Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակայինի պահով «Մառլեզոնյանբալետի երկրորդ մաս» է լինելու. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 05,2014 12:49

Դատելով վարչապետի խոսքից, նախնական տրամադրվածությունն այն է, որ հարցը կարգավորվի հօգուտ բողոքավոր քաղաքացիների՝ պետական ու համատեղությամբ նաեւ մասնավոր բուհերում դասավանդող երիտասարդ դասախոսների:

Հիշեցնենք. բանն այնտեղ էր հասել, որ բազմաթիվ երիտասարդ դասախոսներ հրաժարվում էին պետական բուհերում աշխատանքից կամ պատրաստվում էին նման քայլի դիմել, ու դա պայմանավորված էր բացառապես կուտակային համակարգում ընդգրկվելու, այսինքն` սոցիալական վճար մուծելու հանգամանքով:

Հիմա մնում է սպասել, թե տրված հանձնարարությանը համապատասխան ինչ առաջարկություն կամ լուծում կտրվի: Ու կարեւոր է նաեւ, թե որքան արագ դա կարվի, եւ, մինչ խնդրի լուծում գտնելը, ինչ մոտեցում կդրսեւորվի: Այսինքն՝ այդ ժամանակահատվածում պետական բուհերում համատեղությամբ դասավանդողների աշխատավարձից կպահվի՞ խնդրահարույց սոցվճարը, թե՞ առժամանակ կսառեցվի այդ գործընթացը:

Ցանկացած պարագայում, կան իրական նախադրյալներ, որ կուտակայինի պահով «Մառլեզոնյանբալետի երկրորդ մաս» է լինելու: Մի խոսքով, Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից եւ օրենսդրությունը «պլաստիկ վիրահատության» ենթարկելուց հետո հնարավոր է, որ նոր «ականներ» ու «խութեր» ի հայտ գան կուտակային օրենսդրության մեջ ու դրա կիրառման գործընթացում:

Խորհրդարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, օրինակ, մեր օրաթերթին տված հարցազրույցում այս պրոբլեմին անդրադառնալով, մասնավորապես նշել էր. «Երկու աղբյուրից՝ պետականից եւ մասնավորից եկամուտ ստացող անձանց համար վճարումների հարցը օրենքով հստակ կանոնակարգված է՝ նա դառնում է պարտադիր վճարող. այստեղ օրենսդրական բաց չկա»:

Շատ հնարավոր է, որ «օրենսդրական բաց»՝ պարտադիր, բայց ոչ պարտադրված կուտակայինի կողմնակիցների տեսակետից չկա: Հնարավոր է, որ «բաց» չկա ընդհանրապես: Բայց ակնհայտ է, որ կա հարց, եթե չասենք՝ հարցեր: Համենայն դեպս խնդիր կա այնքանով, որ «հստակ կանոնակարգված» լինելու պարագայում լուրջ դժգոհություններ են ծագում, որոնք հարթելու համար վարչապետի կողմից հանձնարարական տալու անհրաժեշտություն ծագեց:

Մինչ այս, մինչ այն, ինչպես հայտնի է, «Դեմ եմ» հակակուտակային շարժումն իր հերթին, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն էլ՝ իրենց հերթին, հայտարարեցին այս խնդրով, այսինքն՝ սահմանադրությանը փոփոխված կուտակային օրենսդրության համապատասխանության վերաբերյալ ՍԴ դիմելու մտադրության մասին:

Դժվար է ասել, թե որքանով կհաջողվի երկրորդ անգամ նույն գետը մտնել, բայց չի կարելի բացառել, որ արդեն իսկ «կուտակայինի տակ ընկած» պետական սեկտորի աշխատողներն արձագանքեն հասարակական ու քաղաքական շրջանակների այդ մղումներին, եթե վերջիններս կազմակերպչական ջանքեր գործադրեն: Նմանապես չի բացառվում, որ մասնավոր սեկտորի աշխատողները նույնպես ակտիվանան՝ նկատի ունենալով այն, որ երկու-երեք տարի անց, միեւնույն է, կուտակայինի սոցիալական վճարի «ալիքն» իրենց էլ է հասնելու:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930