Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաց նամակ. Այդ անորակ դեղամիջոցի պատճառով այժմ բազմաթիվ մարդկանց առողջական վիճակը կտրուկ վատացել է

Սեպտեմբեր 05,2014 13:03

Հարգելի պարոն Աբրահամյան,

Ձեզ դիմում ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բազմաթիվ այն մարդկանց անունից, ովքեր այժմ ծանր վիճակում են գտնվում պետական գնումների արդյունքում ձեռք բերված և տրամադրվող անորակ հոգեմետ դեղորայքի պատճառով:

Պետական գնումների միջոցով դեռևս 2013 թվականի աշնանը ձեռք է բերվել դեղորայք, որը, ի տարբերություն նախկին դեղամիջոցի, որևէ դրական ազդեցություն չի գործել պետության հոգածության ներքո գտնվող և անվճար դեղորայք ստացող մեր շահառուների առողջական վիճակի վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ բացասական հետևանքներ է առաջացրել: Խնդրի վերաբերյալ մի քանի անգամ դիմումներ են ներկայացվել առողջապահության նախարարություն, այդ թվում` ներկայիս նախարար Արմեն Մուրադյանին, սակայն պատասխանատու գերատեսչության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներից ստացված պատասխանները միշտ եղել են նույնաբովանդակ, ինչը առաջացրել է առանց այդ էլ դժվար կացության մեջ հայտնված այդ մարդկանց և նրանց հարազատների հիասթափությունն ու դժգոհությունը:

Առողջապահության նախարարությունն ամեն անգամ տվել է նույն անընդունելի պարզաբանումն այն մասին, որ դեղորայքը ձեռք է բերվել գնումների մասին օրենսդրությանը համապատասխան, և նախապատվությունը տրվել է ամենամատչելի գին ունեցող դեղամիջոցին: Այդ անորակ դեղամիջոցի պատճառով այժմ բազմաթիվ մարդկանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրանց ստիպված տեղավորել են հոգեբուժական հաստատություններում` ստացիոնար բուժման: Միթե՞ այս եղանակով է պետությունը հոգում իր քաղաքացիների մասին և գումար տնտեսում: Ընդ որում, այս խնդրի մասին քաջատեղյակ են նաև հենց հոգեբուժական հաստատություններում աշխատող բժիշկ-մասնագետները, ովքեր իրենց աշխատանքը կորցնելու կամ այլ մտավախությունների պատճառով խուսափում են բարձրաձայնել այդ մասին: Այս ցավալի խնդրով դիմել ենք նաև Մարդու իրավունքների պաշտպանին, ով, ուսումնասիրելով այն, հորդորել է լուծում տալ դրան, սակայն մինչ օրս առողջապահության նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

Խնդրում ենք Ձեր անմիջական հանձնարարականը խնդիրը կարգավորելու վերաբերյալ, որը հնարավոր է բացառապես ցածրորակ, անօգուտ դեղորայքը շրջանառությունից հանելու և դրա ձեռքբերման վրա պետական միջոցների վատնումը բացառելու ճանապարհով:

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930