Էրդողանի՝ Բաքու կատարած այցի կապակցությամբ Սերժ Սարգսյանի խոսնակ Արման Սաղաթելյանը Թվիթերի իր էջում արել է հետեւյալ գրառումը. «Բաքվում Էրդողանը՝ Ալիեւի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից»։
Եկեք ուշադիր ընթերցենք երկրի թիվ 1 խոսնակի պաշտոնը զբաղեցնող այս մարդու գրությունը եւ հասկանանք՝ ի՞նչ է նա ուզում ասել կամ, ավելի ճիշտ՝ էդ ո՞ր տարածաշրջանի մասին է խոսում։ Կամ տարածաշրջանային էդ ի՞նչ գործընթացներ նկատի ունի, կամ էդ ո՞նց է Թուրքիան իրեն դուրս դրել տարածաշրջանային գործընթացներից։
Եթե Սերժ Սարգսյանն ու Արման Սաղաթելյանը նոր տարածաշրջան չեն հորինել, մեր տարածաշրջանը հետեւյալն է. Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա։ Գումարած Ռուսաստան։ Եկեք հիմա հասկանանք, թե այս տարածաշրջանից Թուրքիան ո՞նց կարող է դուրս մնալ կամ դուրս դնել իրեն։
Թե ինչպիսին են թուրք-ադրբեջանական հարաբերությունները՝ կարծում ենք, բացատրելու կարիք չկա։ Ադրբեջանից Թուրքիա գազամուղ է գործում, նավթամուղ։ Այդ գազամուղն ու նավթամուղը անցնում են Վրաստանի տարածքով։ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան համատեղ կառուցում են Կարս-Ախալքալաք երկաթգիծը, Վրաստանում Թուրքիան միլիարդների ներդրումներ ունի արած, ու Վրաստանի հետ Թուրքիայի քաղաքական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են։ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան համագործակցում են նաեւ ռազմական բնագավառում։
Հիմա Թուրքիա-Իրան. ամիսներ առաջ Թուրքիան եւ Իրանը կնքեցին տասը համաձայնագիր, որոնցով նախատեսվում է 2015 թվականին երկկողմանի առեւտուրը կրկնապատկել՝ հասցնելով 30 միլիարդ դոլարի։ Թուրքիան իրանական գազի՝ դեպի Եվրոպա արտահանման ամենաիրատեսական ուղին է թվում, եւ երկու երկրները այդ հարցը քննարկում են։
Կարդացեք նաև
Ռուս-թուրքական հարաբերությունները նույնքան սերտ են. Թուրքիան Ռուսաստանի առեւտրատնտեսական խոշորագույն գործընկերներից է, ռուսական գազի խոշոր սպառողներից մեկը, Ռուսաստանն էլ թուրքական ապրանքների ամենամեծ շուկաներից մեկն է։
Թվարկված շատ հանրահայտ փաստերը, ահա, առավել սուր են դարձնում խնդրո առարկա հարցադրումը։ Էդ ինչի՞ մասին է խոսում Արման Սաղաթելյանը։ Ինքը համոզվա՞ծ է, որ լավ գիտի տարածաշրջան բառի իմաստը կամ քարտեզի վրա տարածաշրջանը լա՞վ է պատկերացնում։ Իսկ գուցե արտաքին հարաբերությունները նախագահական նստավայրում պատկերացնում են հակառակորդ պետությունների ղեկավարների վրա կայֆավատ լինելո՞վ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում