Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Հանրային խորհրդում քննարկվել են Իրաքի եզդիների, ագրոարդյունաբերական քաղաքականության, ՀՀ կառավարության հետ համագործակցությունն ակտիվացնելու հարցերը

Սեպտեմբեր 05,2014 13:45

ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհուրդն արձակուրդային դադարից հետո սեպտեմբերի 4-ին գումարել է անդրանիկ նիստը՝ օրակարգում ունենալով մի շարք հարցեր առաջիկա գործունեության վերաբերյալ:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ խորհրդի քննարկմանն է դրել 2014թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների Հանրային խորհրդի աշխատանքների պլանավորման հարցը՝ նաև տեղեկացնելով, որ խորհրդի գործունեության ժամկետն ավարտվում է 2014 թ. դեկտեմբերի 31-ին: Նա հայտնել է, որ ՀԽ հետագա գործունեության հարցը կքննարկվի ՀՀ Նախագահի հետ հոկտեմբեր ամսին, իսկ ՀԽ կառուցվածքային փոփոխությունների հարցը կքննարկվի սահմանադրական փոփոխություններին զուգահեռ:

Նիստի ընթացքում ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը բարձրացրել է Իրաքի եզդիների հարցը՝ առաջարկելով դիմել Հանրային խորհուրդների միջազգային կառույցին՝ համատեղ հանդես գալու Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող հանցագործությունը կանխելու կոչով: Վազգեն Մանուկյանը հանձնարարել է խորհրդի անդամներին առանձին քննարկել Իրաքի եզդիների հարցը (հանձնարարական է տրվել ՀԽ անդամ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանին հանդիպել եզդիների հետ, ուսումնասիրել հարցը և հրավիրել աշխատանքային խորհրդակցություն վերջնական դիրքորոշում ներկայացնելու համար):

ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանն առաջ է քաշել 3 հարց՝ ագրոարդյունաբերական քաղաքականության և հայեցակարգ ընդունելու մասին հարցը, վերականգնող էներգետիկայի հարցը, ինչպես նաև որոշակի առաջարկություններ «Նաիրիտի» վերաբերյալ մասնագետների մասնակցությամբ քննարկում կազմակերպելու հարցը:
ՀԽ նախագահը նշել է, որ այդ հարցին պետք է տալ վերջնական լուծում, և եթե չկա որևէ եղանակ «Նաիրիտն» աշխատացնելու, ապա անընդունելի է աշխատակիցներին անընդհատ խաբելը և ռեսուրսները փոշիացնելը:

ՀԽ անդամները քննարկել են նաև ՀՀ կառավարության հետ Հանրային խորհրդի համագործակցությունն ակտիվացնելու և արդյունավետությունը բարձրացնելու հարցը: Նիստի որոշ անդամներ ներկայացրել են համապատասխան պետական գերատեսչությունների հետ համագործակցության ընթացքն ու արդյունքները: Մասնավորապես ակտիվ համագործակցության վերաբերյալ խոսել է ՀԽ անդամ, ՀԽ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:

ՀԽ անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն իր հերթին հայտնել է, որ ակտիվորեն աշխատել է և պատրաստ է հետագայում նույնպես աշխատել ՀՀ կառավարության հետ, քանի որ դա տվել է դրական արդյունքներ: Նա ներկայացրել է մի շարք հարցեր, որոնք իրենց հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀԽ-ի կողմից բարձրացվել են կառավարությունում և ստացել որոշակի լուծումներ. մասնավորապես`
1. Արդյունաբերական քաղաքականության հայեցակարգի ընդունումը /15.12.2014թ./
2. Ապրանքների արտահանման խթանման քաղաքականության ընդունումը,
3. Արդյունաբերության աջակցման հիմնադրամի ստեղծումը,
4. Պետություն-մասնավոր հատված գործընկերության կիրառումը որպես գործիքակազմ,
5. Արտահանման նպատակով վարկեր ստացող ձեռնարկություններին բյուջետային միջոցներից 3% փոխհատուցումը,
6. Առևտրի ոլորտում շրջանառության հարկի իջեցումը մինչև 1%,
7. Սահմանային գյուղերին հարկային արտոնությունների տրամադրումը,
8. Պղնձաձուլարանի կառուցման և պոչամբարների վերամշակման գաղափարների ընդունումը և այլն:

ՀԽ անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, սակայն, դժգոհություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցության մակարդակից՝ նշելով նաև այն փաստը, որ արդարադատության նախարարությանը կից ստեղծված հանրային խորհրդում ՀՀ Հանրային խորհրդից որևէ ներկայացուցիչ չի ներգրավվել:
ՀԽ անդամ, ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանը բարձրացրել է բուհերում և ակադեմիական կառույցներում աշխատող երիտասարդների հարցը, որոնք համատեղության կարգով աշխատում են պետական եւ մասնավոր կառույցներում, և որոնց կենսաթոշակային պահումները կատարվում են ընդհանուր գումարից: Նա առաջարկել է, որպեսզի ՀԽ-ն քննարկման դնի այս հարցը և հանդես գա ծրագրային փոփոխություններով:
Վազգեն Մանուկյանն իր հերթին ընդգծել է այս խնդրի լուծման համար կոնկրետ լուծումներ առաջարկելու կարևորությունը՝ հատկապես, որ կառավարությունում արդեն դրված է հարցի քննարկումը:

Արտուշ Ղուկասյանը բարձրացրել է նաև ՀՀ-ում բուհերի տարբեր կարգավիճակներ ունենալու խնդիրը՝ նշելով, որ անհրաժեշտ է դրանք բերել նույն կարգավիճակի:
Հանձնաժողովի գիտության և կրթության հարցերի ենթահանձանաժողովի նախագահ Կարինե Թումանյանը, որը նույնպես հրավիրված էր նիստին, դժգոհություն է հայտնել պետության կողմից գիտության և կրթության բնագավառում աշխատող դասախոսներին անտեսելու վերաբերյալ՝ մասնավորապես աշխատավարձերի բարձրացման և սոցիալական փաթեթների տրամադրման առումով: Նա նշել է, որ դա պատճառ է դառնում, որպեսզի շատ դասախոսներ հեռանան աշխատանքից:

ՀԽ անդամ Հայկ Սարգսյանը հիշեցրել է, որ ոլորտի խնդիրները պարբերաբար բարձրացվում են բուհերի գիտական խորհուրդներում, ինչպես նաև ԶԼՄ-ներում: Այդ առումով նա նպատակահարմար է գտել ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի հետ համատեղ, նախօրոք պատրաստված հարցերի շրջանակում, քննարկում անցկացնել Հանրային խորհրդում:

Վազգեն Մանուկյանը բուհերի խնդիրների հետ մեկտեղ առաջարկել է քննարկել նաև դպրոցներում առկա խնդիրները՝ իրավիճակի ներկայացման հարցը հանձնարարելով Կարինե Թումանյանին:

Նիստի ժամանակ ՀԽ անդամ Աստղիկ Գևորգյանը մտավախություն է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների սերտացման ուղղությամբ ազգային արժանապատվությունը վիրավորող կազմակերպված քարոզչություն է ընթանում, ինչն անթույլատրելի է և պետք է կանխվի՝ հատկապես Հայոց ցեղասպանության 100- ամյակի նախաշեմին:

ՀԽ անդամ Արշակ Սադոյանը գործընկերներին տեղեկացրել է, որ ստեղծվել է ինտերնետ կառավարման խորհուրդ՝ առաջարկելով ՀԽ-ի կողմից ընտրել խորհրդի անդամ այդ խորհրդում աշխատելու համար:

Ամփոփելով նիստը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ՀԽ հանձնաժողովների նախագահներին հանձնարարել է հրավիրել կոլեգիայի նիստեր և մշակել առաջիկայում քննարկվելիք հարցերի շրջանակը:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու
Անի Գասպարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930