Լրահոս
Օրվա լրահոսը

21 տարեկանից ցածրներին խաղատան մուտքի մոտ կբռնեն

Սեպտեմբեր 05,2014 11:54

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարել: Նախագծով նա առաջարկում է, որ 21 տարեկանից ցածրներին խաղատներ ներս թողնելու համար պետք է պատիժ սահմանվի: Եթե նրանց եւ սեւ քարտ ունեցողներին թույլ տան, որ խաղադրույքներ կատարեն՝ պատժվում է 300 հազար դրամով:

Գործող օրենքով արգելված էր 21 տարեկանից ցածրների մուտքը խաղատուն, բայց խոսք չկար այն մասին, որ խաղատան տնօրինությունը պետք է հետեւի դրան, այլապես կպատժվի: Եթե անչափահասը, կամ սահմանափակ անգործունակ ճանաչված անձը մտնում է խաղատուն, խաղադրույք է կատարում, պարտվում է, ամբողջ գործարքը համարվում է անվավեր եւ խաղատան համար պատասխանատվության խնդիր է առաջանում:

Հարցին, թե ինչպես են վերահսկելու, որ անչափահասները մուտք չգործեն խաղատուն՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ կազմակերպիչը, այսինքն` խաղատան տնօրինությունը պարտավոր է ստուգել նրա տարիքը: Նա ասաց, որ, օրինակ, ԱՄՆ-ում մուտքի մոտ ստուգում են փաստաթղթերը: Եթե տարիքը ցածր է, ներս չեն թողնում:
Էդմոն Մարուքյանը նաեւ առաջարկում է, որ այս նախագծով խաղատներից կախվածություն ունեցող անձինք, որոնց պատճառով ընտանիքը տուժում է, եթե անձը մի պահ սթափվում է եւ ասում է՝ ես կախվածություն ունեմ, չեմ ուզում գնալ խաղատուն, կարող է ստորագրել եւ սեւ քարտ ստանալ, որը գործում է 3 տարի: Եթե նույնիսկ կամքի ուժը տեղի տա եւ այդ մարդը նորից ուզենա մտնել խաղատուն, սեւ քարտով նրան այլեւս ոչ մի խաղատուն չեն թողնի մտնի:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ ապառիկ խաղերի էլ են գնում. «Նիսյա խաղեր են խաղում, սա լրացուցիչ խնդիրներ են առաջացնում»:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ ապառիկ խաղերը չեն կարող հսկել որեւէ կերպ: Նա առաջարկեց ոչ թե 3 տարի ժամանակ տալ սեւ քարտ ունեցողներին, այլ՝ 6 ամիս: Նրա տրամաբանությամբ, եթե անձը կամքի ուժ չունեցավ, 3 տարի հետո էլ կխաղա. «Եթե մարդը ինքնուրույն գալիս է, ասում է՝ ես չեմ ուզում խաղալ, սեւ քարտ տվեք ինձ, պետք է նրան տրվի 6 ամիս ժամանակ»:

Վարդան Այվազյանն ասաց, որ խաղամոլ քաղաքացիների դեմն առնելու համար կարող են ՀՀ քաղաքացիների համար խաղատուն մուտքը գումարով անել: Օրինակ, Սինգապուրն իր երկրի քաղաքացիների համար խաղատներ մուտքի վճար է սահմանել՝ լրացուցիչ 300 դոլար: Իսկ տուրիստների համար անվճար է, այսինքն, խաղատները հիմնականում զբոսաշրջիկների համար են:

Հանձնաժողովը որոշեց օրինագիծը մտցնել քառօրյա նիստերի օրակարգ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930