«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները սեպտեմբերի 7-ին կրկին բողոքի ակցիայի դուրս կգան: Այս անգամ ավտոերթը կսկսվի Ավան վարչական շրջանից, կշարունակվի Կոտայքի մարզում ու կավարտվի Սեւանում:
Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանն այսօր «Նոյան տապան» ակումբում տուգանված վարորդներին կոչ արեց դիմել իրենց նախաձեռնության իրավաբաններին ու բողոքարկել տուգանքի որոշումները.«Հանրային դատարանները պետք է ողողել, որովհետեւ այս համակարգը կեղեքման համակարգ է»:
Նա մեջբերեց ավտովթարների մասին ոստիկանության այս տարվա վթարների թվերը, ու նկատեց, որ արագաչափերի ու տեսախցիկների ավելացմամբ, նախորդ տարվա համեմատ այս տարի 221-ով ավելացել է ավտովթարների ցուցանիշը, 346-ով ավելացել է վիրավորների թիվը, 20-ով նվազել մահացածների թիվը. «Մահացության ցուցանիշը նվազել է, ամրագոտիների կիրառման արդյունքում»:
Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանն էլ ասաց, որ դեռ սպասում են կարմիր գծերի իրավաչափության մասին իրենց դիմումին ՄԻՊ-ի վերլուծություններին. «Մեզ պատասխանել են, թե գլոբալ հարց է, ուսումնասիրման կարիք ունի, բայց արդեն երկու ամիս է ուսումնասիրվում է : ՄԻՊ-ը բացատրություններ է պահանջել քաղաքապետարանից, թե ինչպիսի մոդել է ընտրված կայանատեղիների սպասարկման վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանն էլ նկատեց, որ թեեւ իրենց պահանջներից հետո որոշակիորեն մեղմացումներ են եղել տուգանքների չափերի առումով, բայց իրենք բավարարված չեն.«Շեշտադրված պահանջում են մինչեւ հուլիսի 26-ը արձանագրված տուգանքների համաներում: Որովհետեւ փակուղում ենք հայտնվել, ելքը միայն համաներման հայտարարությամբ ենք տեսնում: 2,5 տարի մեր քաղաքացիներին իրենց բարձր տուգանքներով կեղեքեցին, տույժերով մտան մեր՝ բոլորիս, գրպանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ