Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այս անգամ մասնակցեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովին». Կարեն Բեքարյան

Սեպտեմբեր 05,2014 13:37

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի գնահատմամբ, ՆԱՏՕ-ի գագաթաժողովն այս անգամ Հայաստանի համար առանձնացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

«Նովոստի» մամուլի ակումբում նա այսօր հիշեցրեց, որ նախորդ երկու գագաթաժողովներին Հայաստանի մասնակցությունը նախագահի մակարդակով չի եղել, որովհետեւ գագաթաժողովի եզրափակիչ նախորդ փաստաթղթերում կային ԼՂՀ տարածքային ամբողջականության հարցում բովանդակային եւ ձեւաչափի խախտում, ինչի հետ Հայաստանը համաձայն չէր:

ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովից դեռ փաստաթուղթ չի հրապարակվել, բայց պարոն Բեքարյանը մտավախություն ունի, որ բովանդակային առումով նոր փաստաթուղթն էլ նախորդներից չի տարբերվելու. «Առնվազն չեմ բացառում, որ դոգմատիկ հին կետերը նոր փաստաթղթում տեղ չգտնեն: Եթե փաստաթուղթը որոշակի փոփոխություններ կրի, ապա դա կլինի նախագահի մասնակցության արդյունք: Իսկ հին բովանդակությամբ փաստաթուղթը խրախուսելու է Ադրբեջանի ցինիկ պահվածքը»:

Թե ինչու Սերժ Սարգսյանը որոշեց այս անգամ մասնակցել գագաթաժողովին, պարոն Բեքարյանի կարծիքով՝ նախագահը ԼՂՀ հարցում հստակ դիրքորոշումը տեղ հասցնելու նպատակ ուներ. « Նախագահն իր ելույթում հստակ նշեց, որ հարեւան երկրում ունենք բռնապետ ղեկավար: Այլ բան է, որ սրա մասին խոսում են իրավապաշտպան կազմակերպությունները, այլ բան է, որ սրա մասին արտահայտվում է երկրի նախագահը»:

Պարոն Բեքարյանը Ադրբեջանի «ցինիկ պահվածքի մեջ» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից յուրաքանչյուրի պատասխանատվության բաժինն է տեսնում.« Ֆրանսիայի պատասխանատվության բաժինն այն է, որ աչք է փակում Ադրբեջանի բավական խնդրահարույց պահվածքի վրա, երկրի ներսում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների վրա: Գլուխ շոյող այդ վերաբերմունքը Ադրբեջանին թույլ է տալիս մտածել, որ ամեն ինչ կարելի է, եւ մտածում է՝ այդ ամեն ինչ կարելին կարելի է տարածել նաեւ ԼՂՀ հիմնահարցի վրա: Եթե նայենք, ՆԱՏՕ-ի հռչակած արժեքներին, ապա այդ պարագայում Ադրբեջանի նախագահը նույնիսկ գագաթաժողովին պետք է չհրավիրվեր:

ԱՄՆ-ի դեպքում պատասխանատվության բաժինն ավելացավ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունից հետո, որը նույնպես Ադրբեջանին դիվիդենդներ քաղելու առիթ տվեց: Իսկ Ռուսաստանի պարագայում՝ Ադրբեջանին սպառազինելն էր, ու անկախ նրանից, թե ինչպես են սպառազինումը մեկնաբանում հենց Ռուսաստանում՝ բիզնես շահ թե, այլ բան, ակնհայտ է, որ Ադրբեջանն այդպես չի ընկալում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930