Լրահոս
Օրվա լրահոսը

«Բախտագուշա՞կ ես դու, ի՞նչ ա: Ինձ ցանկացողները 99% են կազմում»

Սեպտեմբեր 05,2014 18:30

Սեպտեմբերի 6-ին Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպե՞տ կնշանակվի

ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին ազատել զբաղեցրած պաշտոնից եւ նշանակել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: ՀՀ կառավարության որոշման մեջ նշված է, որ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն է ազատվել զբաղեցրած պաշտոնից:
Այս որոշումը շատերին անակնկալի բերեց: Սյունեցիներից շատերը ցավով են արտահայտվել մարզպետի ազատման փաստի վերաբերյալ` նշելով, թե «հազիվ հարմարվել էինք, մթնոլորտը փոխվել էր, Կապանում էսքան շինարարություն էր անում, գործ էր անում էդ մարդը, ո՞ւմ էր ձեռնտու, որ նման բան արեց»:

Պաշտոնից ազատվելը թերեւս Վահե Հակոբյանի համար էլ էր անակնկալ, քանի որ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը նշել էր, որ «նախագահը նրան ընդունել է, տրամադրությունը բավականին բարձր էր, բայց չի ասել, որ ազատվելու է աշխատանքից, այսօր ենք իմացել»:

«Առավոտը» փորձեց կապ հաստատել Վահե Հակոբյանի հետ: Սակայն նրա հեռախոսին պատասխանեց օգնականը` նշելով, որ Վահե Հակոբյանը զբաղված է, ու հորդորեց ավելի ուշ փորձել: Այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Վահե Հակոբյանի հետ՝ պարզելու, թե ինչն էր պատճառը, որ նա պաշտոնից ազատման դիմում է գրել:

Վահե Հակոբյանի` պաշտոնից ազատումից հետո ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ հնարավոր է Սյունիքի մարզպետ կրկին նշանակվի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Սա առավել հավանական է դառնում նաեւ այն համատեքստում, որ մեկ օր առաջ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, թե չի պատրաստվում ամբողջ կյանքում անգործ մնալ, ու նշել. «Բա կարող ա՝ ամբողջ կյանքում առանց գործ մնա՞մ, մի տեղ կմտնեմ, կաշխատեմ, ի՞նչ խնդիր կա»:

«Առավոտը» թափուր պաշտոնի մասին հարցերի շուրջ զրուցեց Սուրիկ Խաչատրյանի հետ: Պարզաբանումներ ներկայացնելուց առաջ նա ասաց. «Երեւի թափուր պաշտո՞ն կա, որ ինձ եք հիշել»: Մեր դիտարկմանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը թափուր է, ինքն էլ օրեր առաջ հայտարարել է, թե չի պատրաստվում անգործ մնալ, ուզո՞ւմ է կրկին մարզպետ նշանակվել, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, կուզեի, խի՞ չէի ուզի, մարդ չի ցանկանա՞ իր ժողովրդին ծառայել: Հայտարարել էի, որ առանց գործի չեմ մնալու, բայց դա չի նշանակում, որ որտեղ մի պաշտոն ազատվի, ինձ հարցնելու եք՝ նշանակվելո՞ւ եք, թե՞ չէ»: Հետաքրքրվեցինք՝ նման առաջարկ ստացե՞լ է, նա պատասխանեց. «Նման առաջարկ չեմ ստացել»: Սուրիկ Խաչատրյանին հարցրինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն հայտարարությունները, համաձայն որոնց՝ իր մատը խառն է Վահե Հակոբյանի՝ պաշտոնից ազատման գործում, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ինձ թվում է` դուք էլ եք համոզված, որ դա իմ ձեռքի գործը չի կարող լինել, երկրի նախագահն ու վարչապետն են որոշում Վահե Հակոբյանի՝ որտեղ աշխատելը»: Մեր դիտարկմանը՝ իրեն դժվար չի՞ լինի նորից մարզպետ աշխատել, մանավանդ, որ սյունեցիների մեծամասնությունը բացասական է տրամադրված իր նկատմամբ, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ի՞նչ գիտես՝ ժողովուրդը լա՞վ է տրամադրված, թե՞ վատ: Բախտագուշա՞կ ես դու, ի՞նչ ա: Ինձ ցանկացողները 99 տոկոս են կազմում»:

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը հավանական է համարում այն, որ սեպտեմբերի 6-ին ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում որոշում կայացվի Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու մասին: Այս առիթով պարոն Հարությունյանն ասաց. «Վայ սյունեցիներին, վայ քեզ, Սյունիք, որ այսուհետ նույնպես Սուրիկ Խաչատրյանը պիտի շարունակի իշխել Սյունիքում: Դա պարզապես սարսափելի կլինի, հազիվ գորիսեցիները թեթեւ շունչ էին քաշել»:

Սամվել Հարությունյանը հիշեցրեց, որ երբ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնանկ եղավ Ավետիք Բուդաղյանի սպանությունից եւ նրա եղբոր՝ Արտակ Բուդաղյանի մահափորձից հետո, ու Ս. Խաչատրյանին որեւէ մեղադրանք չներկայացվեց, ինքը հայտարարեց, որ Ս. Խաչատրյանը իշխանությունից չի հեռացել: Այս թեզը զարգացնելով՝ պարոն Հարությունյանն ասաց. «Դրանով իշխող ռեժիմի պարագլուխները հասկացնում էին, որ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը Սուրիկ Խաչատրյանի որոշումներով պետք է առաջնորդվի: Փաստորեն այդպես էլ եղավ: Այդ ընթացքում այլ հարցեր էլ եղան. նա որոշեց Գորիսի քաղաքապետի ընտրությունները եւ այլն»: Սամվել Հարությունյանը չի բացառում, որ Վահե Հակոբյանի՝ պաշտոնից ազատման հարցում Սուրիկ Խաչատրյանի «մատը խառն է», ու նշում է. «Անհնար էր, որ երկուսը երկար ժամանակ մնային այդ կարգավիճակում, եւ պետք է այդ հանգույցը լուծվեր: Եվ լուծեցին. Վահե Հակոբյանին ազատեցին մարզպետի պաշտոնից: Ռեժիմի համար շատ ավելի կարեւոր է մարզպետի պաշտոնը, եւ շատ հավանական է, որ Սուրիկ Խաչատրյանն իսկապես նշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930