Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոմպոզիտոր. «Թաթա Սիմոնյանն էլ է մանկատուն պահում, բայց չի ասում»

Սեպտեմբեր 05,2014 12:57

Այսօր ՝ սեպտեմբերի 5-ին «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսը հիվանդ երեխաների շտապ վիրահատության համար կազմակերպվելիք բարեգործական հանդիպում- համերգի թեմայով էր: Երկուշաբթի օրը «Ջամբո» համալիրում առաջին տիկինն էլ է հյուրընկալվելու, նաեւ քաղաքական ու մշակութային գործիչներ կլինեն: Համերգի հասույթը տրամադրվելու է «Հայ մայրեր» հիմնադրամի 150 շահառու փոքրիկներին օգնելու համար: Տոմսեր չեն վաճառվելու, արտիստներն էլ անվճար են հանդես գալու: Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ իրենց նպատակը գումար հավաքելը չէ, այլ խնդրի վրա մարդկանց ուշադրությունը բեւեռելը:

Միջոցառման կազմակերպիչներից «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը նշեց, որ ինքը մանկական ուղեղային կաթվածով երեխայի մայր է, բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, ասում է՝ հիմնականում շեշտադրում են ջրաբուժությունը, ձիաբուժությունը եւ արտթերապիան, նաեւ հաշմանդամություն ունեցող մայրերի իրավունքներով են զբաղվում: «Հայ մայրերն» այս տարի ծրագիր է արել «Քաղաքապետարանը՝ Երեւանի մանուկներին» խորագրով, փաստում է որ քաղաքապետարանը բաց է համագործակցության համար: Նրա խոսքով, խնդիրը զուտ գումարային աջակցությունը չէ, այլ ցանկությունը ինչ-որ կերպ օգտակար լինելու:
Նարինե Մանուկյանը նշում է, որ 61000-ից ավելի հաշմանդամություն ունեցող մարդ կա Երեւանում, որոնց պետք է աջակցել: «Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենց լուման ներդնելով՝ կարող ենք ունենալ ավելի բարի հասարակություն»,-համոզված է նա:
Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը խոսեց խնդրի բարոյական կողմի մասին. «Ցանկացած երկրում չափանիշ է փողոցներում սայլակներով մարդիկ չտեսնելը: Ուղղակի նախանձով եմ նայում, թե ինչպես են այլ երկրներում փայփայելով վերաբերվում հաշմանդամություն ունեցող մարդկանց, մասնավորապես երեխաներին: Ցավոք, Հայաստանում մինչեւ պրոբլեմն իրենց ընտանիքին չի կպնում, մարդիկ հիմնականում սառն են լինում»,-ասաց նա:

«Արտերկրում մի անգամ ջրաշխարհ էինք գնացել եւ ուրախությամբ տեսա, որ առանց ոտքի, առանց ձեռքի երեխաները ուրախությամբ խաղում էին, ես նախանձով լցվեցի, ինչքան կուզեի, որ Հայաստանում էլ այդպես լիներ»,-հավելեց նա:
«Ջամբո» պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանը ասում է, որ մարդուն պետք է սովորեցնել բարության. «Երբ ես «Ջամբո» պարկը կառուցում էի, չգիտեի, որ այսքան հաշմանդամ երեխաներ կան: Ուզում էի այնպիսի բան ստեղծել, որ հայ երեխաները զարգանան, շատ տեղեկացված լինեն, անկախ նրանից՝ ում մեքենայի համարներն ինչպիսին են, երեխաներն իմանան, թե որ երկրի մայրաքաղաքը որն է: Հետո ծնվեց գաղափարը հաշմանդամություն ունեցող երեխաներին օգնելու»:

Նարինե Մանուկյանը գտնում է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ վերաբերմունքը բավականին փոխվել է, օրինակներից մեկն այն է, որ 70-մլն դրամ Երեւանի քաղաքապետարանի բյուջեից տրամադրվել է միջավայրը հաշմանդամություն ունեցող մարդկանց հարմարեցնելու համար: «Եթե կոնկրետ երեխայի կուզենան անհատ մարդիկ օգնել, կտանք տվյալ երեխայի մայրիկի համարը: Տվեք մեզ հազար դրամ եւ պահանջեք հաշվետվություն»,-հայտարարեց Նարինե Մանուկյանը:

Արմեն Մարտիրոսյանը փակագծեր բացեց, ասաց, որ օրինակ, Թաթա Սիմոնյանն էլ մանկատուն է պահում ինչ-որ մարզում, բայց երբեք այդ մասին չի բարձրաձայնում. «Իրենց համերգներից էլ հստակ հասույթ է ուղղվում այդ մանկատանը: Այնպես չէ, որ Հայաստանում մշակույթի գործիչները հետաքրքրված չեն բարեգործությամբ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930