Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Թավադյան. «Ասել, որ որոշումը մի օրում է կայացվել՝ լուրջ չէ». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 05,2014 12:33

Հատված տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Ըստ որոշ տնտեսագետների՝ ԵՏՄ մտնելու դեպքում առանձին ապրանքատեսակների մաքսատուրքերը կարող են երեք անգամ բարձրանալ։ Նման բան հնարավո՞ր է։

-Կարծում եմ, պրոֆեսիոնալ տնտեսագետը նման հայտարարությունները պետք է հիմնավորի հրապարակայնորեն ներկայացված հստակ հաշվարկներով։ Սա՝ առաջին։

Երկրորդ՝ մաքսային քաղաքականությունը երկսայր սուր է. Ղազախստանը, երբ մտնում էր ՄՄ, առաջարկեց բացառություն անել մոտ 500 ապրանքների համար, հետո ինքնակամ կրճատեց այդ ցուցակը՝ այդ թիվը հասցրեց 70-ի, որովհետեւ մաքսատուրքերը գնում են ընդհանուր ֆոնդ եւ այնտեղից վերաբաշխվում երկրների միջեւ։

Եթե անմաքս ապրանքների ցուցակը մեծացնում ես, քո տոկոսն իջնում է՝ բյուջեի մուտքերը պակասում են։ Եվ հակառակը, եթե մաքսատուրքը բարձրանում է, բյուջե մտնող գումարն ավելանում է, եւ հնարավորություն է ստեղծվում ավելացած գումարն ուղղելու սոցիալական ոլորտ՝ բարձրացնելու կենսաթոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձերը։

-Հաճախ կարելի է լսել, թե որեւէ մեկը հստակ չի հաշվել ԵՏՄ մտնելու «պլյուսները եւ մինուսները», պարզապես մի գեղեցիկ օր արթնացանք եւ որոշեցինք, որ եվրոպական ուղղությունն այլեւս արդիական չէ՝ Հայաստանի ապագան Մաքսային միությունն է։

-Այս տեսակետները, մեղմ ասած, անհիմն են։ Դեռեւս 2013թ. գարնանը հայկական եւ ռուսական կառավարությունների առաջարկով ստեղծվեց աշխատանքային խումբ իմ ղեկավարությամբ, որը աշխատում էր որոշ առումով կոնֆիդենցիալ հիմունքներով։ Մենք այդ ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրինք ե՛ւ մեր կառավարությանը, ե՛ւ ռուսական կողմին։

Ավելին՝ երբ Ռուսաստանի նախագահ Պուտինը եկավ Հայաստան, նախագահները համատեղ հայտարարության մեջ հղում արեցին «պրոֆեսիոնալ տնտեսագետների կողմից իրականացված մանրակրկիտ հաշվարկներին»։ Արժութային միջազգային հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչն էլ արձագանքեց մեր ուսումնասիրություններին՝ վկայակոչելով աշխատանքային խմբի իրականացրած վերլուծությունները։ Այս պարագայում ասել, որ որոշումը մի օրում է կայացվել՝ լուրջ չէ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930