Շիրակի մարզի երեք գյուղական համայնքներում՝ Ոսկեհասկ, Հայկավան, Ողջի, «Նոր հայացք» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Գյուղական համայնքներում ընտանեկան բիզնեսի զարգացմանը նպաստող զբաղվածության խթանում» խորագրով ծրագիրը, որի շրջանակներում գյուղերի կանանց և աղջիկներին սովորեցնում են սեղանի ձևավորում, խոհարարություն, ճաշատեսակների մատուցում։
Հայկավան համայնքից ծրագրին մասնակցում է մոտ 25 կին։ Վերջիններիս տրամադրվել են սեղանի ձևավորման համար նախատեսված գործիքներ, որոնք ծրագրի ավարտից հետո կմնան նրանց։
«Նոր հայացք» ՀԿ-ի նախագահ Սոնյա Սարգսյանը նկատում է, որ ծրագրի նպատակը կանանց զբաղվածության խնդիրը լուծելն է, որպեսզի կարողանան ընտանիքի կարիքները հոգալու համար ինքնուրույնաբար դրամ վաստակել։ «Գյուղաբնակ կանանց ամուսինները մեծ մասամբ մեկնում են արտագնա աշխատանքի, և ամբողջ ծանրությունը կանանց վրա է։ Մենք, տեղերում նման դասընթացներ կազմակերպելով, փորձում ենք փոքր-ինչ թեթևացնել գյուղաբնակ կանանց հոգսը»։
Կարդացեք նաև
ՀԿ նախագահը նշում է, որ այսօր գյուղեր շատ են գալիս հյուրեր, զբոսաշրջիկներ. «Համայնքներում ցուցաբերում են ավանդական հյուրասիրություն, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացնում հյուրերի մոտ։ Սակայն մենք ցանկանում ենք նաև տեղի բնակչությանը ծանոթացնել եվրոպական սովորույթներին, չափանիշներին։ Նման դասընթացի պահանջը համայնքներում կա, մասնակցել ցանկացողները բավականին շատ են, սակայն մենք ընտրություն ենք կատարել և դասընթացներին ընդգրկել բազմազավակ, երիտասարդ, սոցիալապես անապահով ընտանիքների մայրերին»։ Սոնյա Սարգսյանը նշում է նաև, որ գյուղական համայնքներում չկան համապատասխան մասնագետներ, և առիթների դեպքում քաղաքից են մարդկանց հրավիրում՝ սեղանի ձևավորման համար։ Այս դասընթացը կօգնի, որպեսզի տեղերում զարգանա նաև ընտանեկան կամ փոքր ու միջին բիզնեսը։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2013թ. hունվարի 1-ի դրությամբ Հայկավան համայնքում կա 284 տնտեսություն՝ 1187 բնակչությամբ, որից 47%-ը տղամարդիկ, 53%-ը՝ կանայք են, բնակչության 49%-ն աշխատունակ տարիքի է: Ինչպես նշում է Հայկավանի բնակչուհի Իրինա Մխոյանը, գյուղում առկա է զբաղվածության խնդիրը։ Նա հույս ունի, որ լրացուցիչ մասնագիտություն և հմտություններ ստանալով՝ կկարողանա դա օգտագործել ինչպես տանը՝ առօրյայում, այնպես էլ՝ գումար վաստակելու համար։ Իրինա Մխոյանը տեղեկացրեց նաև, որ դասընթացի շրջանակներում յուրացրել են ոչ միայն պրակտիկ գիտելիքներ, այլև ազգագրագետն իրենց հետ խոսել է հայկական տարազի, խոհանոցի, ավանդույթների ու սովորությունների մասին։
Նշենք, որ «Նոր հայացք» ՀԿ-ն «Գյուղական համայնքներում ընտանեկան բիզնեսի զարգացմանը նպաստող զբաղվածության խթանում» խորագրով ծրագիրն իրականացնում է ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն