչափահասները, որն օրենքի խախտում է եւ Արդարադատության նախարարության ուշադրությանն ենք հրավիրում այդ փաստը: Արդարադատության նախարարությունն արձագանքել էր մեր հրապարակմանը եւ «Պենտեկոստե» կրոնական կազմակերպության դեմ սկսել լուծարման կարգ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ